Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա միշտ մոդայիկ էր, տեղյակ՝ մեր քաղաքի  համերգներից եւ առհասարակ ջազային կյանքից». Դավիթ Մելքոնյանը՝ Չիկոյի մասին

Մարտ 15,2024 13:00

«Չիկոյի ջազի ժամը» կմիավորի նրա սաներին, նախագծերի անդամներին ու ջազի մարդկանց

Ապրիլի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ «Չիկոյի ջազի ժամը»  խորագրով, որը նվիրված է հայկական ջազի ակունքներում կանգնած անվանի երաժիշտ, հանրահայտ Chico and Friends ջազային խմբի հիմնադիր եւ ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանի ծննդյան 80-ամյակին: Համերգին հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը (նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ծրագրի գեղարվեստական ղեկավարն է սաքսոֆոնահար, կոմպոզիտոր Դավիթ Մելքոնյանը, բեմադրական մասն իրականացրել է Արամ Սուքիասյանը:

Երաժշտի որդին՝ Հայկ Թութունջյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Չիկոյի հոբելյանական տարում մի քանի միջոցառում է նախատեսվում իրականացնել՝ նպատակ ունենալով վերհիշել նրա անցած ճանապարհը, վերարժեւորել հայաստանյան ջազում Արմեն Թութունջյանի ունեցած դերակատարությունը եւ, իհարկե, այս դժվարին օրերին  ջազի սիրահարների համար կազմակերպել հետաքրքիր ջազային միջոցառումներ: Նա տեղեկացրեց, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Ուլիխանյան ակումբում, որտեղ «Արմ-ստրոնգ-Դիքսի» նվագախումբը՝ շեփորհար Լեւոն Այվազյանի գլխավորությամբ, ներկայացել է  նոր գործիքավորումներով, կատարվել է Արմեն Թութունջյանի հեղինակած ստեղծագործություններից մեկը:


«Այժմ հերթը Արմեն Հյուսնունցի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբինն է, որը ապրիլի 1-ին հանդես կգա շքեղ համերգով: Համերգի երաժշտական ղեկավարը սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանն է, որը մի քանի տարի համագործակցել է Արմեն Թութունջյանի հետ՝ նվագելով Chico and Friends  խմբի կազմում: Հայրս բարձր էր գնահատում Դավիթի տաղանդը: Կարծում եմ՝  շատ խորհրդանշական է, որ տարիներ անց հենց նա է մեր պետական ջազ նվագախմբի առաջատար սաքսոֆոնահարն ու այս համերգի երաժշտական ղեկավարը:

Ինչպես գիտեք, ապրիլն ամբողջ աշխարհում համարվում է ջազի նշանավորման ամիս: Մեզ մոտ եւս ամեն տարի այս շրջանում կազմակերպվում են ջազային համերգներ, փառատոներ, այդ թվում՝ համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Ապրիլի 1-ը նաեւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի ծննդյան օրն է: Այնպես որ, համերգի օրվա ընտրությունը պատահական չէ: Սպասվում է հիանալի ջազային երեկո՝ Չիկոյի սիրելի ստեղծագործություններով, նաեւ իր հեղինակած գործերի նոր մշակումներով: Համերգին մասնակցելու են հայաստանյան ջազի լավագույն ներկայացուցիչները»,-ասաց Հայկ Թութունջյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի մեկ այլ նախագիծ է իրագործվելու, որը նրա ձեւակերպմամբ, շատ կարեւոր է մեր ջազային արվեստի համար, ու ինքը վստահ է, որ հայրը մեծ ոգեւորություն կապրեր այդ առիթով. «Ես նկատի ունեմ հորս  հեղինակած «Ջազը Հայաստանում» գրքի անգլալեզու տարբերակի հրատարակումը: Գիրքը լույս էր տեսել ռուսերեն՝ 2015 թվականին: Հորս մեծ ցանկությունն էր, որ այն թարգմանվեր եւ հրատարակվեր նաեւ հայերեն: Հորս այդ ցանկությունն իրականացավ իր մահից հետո՝ 2017-ին: Այժմ էլ իր կյանքի, թերեւս, ամենանշանակալից ստեղծագործությունը թարգմանվում է ջազի լեզվով՝ անգլերեն: Սա կարեւոր աշխատանք է Հայաստանում ջազային եւ էստրադային երաժշտության պատմության, այդ պատմության դերակատարների, նրանց արվեստը եւ նվաճումները հանրահռչակելու առումով: Գրքի անգլերեն տարբերակի հրատարակման նախագիծը իրականացվում է «Սարեր» հասարակական մշակութային կազմակերպության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ»:


