Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ալեն Սիմոնյանը հայցով չի մեկնաբանում կոռուպցիան ինչ է, բայց երբ կոռուպցիոներ ես անվանում, վատ է զգում ու ասում՝ դա զրպարտություն է»

Փետրվար 26,2024 19:22

ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի նստավայրում դատավոր Գագիկ Բալայանի նախագահությամբ կայացավ «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի՝ զրպարտություն պարունակող արտահայտությունների համար ներողություն խնդրելու եւ դրամական հատուցում տալու» պահանջով երրորդ դատական նիստը:

Դատաքննությունն ավարտվեց, դատարանը գնաց որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2024 թվականի մարտի 15-ին՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում:

Դատական նիստի ավարտից հետո հայցվոր կողմի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը արագ հեռացավ եւ հնարավոր չեղավ նրա հետ զրուցել: Իսկ Էդգար Ղազարյանն Aravot.am-ին ասաց. «Դատաքննության այս փուլից առաջ տեղի էր ունեցել ապացույցների բաշխման փուլ: Եվ հետաքրքիր էր, որ հայցվոր կողմը չէր կարողացել ներկայացնել իր հայցը հիմնավորող թեկուզ մեկ ապացույց: Իրենց տեսակետից բացի, թե մեծ կոռուպցիոներ անվանելը զրպարտություն է, այլ ապացույց չեն կարողացել ներկայացնել: Ըստ էության, չեն կարողացել դատարանի պահանջը ներկայացնել: Հետեւաբար, ակնհայտ է, որ դա մերկապարանոց, սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված անմիտ մեկնաբանությամբ հայցադիմում է:

Մասնավորապես, վնասի փոխհատուցում են պահանջում, երբ որ չգիտեն, թե ինչ վնաս է Ալեն Սիմոնյանը կրել: Չեն կարողանում ապացուցել կրած վնասի չափը, դրա դրսեւորման ձեւը: Մեծ կոռուպցիոներ բնութագրումը համարում են զրպարտություն, երբ որ Ալեն Սիմոնյանի փաստաբանը չի կարողանում բացատրել, ներկայացնել կոռուպցիայի էությունը: Այսինքն, իրենք չգիտեն կոռուպցիան ինչ է: Բայց երբ իրենց կոռուպցիոներ ես անվանում, իրենց վատ են զգում, ասում են՝ դա զրպարտություն է: Իսկ քանի որ չգիտեն դա ինչ է, գուցե դա լա՞վ բան է:

Իզուր չէր իմ հարցը, թե Ալեն Սիմոնյանը որպես պաշտոնատար անձ ի՞նչ պետք է աներ, որ կոռուպցիա լիներ, ինչը փաստաբանի կարծիքով չի արել, որովհետեւ Ալեն Սիմոնյանի՝ գործունեությունը կոռուպցիոն դրվագներով այնքան շատ է ու բազմազան՝ գույքի եւ եկամուտների հայտարարագիրը սխալ լրացնելուց սկսած, մինչեւ Երեւանի կենտրոնում բնակարանների, ամառանոցի, ինչպես սեփական կարիքների, այնպես էլ ծառայողական ավտոմեքենաների ձեռք բերում, շրջագայություններ, պաշտոնական դիրքի չարաշահում ընտանիքի անդամների համար եւ այլն: Ու դրվագները գնալով ավելանում են:

Եվ պարզվում է, որ չունենալով կոռուպցիայի մասին տեղեկություններ, փաստացի չապացուցելով, թե ինքը ինչ վնաս է կրել իմ ելույթից հետո, ասում է, որ ես դրա համար պետք է իրենից ներողություն խնդրեմ, հերքեմ այդ տեղեկությունները եւ իրեն էլ մեկ միլիոն դրամ փող վճարեմ:

