Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցր աղջկա քաղցր կյանքը

Ապրիլ 01,2024 12:30

16-ամյա Էլեն Հարությունյանը 6 տարի է՝ ունի շաքարային դիաբետ։ Կարծրատիպերի դեմ պայքարելու համար նա մի օր որոշում է ստեղծել սեփական բիզնեսը եւ իրազեկել մարդկանց էկո պայուսակների վրա գրված եւ նկարազարդած պատկերների միջոցով։ Նա ներկայումս սովորում է Երեւանի հենակետային բժշկական քոլեջի մանկաբարձական գործ բաժնի 2-րդ կուրսում։ Էլենը սիրով պատասխանել է մեր հարցերին:

– Իսկ ինչո՞ւ հենց բժշկական քոլեջ որոշեցիր ընդունվել։

– Մանկուց երազել եմ բժիշկ դառնալու մասին։ Իսկ շաքարային դիաբետն օգնեց ինձ վստահ լինել մասնագիտական կողմնորոշման մեջ:

– Իսկ ծնողներդ համակարծի՞ք էին քո որոշման հետ։

– Ծնողներս իմ ցանկացած որոշման հետ միշտ համակարծիք են եւ ամեն հնարավոր ձեւով աջակցում են ինձ։

– Իսկ ինչպե՞ս ես տեղեկացել շաքարային դիաբետի մասին։

– 10 տարեկան էի, ունեի թոքաբորբի սիմպտոմներ եւ բուժում էի ստանում դրա դեմ։ Հերթական այցի ժամանակ բժշկուհին նկատեց շուրթերիս կապույտ երանգը եւ հասկացավ, թե ինչ է կատարվում։ Շտապ չափեցին գլյուկոզս, որը 21.7 էր, որն էլ վկայում էր շաքարային դիաբետ ունենալու մասին։

– Հետաքրքիր է, որ հենց դա հանդիսացավ մոտիվացիայի աղբյուր՝ ստեղծելու սեփական բիզնես…

– Շաքարային դիաբետի մասին տարածվող շատ-շատ կարծրատիպեր կան, իսկ ես ու իմ քաղցր ընկերները փորձում ենք կոտրել դրանք։ Բիզնեսի գաղափարն էլ ծագեց հերթական անգամ այդ կարծրատիպերից մեկին բախվելուց հետո։ Այնուհետեւ բիզնեսը վերածվեց իրազեկման մի նոր ճանապարհի։

– Իսկ ի՞նչ ես կարծում՝ որքանո՞վ են այսօր մարդիկ տեղեկացված դիաբետի մասին:

– Շաքարային դիաբետի իրազեկմանը նպաստող մի շարք դասընթացներ ու եղանակներ կան հիմա։ Օրինակ, «Կաթիլ» բարեգործական հիմնադրամը պարբերաբար շաքարային դիաբետի մասին դասընթացներ է անցկացնում բուժքույրերի եւ բժիշկների հետ։ Ես նույնպես իմ համայնքում դասընթացներ եմ անցկացնում ու իրազեկում մարդկանց դիաբետ ունեցողի աչքերով։ Սոցիալական հարթակում իմ՝ դիաբետ ունեցող ընկերները նույնպես բարձրաձայնում են դիաբետի մասին։ Չնայած մեր իրազեկման տարբեր եղանակներին՝ Հայաստանում բավականին ցածր է իրազեկվածության մակարդակը։ Իսկ մարդկանց մոտեցումն էլ լրիվ կախված է իրազեկվածությունից։

– Խնդրում եմ՝ մի փոքր պատմիր էկո պայուսակների արտադրման պրոցեսի մասին եւ  թե ե՞րբ ես առաջին անգամ այն վաճառել։

– Էկո պայուսակները արտադրվում են Հայաստանում։ Դիզայնը ստեղծում եմ ես, էկո պայուսակները կարում է մայրս։ Ամբողջ ընտանիքս մասնակցում է արտադրման, առաքման գործընթացին։

Երբ արդեն տեղադրեցի այն հոլովակը, որը պատմում է էկո պայուսակների մասին, րոպեներ անց գրանցեցի առաջին վաճառքս։ Էկո պայուսակներն ունեն իրազեկող, կարծրատիպեր կոտրող դիզայն։ Ներկա պահին առկա են «Շաքարային դիաբետ» եւ «ՔաղԾր խոխեք» պայուսակները։

Օրինակ, «Շաքարային դիաբետ» պայուսակն իրազեկում է այն մասին, որ նախընտրելի է կիրառել շաքարային դիաբետ տերմինը, շաքարախտի փոխարեն։ Իսկ «ՔաղԾր խոխեքն» ունի այնպիսի պատկեր, որտեղ աղջիկը ներարկվում է ինսուլին։ Մարդիկ տեսնելով պայուսակների պատկերները, կարդալով միտքը, հաջորդ անգամ, երբ կտեսնեն ինսուլին ներարկվող աղջկա, կընդունեն դա նորմալ, հաջորդ անգամ, երբ խոսեն շաքարային դիաբետից, կխուսափեն օգտագործել շաքարախտ տերմինը։

– Ինչո՞ւ հենց «Քաղծր խոխեք»։

– Շաքարային դիաբետ ունեցող անձանց արյան մեջ գլյուկոզի քանակը տատանվում է։ Դրա համար հաճախ ասում ենք, որ մենք՝ դիաբետ ունեցողներս ավելի քաղցր ենք։ Ես էլ հաճախ իմ դիաբետ ունեցող ընկերներին դիմում եմ «քաղցր» անվամբ։

Իսկ ինչու «ՔաղԾր խոխեք», որովհետեւ Արցախի բարբառը շատ կարեւոր է պահել։ Պայուսակներիցս մեկն անվանել  Արցախի բարբառով՝ իմ փոքր ներդրումն է այդ կարեւոր գործում։ Առաջիկայում կունենանք պայուսակների նոր տեսականի, նախատեսում ենք ունենալ թերմո-պայուսակներ, որոնք նախատեսված են ինսուլինը նորմալ ջերմաստիճանում պահպանելու համար։

Հարցազրույցը վարեց

Վարդիկ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930