Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախօրոք պլանավորումն արդեն բացահայտ է դառնում. աշխարհաքաղաքական ուժերը պայմանավորվել էին, որ Հայաստանը պետք է դառնա տրանզիտ հյուրանոց, եւ կա Արեւմուտքի կոնսենսուսը»

Մարտ 18,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

– Տիկին Սեդրակյան, իշխանությունները խոսում էին «խաղաղության դարաշրջանի» մասին, բայց վերջին շրջանում արդեն հայտարարում են, որ Ադրբեջանը կարող է լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը՝ հաշվի առնելով Բաքվից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքների վերաբերյալ, ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե պատրաստ են նոր գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Այսինքն՝ հասարակությանը երկար ժամանակ մոլորեցրե՞լ են, ասում էին՝ Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք։

– Հիբրիդային պատերազմը մի քանի դեմք ունի։ Իրականում հիբրիդ պատերազմների մեջ մտնում են նաեւ պայմանավորված պատերազմները, մտնում է նաեւ այն համակարգը, որն իր մեջ տեղավորում է ինֆորմացիոն պատերազմը, հատուկ շանտաժի պատերազմը եւ, իհարկե, ներքին դիսկուրսի պատերազմը։ Ի սկզբանե պարզ էր, որ 2018 թվականին ինչ փաթեթավորվել ու հրամցվել է մեզ՝ իբրեւ անբեկանելի ճշմարտություն, կլինի դա ժողովրդավարության հաղթանակ, մարդու իրավունքների հաստատում, կլինի դա նախկիններին պատժելը, հայտարարությունները հաղթական պատերազմի մասին՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» կամ թեկուզ վերջին հայտարարությունները՝ «խաղաղության պայմանագրի» մասին, դրանցից յուրաքանչյուրը եղել են ոչ միայն բացահայտ խաբեություն, այլ նաեւ նախօրոք պլանավորված եւ որոշված իրավիճակային վատթարացում։ Ընդ որում, այդ նախօրոք պլանավորումն արդեն բացահայտ է դառնում օր օրի, որ աշխարհաքաղաքական ուժերը պայմանավորվել էին, որ Հայաստանը պետք է դառնա ուղղակի տրանզիտ հյուրանոց բազմաթիվ ուժերի հետ, եւ կա Արեւմուտքի կոնսենսուսը, հակառակ դեպքում թույլ չէին տա Արցախի հայաթափումը։ Եվ այդ լուռ կոնսենսուսի եւ պայմանավորվածության ներքո անհրաժեշտ էին մարդիկ, որոնք կկարողանային իրագործել այդ ծրագիրը՝ առանց բնակչության հակազդեցությունն առաջացնելու։

Իսկ հակազդեցությունն ինչպե՞ս են լռեցնում, դա բարոյազրկումն է։ Բարոյազրկման բազմաթիվ ճանապարհներ կան, եւ այդ բոլոր ճանապարհները գաղափարական դիվերսիաների ձեւով են ներկայանում։ Այսինքն՝ հիմնական դիսկուրսների խեղում։ Հիմնական դիսկուրսները դրանք այն դիսկուրսներն են, որոնք պետությունը պահում է իբրեւ գաղափարական միավոր։ Այն է՝ կրթությունը, հայրենիքի կոնցեպտը եւ կրոնական բաղադրիչը։ Եվ այդ բոլորը խեղելուց հետո առաջ է գալիս ընդամենը հարուստների եւ աղքատների մարքսիստա-բոլշեւիկյան դիսկուրս, այսպես կոչված՝ նախկինների եւ այսօրվանների։ Եթե նախկինների ու այսօրվանների դիսկուրսը համեմատենք, կտեսնենք, որ սա ընդամենը աղքատների պատերազմ է հարուստների դեմ, բայց աղճատված։ Էլի հերթական աղճատումն է, ինչպես հասկացությունների նենգափոխումը։ Ինչպես հիմա պարզ է դառնում, որ «խաղաղության պայմանագիրը» պատերազմ է, այնպես էլ աղքատների պատերազմը հարուստների դեմ ուղղակի վերջանում է հարուստների՝ էլիտաների փոփոխությամբ, որովհետեւ հեղափոխությունները, որպես կանոն, եղել են ոչ թե իրավիճակային բարելավման համար, այլ եղել են էլիտաների փոփոխության եւ նոր էլիտաների առաջացման ու հարստացման համար։