«Առավոտի» հետ զրույցում համերգի երաժշտական ղեկավար Դավիթ Մելքոնյանն Արմեն Թութունջյանին բնորոշեց որպես մասնագիտությանը բծախնդրորեն վերաբերվող եւ պահանջկոտ անձնավորություն, որը այդպես էր վերաբերվում նաեւ ինքն իրեն: «Պետք է ընդգծել Չիկոյի հսկայական դերակատարությունը մեր քաղաքում, մեր երկրում՝ ջազի զարգացման գործում: Նա հսկայական կրթական աշխատանք էր իրականացնում, մի քանի սերունդ թմբկահարներ իր աշակերտներն են եղել: Ջազի տարածմանն ուղղված իր նախագծերը միշտ անխափան գործել են, նա միշտ համերգներ էր կազմակերպում: Chico and Friends-ում երաժիշտների մի քանի սերունդ է նվագել՝  սկսած իմ ծնողների տարիքի երաժիշտներից, իմ հասակակիցներից, վերջացրած երիտասարդներով, որոնք նույնպես հասցրել են Chico and Friends գաղափարի մասնակիցը լինել: Չիկոն կարեւորում էր սերնդափոխությունը, ինքը միշտ զգում էր երիտասարդների հետ առնչվելու պահանջը, նա մոտիվացնում էր երիտասարդներին: Չիկոյի հետ շփվողները կվկայեն, որ նա միշտ մոդայիկ էր, տեղյակ՝ մեր քաղաքում տեղի ունեցող համերգներից եւ առհասարակ ջազային կյանքից: Ցավոք, մեր քաղաքում այնպիսի մարդիկ, ինչպիսին Չիկոն էր,  հեռանում են, եւ իրենց պակասը շատ է զգացվում… »,-ասաց Դավիթ Մելքոնյանը:

Ապա հավելեց. «Չիկոյի հրավերով Chico and Friends-ում  2010-11-ից եմ նվագել, մեր համագործակցությունը շարունակվել է մինչեւ վերջ: Չիկոն ավելի ուշ ուներ եւս մեկ կոլեկտիվ՝ Chicos new trio-ն, մի քանի անգամ նվագել եմ հրավիրյալի կարգավիճակով: Բայց  մինչեւ Chicos new trio-ն, Chico and Friends-ն էր, որտեղ երգում էր իմ կինը՝ Աննա Կոստանյանը, երբ վոկալ էր անհրաժեշտ լինում, իսկ գործիքային տարբերակով ելույթ էինք ունենում հիմնականում՝ կվարտետ, կվինտետ ձեւաչափերով: 2011-2012 թթ., երբ միացա Chico and Friends-ին, փոխարինեցի արտասահման մեկնած սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյանին»:

Ինչ վերաբերում է հոբելյանական համերգին, Դավիթ Մելքոնյանի ձեւակերպմամբ, այն շատ հետաքրքիր կառուցվածք ունի, չկան ձեւական համարներ, չհիմնավորված գեղարվեստական բովանդակություն. «Համերգի կոնցեպտը հիմնված է թմբկահարության եւ Չիկոյի համագործակցությունների վրա: Կլինեն իր թմբկահար սաները եւ մեր նվագախմբի հրաշալի թմբկահար Արման Մնացականյանը: Համերգին մասնակցելու է 3 թմբկահար եւ մի շարք հյուրեր՝ այդ թվում Chico and Friends-ի կամ այլ նախագծերի անդամներ, մարդիկ, որոնք երբեւէ նվագել ու երգել են Չիկոյի հետ: Ծրագրում առաջին անգամ հնչելու են Չիկոյի 2 ստեղծագործություններ, որոնք հատուկ այս համերգի համար մշակվել են մեր ջազային նվագախմբի համար, մշակումներն արել են դաշնակահար Կարեն Գրիգորյանը եւ կոնտրաբասահար, կոմպոզիտոր Դեյվ Գյոդակյանը:

Մի շարք ջազային ստանդարտներ կհնչեն՝ եւ վոկալ, եւ գործիքային տարբերակներ, ստեղծագործություններ, որոնք Չիկոյի հետ էլ ենք նվագել: Ամբողջ ծրագիրը լինելու է ջազ նվագախմբով: Համերգին կլինի  3 ստեղծագործության նվագախմբային պրեմիերա: Ինչպես արդեն նշեցի, համերգը կառուցված է հյուրերի եւ թմբկահարության շուրջ»:

«Առավոտի» հետ զրույցում ի թիվս այլնի՝ Արամ Սուքիասյանն էլ հայտնեց, որ սովորաբար նման հոբելյանական համերգներին մասնակցում են հեղինակավոր իմիջ ունեցող երեւանյան ջազմեններ, սակայն այս անգամ ավելի շատ երիտասարդների են ներգրավել, բնականաբար, կան նաեւ հեղինակավոր հյուրեր: «Կմասնակցեն մեր նշանավոր մի քանի գործիչներ եւս՝ Լեւոն Մալխասյանը եւ Մարտին Վարդազարյանը, կհնչեն ինչպես համաշխարհային նշանակության դասական դարձած ջազային գործեր, այնպես էլ մի քանի հայ հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում՝ Չիկոյի հեղինակած ստեղծագործություններից: Կլինեն 3 թմբուկներով համարներ, ծրագիրը կուղեկցվի որոշ տեսանյութերով, անդրադարձ կարվի Հայաստանի ջազին վերաբերվող իր շտեմարանին, հոբելյանին եւ հոբելյանին բնորոշ անսպասելի լուծումներով տեսանյութեր կլինեն:

Զգացողությունները, որ հասարակությունն ունի Չիկոյի նկատմամբ, չենք ցանկանա, որ փոփոխվեն, նույնիսկ իր «Ջազ թայմ» հաղորդաշարի տրամաբանությունը կլինի բեմում»,-ասաց մեր զրուցակիցը: Արամ Սուքիասյանը Չիկոյին բնորոշեց որպես բանիմաց արվեստագետ, բարձրակարգ երաժիշտ եւ հրաշալի բանախոս: Անդրադարձավ իրենց շփումներին, մասնավորապես այն փուլին, երբ Արմեն Թութունջյանի «Ջազ թայմը» տեղափոխվել էր «Արարատ» մշակութային ալիք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Չիկոյի որդին՝ Հայկ Թութունջյանը

«Առավոտ» օրաթերթ
14.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031