Ու մի կարեւոր դիտարկում էլ: Ես փաստերը մեջբերելիս հիմնվել եմ բացառապես մամուլի հրապարակումների վրա եւ դրանց հղումներն անելով: Սակայն հետաքրքիր է, որ ըստ «Դատալեքսի»` Ալեն Սիմոնյանը այդ տեղեկություններն ինձնից առաջ հրապարակող աղբյուրներից ոչ մեկին դատի չի տվել ու ընտրողաբար թիրախավորել է ինձ:

Ես կարծում եմ, որ դատարանն այդ դատաքննության ընթացքում իմ ներկայացրած փաստարկները եւ հայցվոր կողմին լսելուց հետո պարզապես որեւէ իրավական հիմք չունի այլ որոշում կայացնել, քան հայցադիմումը ամբողջությամբ մերժելը: Այլ կերպ ասած, ես առողջ արդարադատության ակնկալիք ունեմ: Այսինքն, եթե դատարանը այլ որոշում կայացնի, նշանակում է՝ իրավական ճնշումների ներքո է, որը դրսեւորվել է Ալեն Սիմոնյանի հայցը ներկայացնող փաստաբանական ընկերության ընտրության իմաստով:

Հայաստանում կա երկու հազարից ավել լիցենզավորված եւ ներկայումս գործող փաստաբան եւ մի քանի տասնյակ փաստաբանական ընկերություն: Բայց շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու հարցում Ալեն Սիմոնյանի ընտրությունը հետաքրքիր զուգադիպությամբ կանգնել է «AM» փաստաբանական ընկերության ՍՊԸ-ի վրա, որի 60 %-ի սեփականատերը արդարադատության գործող նախարար Գրիգոր Մինասյանն է, 40 %-ի սեփականատերը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կինը, որն, ի դեպ, հանդիսանում է այդ ընկերության տնօրենը, որի տնօրենը մինչեւ արդարադատության փոխնախարար, այնուհետեւ, նախարար նշանակվելը եղել է նույն ինքը՝ Գրիգոր Մինասյա՞նը:

Ոչ միայն իմ գործով, այլեւ վերջին շրջանում Ալեն Սիմոնյանը դատական հայցեր է ներկայացրել մի շարք լրագրողների, լրատվամիջոցների, հասարակական. քաղաքական գործիչների, ԱԺ պատգամավորի դեմ եւ այդ բոլոր գործերով , ինչպես որ իրենք վարկ տրամադրող 15 բանկերից միայն «Հայէկոնոմբանկի» վարկերից են օգտվում, իր շահերի պաշտպանության հարցերում էլ միայն «AM»-ն է զբաղվում: Այսինքն, նույնիսկ իր շահերի պաշտպանության դրսեւորման մեջ կոռուպցիոն ռիսկ կա: Եվ դա արվում է նրա համար, որովհետեւ մեր երկրի օրենսդրությամբ արդարադատության նախարարը իրավասու է դիմել ԲԴԽ՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ ԲԴԽ-ն միակ լիազոր մարմինն է, որն իրավասու է այդ կապակցությամբ որոշում կայացնել: Այսինքն, տրամաբանությունը հետեւյալն է. գործը տալիս են դատարան, դատական ծախսերը այսպես թե այնպես փոխհատուցվում են, եթե մասամբ էլ հայցը բավարարվի: Այսինքն, նախարարի եւ ԲԴԽ նախագահի ընտանիքները ստանում են դիվիդենտներ, անկախ, թե ինչ չափով է հայցը բավարարվում: Կամ ճնշում են գործադրում քաղաքական ընդդիմախոսների վրա, որ նրանք գոնե ներողություն խնդրեն կամ հերքեն իրենց հաղորդած տեղեկությունները:

Ու բնական է նաեւ, որ ցանկացած դատավոր կարող է որոշակի կաշկանդվածություն ունենալ, որ եթե ինքը արդարադատության շահերից ելնելով առողջ որոշում կայացնի, կարող է հայտնվել այս հիվանդ համակարգի թիրախում: Ի դեպ, Անդրեասյան-Մինասյան զույգը նման երեւույթների մի ամբողջական շարք ունի»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829