Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ մարդիկ են, ովքեր Ռուսաստանից, ըստ էության, փախել են, իրենք դժվար թե Պուտինին ընտրեն». քաղաքագետ

Մարտ 17,2024 16:14

Այսօր շարունակվում են Ռուսաստանում նախագահական ընտրությունները, որոնք մեկնարկել են մարտի 15-ից: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահի ընտրությունների համար 5 ընտրատեղամաս է գործում․ Հայաստանում ու համացանցում արդեն տարածվել են լուսանկարներ, թե որքան երկար է ձգվում Երեւանում ընտրատեղամասի հերթը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասաց. «Այստեղ մարդիկ են, ովքեր Ռուսաստանից, ըստ էության, փախել են, իրենք դժվար թե Պուտինին ընտրեն, միեւնույն ժամանակ դա իրենց մոտ սեփական քաղաքական հանրույթի պատկանելիության ցուցիչ է, որ հեռացել ենք ՌԴ-ից, բայց մեզ համար միեւնույն չէ, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Չեմ կարծում, որ այդ մարդիկ Պուտինի ընտրազանգվածն  են, եթե նրա ընտրազանգվածն էին, խի՞ էին փախչում ՌԴ-ից»:

Արեգ Քոչինյանը վստահ է, որ ՌԴ-ում ընտրությունների արդյունքում ոչինչ չեն կարող փոխվել. «Դրանք ընտրություններ են՝ նախապես հայտնի արդյունքներով»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ քաղաքագետն ասաց. «Ես մի քիչ չեմ կիսում այս ամբողջ ոգեւորությունը կամ հիասթափությունը, որ կա մեզանում, թե մենք գնում ենք հակառակ կողմ, որովհետեւ դեռ ոչ մի բան չկա, կա մի քանի հայտարարություն: Որեւէ գործողություն, որպես այդպիսին, չկա: Իսկ եթե չկա գործողություն, ավելորդ է խոսել, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեզ համար, որքանով է ռիսկային եւ այլն: Հայտարարությունների նկատմամբ լինում են հայտարարություններ, գործողությունների նկատմամբ լինում են գործողություններ: Ես չեմ ասում՝ մեր վերաբերմունքը ճիշտ է, թե ճիշտ չի, պարզապես չկա այն, ինչի մասին մեզ մոտ այդքան ակտիվ քննարկում են: Մարդիկ կան, իրենց սուր ելույթներից այնպիսի տպավորություն է, որ հեսա ԵՄ ենք մտնում ու մինչեւ վերջ եվրաինտեգրացիա ենք ունենալու»:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին, նրա խոսքով՝ դա պետք է դիտարկել ՀԱՊԿ-ի նկատմամբ ընդհանուր քաղաքականության մեջ. «Դա այլեւս կարող է կոչել քայլ առ քայլ դեինտեգրացիայի քաղաքականություն ՀԱՊԿ-ի նկատմամբ, որն, իմ կարծիքով, ճիշտ է: Բայց կառավարությունը ոչ մի գործողության չի դիմել, հասարակությունը, քաղաքական գործիչները, փորձագետները բոբիկացել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031