Բայց էլիտաներն ունենում են տարբեր աշխարհաքաղաքական միսիաներ։ Եթե նախկին էլիտայի աշխարհաքաղաքական միսիան դա ռուսական ֆորպոստ լինելն էր տարածաշրջանում, ապա ընդհանուր աշխարհաքաղաքական փոփոխության, Ռուսաստանի դիրքի ու նպատակների փոփոխության հետ պետք է փոխվեր նաեւ հայկական էլիտան։ Ես չեմ ասի, որ նախկին առաքելությունն առանձնահատուկ լավն էր, բայց այդ նախկին առաքելության շրջանակներում Արցախի կոնցեպտը տեղավորվում էր։ Իսկ նոր ռուսաստանյան իրողությունների համատեքստում չկար Արցախի պահպանումը, կար Թուրքիայի հետ ընդհանուր ճանապարհների կանխագծում ուկրաինական պատերազմի համատեքստում։ Պարզ է, որ այդ ամենն ընթանում էր Ռուսաստան-Արեւմուտք պլանավորված ծրագրից առաջ։ Եվ կարող էր լինել մեկ այլ բան, ինչը եղավ Ուկրաինայում։ Ուկրաինայում եղավ էլիտաների տոտալ անհամաձայնություն աշխարհաքաղաքական պլանավորման հետ, դրա համար փոխվեց վարքի վեկտորը։ Իսկ մեզ մոտ եղավ էլիտաների տոտալ համաձայնություն այդ աշխարհաքաղաքական խիստ անբարենպաստ վեկտորի հետ։ Եվ դեռ ավելին, տեղի ունեցավ ժողովրդական կարծիքի բացարձակ հարմարեցում, մանիպուլացում, վարժեցում, հիասթափություն։ Եթե ուշադիր նայենք, Հայաստանում այսօր ո՞ր վայրերն են լեփ-լեցուն՝ մեկը մշտական արտագաղթի կենտրոնները, մյուսը՝ հիվանդանոցները։

Տրանսպորտի սակագինը թանկացավ, նախկինում դրա դեմ պայքար էր գնում, բայց հիմա սակագինը բարձրացել է, եւ մենք զարմանում ենք, որ ոչ մի ծպտուն չենք հանում։ Գիտեք՝ ինչո՞ւ ծպտուն չենք հանում, որովհետեւ իրականում ժողովուրդը շատ մեծ հույսեր էր դրել էլիտաների փոփոխության վրա եւ արդեն հաջորդ էլիտաների փոփոխությանը նա չի հավատա։ Չի կարելի հայ ժողովրդին այդպես հեղինակազրկել ու ասել, որ մենք շատ վատն ենք։ Ոչ, մենք լավագույն ցանկություններով ոտքի կանգնեցինք եւ սոցիալական անարդարությունների դեմ, եւ օրհասական կռվի ժամանակ։ Բայց եթե բոլոր տեղերում տարբեր միջոցառումներով ժողովրդի ազնիվ մղումները խեղդվում են, դեռ ավելին, ազնիվ մղումների համար մարդիկ պատժվում են, նրանք, իհարկե, կընկնեն երկարաժամկետ ապատիայի ու էմիգրացիայի տակ։

– Դրանո՞վ է բացատրվում այն, որ այսօր շատ է հնչում հարցադրումը՝ երկիր ենք կորցնում, ինչո՞ւ են մարդիկ լուռ համակերպվում, չեն ընդվզում։

– Իհարկե, դա հոգեբանորեն բացատրելի է։ Երբ վարակը գալիս է դրսից, օրգանիզմը պայքարում է այդ վարակի դեմ, բայց եթե վարակը ներսից է, երբ օրգանիզմը ներսից է փտում, շատ դժվար է հայտնաբերել։ Քաղցկեղն ինչպե՞ս է զարգանում, օրգանիզմն ուղղակի չի հայտնաբերում, որ դա վնասակար բջիջ է։ Այդպես էլ այժմյան իրավիճակն է, ազգն էլ ունի իր ինքնապաշտպանական իմուն համակարգը, եւ այդ իմուն համակարգը հիմա անջատվել է, դա բնական է։

– Հետեւաբար, ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում։

– Այս իրավիճակի ելքը ես տեսնում եմ հետեւյալ կերպ՝ Հայաստանի այլընտրանքային էլիտաների ձեւավորում, եթե այդպիսիք կան եւ չեն մտնում ռուսական խաղի մեջ։ Ցավոք, մեր այլընտրանքային ուժերը դարձյալ փորձում են ռուսների հետ ինչ-որ պայմանավորվածության գալով՝ ինչ-որ բանի հասնել՝ չհասկանալով, որ խնդիրն անձնական գործոնների մեջ չէ։ Աշխարհաքաղաքական վեկտորը փոխվել է, իսկ եթե աշխարհաքաղաքական վեկտորը փոխվում է, պետք է փնտրել այլ լուծումներ։ Եվ եթե այլընտրանքային էլիտաները ձեւավորվեն, համախմբվեն ու փորձեն փնտրել դիվանագիտական-քաղաքական այլ լուծումներ, բայց շատ արագ ու շատ կազմակերպված, գուցե ինչ-որ բան հնարավոր կլինի անել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031