Լրահոս
Օրվա լրահոսը

Բուսաբանական այգում ծառեր են հատվում, ասֆալտ է արվել․ ահազանգում են տարածքի բնակիչները

Մարտ 22,2024 17:01

«Իմ մտահոգությունն այն է, որ երբ անցնում ես Ծարավ Աղբյուր փողոցով, նկատում ես, որ Բուսաբանական այգու այս կողմում ծառեր են հատված, որոնք բավականին լավ վիճակում գտնվող ծառեր էին, այսինքն՝ չորացած չէին։ Հիմա այգու այդ հատվածը շինհրապարակի է վերածվել։ Aravot.am-ի հետ զրույցում ահազանգեց Երևանի բնակիչ, Բուսաբանական այգուն հարող թաղամասի բնակիչ Արմինե Խառատյան-Մարգարյանցը։


Նա հիշեց՝ նույնիսկ այն վատ տարիներին այգու աշխատակիցները պատմում էին, որ ամեն հնարավորն արել են, որպեսզի այնտեղից մի ծառ չպակասի։

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Բուսաբանական այգու 30 հա տարածք հատկացվել է «Կյանքի պուրակի» կառուցման համար։ ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Երբ հողատարածք էինք փնտրում, մեզ ասվեց, որ Երևանի Բուսաբանական այգում մոտ 30 հա ամայի տարածք կա, որը չորացել է ժամանակի ընթացքում չխնամելու բերումով: Հետո այս քննարկումների ընթացքում պարզվեց, որ իրականում ամբողջ Բուսաբանական այգին կամ դրա մեծ մասն է այդ վիճակում, ինչն անակնկալ էր մեզ համար: Մենք հասկացանք, որ իրականում, «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով, պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին և ծրագրի մասշտաբներն ընդլայնենք: Եվ մոտավորապես մեկ ամիս առաջ նախագծի քննարկում է տեղի ունեցել, նախագծի ընդհանուր կոնցեպտուալ մոտեցման վերաբերյալ կարծես որոշակի եզրակացության եկել ենք: Բայց այդ ընթացքում պարզվեց, որ անկախ այդ ամենից՝ կա ջրագիծ անցկացնելու խիստ անհրաժեշտություն, որովհետև Բուսաբանական այգում ոռոգման խնդիր կա: Մենք որոշեցինք սա իրականացնել շուտափույթ, այսինքն՝ առաջնային կարգով և հույս ունենք, որ հնարավորինս արագ այդ աշխատանքը կսկսվի»։

Aravot.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Ծարավ Աղբյուր փողոցի, Բուսաբանական այգու հետևի մուտքի հատվածում, որտեղից բնակիչները կարող էին էլեկտրոնային քարտերը լիցքավորելով մուտք գործել այգի, այժմ աշխատանքներ են կատարվում։ Ծառեր են հատվել, արդեն երևում են շինության հիմքերը։ Մի հատված էլ ասֆալտապատվել է։

Անձրևային եղանակի հետ կապված թերևս այս պահին աշխատանքներ չեն իրականացվում, մի քանի անգամ տարածք այցելելով՝ այնտեղ աշխատակիցների չնկատեցինք։ Սակայն առաջիկայում կհետևենք աշխատանքներին և այլ մանրամասներ կներկայացնենք։

Արմինե Խառատյան-Մարգարյանցը մեզ ասաց, որ ինքն էլ է փորձել պարզաբանում ստանալ, հետաքրքրվել, իրեն փոխանցել են, թե ամբողջը շինթույլտվությամբ է կատարվում․ «Ինձ ասացին, որ հանձնաժողովը տվել է համաձայնություն, հաստատել է, որ այդ ծառերը հատման ենթակա են։ Ինձ փոխանցել են, որ պետք է կառուցվի 200-ից ավելի մեքենայի համար ավտոկայանատեղի, շինհրապարակի աշխատակիցներն ասացին, որ նաև լողավազան, ռեստորանային համալիր, երեխաների համար խաղահրապարակ կլինի։ Ինձ ասացին՝ ինչո՞ւ ես անհանգստանում կգաք, այստեղ լավ ժամանակ կանցկացնեք և այլն։ Վերևում հուշակոթող է լինելու։ Ինչքան ես եմ պատկերացնում՝ հուշակոթողը վերևում է լինելու։ Դա լինելու է Զեյթունի կողմից, բայց մինչ այդ մեր հատվածից մինչև վերև բավականին մեծ տարածք է, ամբողջը մաքրել են։ Ամեն անգամ անցնելիս տեսնում եմ՝ առողջ ծառեր են հատված»։

 

Քաղաքացին հիշեց, թե ինչպես ծառերը հատվեցին Կենտրոնում, թե ինչ հանձնաժողով էր եզրակացություն տվել, կասկածելի էին այդ հանձնաժողովի մասնագիտական կարողությունները․ «Հիմա ասում են՝ ոռոգման ջրագիծ են կառուցելու, շատ լավ, ասում են հուշակոթող են կառուցելու, շատ լավ, խոսք կար, որ ծառեր պետք է տնկվեին, ծառերը բերվել էին, ի պահ էին տրվել չգիտեմ՝ որտեղ։ Մինչ այսօր չեմ տեսել, որ ծառեր են տնկում, այս պահին միայն քանդում են։ Կարծում եմ՝ ավտոկայանատեղին ուղղակի բիզնես պրոյեկտ է, որն օգտագործվելու է դիմացի էլիտար բարձրահարկ շենքերի բնակիչների համար։ Ավելին, շրջանառվում է, որ դա հողի ամենաթանկ հատվածն է, բնականաբար հետո այդ տարածքը ոչ թե անտառ պուրակի, այլ ուրիշ ծրագրերի համար են օգտագործելու։ Անունը դնում են բարեկարգում, ասում են՝ մացառուտներ էին, պետք է բարեկարգվի, բայց մացառուտը բարեկարգելու համար կարիք կա՞ ասֆալտ անել։ Բարեկարգելու համար ենթադրվում է պետք է ծառ տնկել կամ ոռոգման համակարգը բարելավել։ Որպես այս տարածքի բնակիչ, ամեն անգամ կողքով անցնելիս սիրտս ցավում է․ ինչպես են փչացնում այգին»։

 

Մեր տեսախցիկը ֆիքսեց, որ փակցված ցուցանակի վրա նշված է՝ ծրագրի պատվիրատու՝ Երևանի քաղաքապետարան, շինարարական կազմակերպություն՝ «ԲԻԼԴԵՐ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ, տեխնիկական վերահսկում՝ «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՍՊԸ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031