Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանալեզու ԶԼՄ-ներում Արցախի, նրա բնակիչների վերադարձի թեման չի սպառվել. «Եթե նորից անտեսենք, հնարավոր է նոր ցեղասպանության մեղսակից դառնանք». «Ազգ»

Մարտ 21,2024 11:56

 Գերմանալեզու ԶԼՄ-ներում Արցախի, նրա բնակիչների վերադարձի թեման չի սպառվել: Ավելին՝ գալիք օրերին նոր միջոցառումներ են նախատեսված:

Մարտի 19-ին ավստրիական «Կուրիերը» Հայաստանի մասին գովազդատեղեկատվական հոդված է հրապարակել՝ կցելով զբոսաշրջային մի փաթեթ, որի մեջ ընդգծված են Վարդավառի, խորովածի եւ գինու փառատոնային օրերը: «Հնադարյա մշակույթ, հիասքանչ բնություն եւ հումորով մարդիկ», այսպես է սկսում «Փոքր երկիր՝ մեծ անակնկալներով» վերնագրյալ հոդվածը լրատուն, առավելաբար ներկայացնում Հայաստանը՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն, որի բնակչության առավել քան 92 տոկոսը Հայ եկեղեցու հավատավորներ են, նշում ՅՈՒՆեՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս կազմող եկեղեցիների, Դիլիջանի, Գառնիի քարերի սիմֆոնիայի, Սեւանի, Արարատի մասին: Համեղ ծիրանի, այլ պտուղների, Արարատ անվանյալ դաշտավայրը Հայաստանի, նույնանուն ձյունապատ բիբլիական լեռը՝ 1922-ից Թուրքիայի սահմանում է, նշում է թերթը: (Բնականաբար նույնիսկ հպանցիկ ակնարկ  չկա բովանդակազուրկ՝ Արարա՞տ, թե՞ Արագած «ընտրությանը»):

Նույն օրվա գերմանական առցանց «Ֆոկուսը» Հայաստանի մասին իր հոդվածն այսպես է վերնագրել՝ «Ապագայում Մոսկվայի փոխարեն Բրյուսե՞լ. Հայաստանը հրաժարվում է ռուսական վճարային համակարգից և խորհում է ԵՄ-ին անդամակցելու մասին»: Մոսկվան շարունակում է մեկուսացված լինել, գրում է թերթը, ծանուցելով, թե ռուսական RBC գործակալության տվյալների համաձայն, հայկական բանկերի մեծ մասը ծրագրում է չընդունել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտեր: «Ֆոկուսը» սույն տեղեկությունը հրապարակել է՝ հղում տալով  Newsweek  հանդեսին: Visa-ն և Mastercard-ը դադարեցրին իրենց գործունեությունը ՌԴ-ում ուկրաինական պատերազմի պատճառով, իսկ փետրվարին ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց պետական վճարային քարտերի ազգային համակարգի նկատմամբ, որը «Միր» համակարգի օպերատոր է: Սա մեծացրել է «Միր» քարտերի դերը Ռուսաստանում՝ դարձրել համաշխարհային վճարային համակարգերի այլընտրանք: «Հայաստանը կարծես ավելի է հեռանում Մոսկվայից, ԵՄ-ին անդամակցելու մտորումներն ավելանում են, գրում է առցանց «Ֆոկուսը»՝ հիշեցնելով թուրքական TRT-ին Արարատ Միրզոյանի տված հարցազրույցը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի France 24-ին եթերում ՀՀ-ի ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման մասին հայտարարությունը: Կրեմլի կոշտ անդրադարձը գերմանական լրատուն ներկայացնում է դրա «սպասարկու» Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը մեջբերելով՝ հատուկ շեշտելով «քարոզիչ» Սիմոնյանի հայկական ծագումը: Վերջինս զգուշացնում է, որ եթե հայ ընտրողները շարունակեն աջակցել Փաշինյանին, «5 տարի հետո Հայաստան չի լինի»:

Մարտի 17-ին «Վատիկան նյուզը» գրում է հայկական վանքերի մասին, նշում, որ  վանական իրական կյանք Հայաստանում չկա:  Զբոսաշրջիկներն այցելում են, աշխուժություն կա, սակայն վանքերից ոչ բոլորը հոգեւոր սպասավոր ունեն: Հոդվածն առավելաբար կենտրոնանում է սուրբ Գրիգոր Լուսավորչի հիմնած սուրբ Գեղարդի վանական համալիրին: Այստեղ հոգեւոր ծառայություն է մատուցում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի քարտուղար Պարույր Ավետիսյանը: 35-ամյա Հենրիկ Առաքելյանի մկրտությունն է վանքում, հյուրերը բազմաթիվ են, ինչը հուշում է նաեւ՝ մարտահրավերները շատ են, սակայն հայերի կապը եկեղեցու հետ ամուր է:

Շվեյցարական «Բլիքը» մարտի 17-ին «Պետք է խստացնենք խոսքը» հոդվածում անդրադառնում է այն փաստին, որ դաշնության արտգործնախարար Կասսիսը Ադրբեջանի հարձակումից հետո ականջալուր չի եղել իր երկրի՝ ՀՀ-ում դեսպանի խորհրդին, թե պիտի հստակ հայտարարությամբ հանդես գա: Հոդվածագիրը հիշեցնում է, թե 2023-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ Հայաստանին սատարող հստակ ձեւակերպումներով հայտարարություն արեցին ԳԴՀ  եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները, իսկ Շվեյցարիան բավարարվեց «խիստ մտահոգություն» հայտնելով՝ Ադրբեջանի հարձակման մասին դատապարտող բառեր չհնչեցնելով: Հայաստանի հարցով Կասսիսի ամենակոշտ քննադատներից պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալթերմաթթը, որ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահն է, «վրդովված է, որ արտգործնախարարը քծնում է Ադրբեջանին», իսկ «նրա ղեկավարած կառույցը միտումնավոր նվազեցնում վտանգը»: «Շատ վատ է, որ աշխարհը հետամուտ չեղավ եւ հայերն իրենց բնօրրանից բռնագաղթի ենթարկվեցին, ասում է պատգամավորը եւ աններելի համարում, որ Շվեյցարիան անտեսում է Հայաստանի գոյաբանական սպառնալիքը, վտանգված լինելու մասին նախազգուշացումները: «Եթե նորից անտեսենք, հնարավոր է նոր ցեղասպանության մեղսակից դառնանք», շվեյցարական «Բլիքին» փոխանցում է Մյուլլեր-Ալթերմաթթը՝ Շվեյցարիայի առանձնահատուկ պատասխանատվության մասին հիշեցնելով: Նրա դիտարկմամբ, «իր երկիրը հումքի առեւտրի կարեւոր կենտրոն է, ուր Ադրբեջանը ՌԴ-ի հետ ֆինանսավորում է իր ագրեսիվ քաղաքականությունը, իսկ մենք ենթարկվում ենք այդ նավթառատ պետությանը»:

Լուսանկարում` Գերմանական հեռուստատեսության վավերագրությունից է նկարը՝ Ադրբեջանը գրավեց Արցախը, որի հանքերի շահառու են նաեւ գերմանացիները:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031