Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիստ մտահոգիչ եմ համարում նման քննարկումների առկայությունը և գաղափարի՝ հնարավոր լինելը ՀՀ ղեկավարության մոտ»․ Արաքս Մելքոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային գանգատները հետ վերցնելու հարցով հայտարարությունների մասին

Մարտ 13,2024 16:20

«Խիստ մտահոգիչ եմ համարում նման քննարկումների առկայությունը և առհասարակ նման գաղափարի՝ հնարավոր լինելը ՀՀ ղեկավարության մոտ, քանի որ այդ բոլոր գանգատները, որոնք ՀՀ-ն նախաձեռնել է Ադրբեջանի դեմ, մարդու իրավունքների պաշտպանության համար են իրականացվել, դրանք մարդու իրավունքների խախտումների հիմքով են և մարդու իրավունքների, միջազգային հանցագործությունների նաև պատժման համատեքստում են։ Դրանք պետությանը միջազգային իրավական պատասխանատվության կանչելու նպատակ են ունեցել»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Կհրաժարվի՞ Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից․ ռիսկեր, վտանգներ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնարավոր համարելուն այն, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում հնարավոր է հրաժարվի միջպետական գանգատներից։

Հիշեցնենք՝գանգատները հետ վերցնելու առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել եւ քննարկվում է: Դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ Խաղաղության պայմանագրի դրույթները արդեն իսկ համաձայնեցված կլինեն ու երկու կողմերը պատրաստ կլինեն այն ստորագրելու»:

Ի պատասխան՝ Արաքս Մելքոնյանն հայտարարեց․ «Իրավունքի պաշտպանությունը չի կարող ստորադասվել խաղաղությանը։ Մենք չենք տեսել որևէ գործողություն Ադրբեջանի իշխանությունների կողմից ի պաշտպանություն հայերի իրավունքների՝ հակառակը, բացառապես ատելություն է սերմանվում։ Որևէ դեպքում այս խախտումներից հրաժարումը չի բերելու խաղաղության։ Խաղաղության պայմանագիր կնքելու որևէ նախադրյալ ալիևյան ռեժիմը թույլ չի տալիս։ Մենք շատ երկար ճանապարհ պետք է անցնենք, որ իրական խաղաղություն լինի։ Դա միայն պայմանագրի ստորագրում չի լինելու։ Այն հայատյացության աստիճանն ու քաղաքականությունը, որը վարում է Ալիևը, չի բերելու մեզ մեր իրավունքների պաշտպանության։ Սա իրավունքների պաշտպանության հարց է։ Դա թերևս ամենաինքնիշխան գործողություններից մեկն է եղել ՀՀ-ի՝ դիմել միջազգային ատյաններին, վավերացնել Հռոմի ստատուտը և պաշտպանել սեփական ազգի ու քաղաքացիների իրավունքները։ Այս համատեքստում դրանից հրաժարվելը բերելու է պատերազմական հանցագործությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, անպատժելիության։ Չկա պաշտպանության մեխանիզմ հայ ազգի ներկայացուցչի կողմից իր իրավունքների պաշտպանության Ադրբեջանում։ Պետությունը, դիմելով Եվրոպական դատարան կոլեկտիվ իրավունքների պաշտպանության հայցով, անհատական գանգատներ շատ մարդիկ չեն ներկայացրել։ Եթե պետությունը հիմա հրաժարվում է միակ արդյունավետ մեխանիզմից, որով ինքն է հանձնառել՝ անձանց իրավունքների պաշտպանությունը, ուղղակի փաստի առաջ է կանգնեցնում հարյուր հազարավոր մարդկանց և կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների, ազատության համար անձինք այլևս զրկված են լինելու Եվրոպական դատարան գանգատներ ներկայացնելիս։

Ամենակարևորը, անպատժելիությունն է․ Ադրբեջանը որևէ դեպքում պատասխանատվության չի ենթարկելու իր գեներալիտետին, իր զինծառայողներին․ դա պետական համակարգային քաղաքականության մաս է։ Ես որևէ նախադրյալ չեմ տեսնում։ Կարելի է հենց այս հարցը հղել ՀՀ ղեկավարներին՝ իրենք ի՞նչ նախադրյալներ են տեսնում նման մտքեր առհասարակ ունենալու և, էլ ավելի, դա քննարկելու համար։ Ալիևն այնպիսի հայատյաց քաղաքականություն է որդեգրել, որ ՀՀ-ն է կոչում արևմտյան Ադրբեջան ու ուղիղ նկրտումներ ունի ՀՀ-ի տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանը։ Սա ուղիղ սպառնալիք է մեր պետության գոյությանն ինքնին։ Նման համատեքստում խոսել իրավունքների պաշտպանության համար նախաձեռնված գանգատներից հրաժարվելուց, խիստ վտանգավոր եմ համարում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031