Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ չտալ հակառակորդներին ոգեշնչվել ու ոգեւորվել

Ապրիլ 05,2024 11:30

«Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների». Փարիզի ու Վաշինգտոնի կարեւոր արձանագրումը

Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, եւ թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անվերահսկելի է դառնում։ Սա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի արձանագրումն է, որը նա արեց օրերս Փարիզում` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե իբր վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում եւ փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում: Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր եւ կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում COP29-ից վեց ամիս առաջ»,- հայտարարել է Սեժուրնեն:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, այսպիսով, Փարիզում օրերս քննարկել են Հայաստանի տարածքային ամբողջականության թեման։ Սեժուրնեի խոսքով՝ նրանք մտահոգ են Ադրբեջանի հռետորաբանությամբ: Եվ ամենակարեւոր արձանագրումը` պաշտոնական Բաքուն զբաղված է կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի վրա է բարդում էսկալացիայի պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ Բլինքենը Ֆրանսիա էր ժամանել Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ ապրիլի 5-ին նախատեսված է իր, Եվրահանձնաժողովի նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը։ Պաշտոնական Բաքուն, որը խիստ դժգոհ է այս հանդիպման կազմակերպմամբ` վերջին օրերին անցել է տեղեկատվական գրոհի` ընդդեմ Հայաստանի. հայկական բանակին մեղադրում են սահմանի տարբեր հատվածներում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային եւ կրակային այլ միջոցների «կուտակումներ եւ ակտիվ տեղաշարժեր իրականացնելու» մեջ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ի պատասխան՝ մի քանի անգամ հերքեց Բաքվի պնդումներն, ընդգծելով, որ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում, միեւնույն ժամանակ արձանագրվեց. «ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ եւ միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը»:

Ինչպես Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ իրատեսական գնահատականի դեպքում, այնպես էլ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների առիթով Ադրբեջանն անմիջապես արձագանքեց: Պաշտոնական Բաքուն «անհիմն» որակեց ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները եւ կոչ արեց Փարիզին` «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»:

Այդ մեղադրանքները, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում, «տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու եւ խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի հերթական ակնհայտ օրինակն են»: Բաքվի պնդմամբ՝ «ադրբեջանական հողերը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ պահած Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը վկայում է, թե որքան կեղծ էր Ֆրանսիայի վարած քաղաքականությունը թե՛ նրա միջնորդության շրջանում, թե՛ 44-օրյա պատերազմից հետո»: Ադրբեջանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարել «Հայաստանին լայնորեն վերազինող եւ տարածաշրջանում միլիտարիզմը խրախուսող» Ֆրանսիայի կողմից Բաքվին ագրեսիվ հռետորաբանության մեջ մեղադրելը: «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը որպես Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) կազմակերպիչ, պատասխանատու դեր է իրականացնում, մենք համարում ենք, որ Ֆրանսիայի եւ ամբողջ աշխարհի համար ավելի շահեկան է խուսափել երկրի իմիջի խաթարմանն ուղղված եւ մեր նախագահությունը թիրախավորող նման կոչերից», – հայտարարեց Բաքուն:

Առհասարակ, Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտող Ֆրանսիայի նկատմամբ Բաքվի ջղաձիգ պահվածքը պետք է ցուցիչ լինի պաշտոնական Երեւանի համար, թե ինչպիսին են Ադրբեջանի իշխանությունների պատկերացումները Հայաստանի հետ «խաղաղություն հաստատելու օրակարգի» շրջանակներում: Ինչպես պաշտոնական Բաքուն է անմիջապես հակադարձում Ֆրանսիայից հնչած հայանպաստ դիրքորոշումներին, պաշտոնական Երեւանն այդկերպ արձագանքո՞ւմ է Բաքվի ծավալապաշտական հայտարարություններին ու ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության իրականացված գործողություններին… Ո՛չ: Մինչդեռ ՀՀ իշխանությունները պետք է ամրացնեն հայկական կողմի դիրքորոշումները` ընդդեմ ՀՀ-ի պետականության ու ինքնիշխանության ցանկացած ոտնձգության: Հակառակ դեպքում, ադրբեջանական կեղծիքն առավել հնչեղ է դառնում, քան` հայկական ճշմարտացիությունը, իսկ դրա արդյունքում` Ալիեւն իրեն ավելի ազատ է զգում:

Մեր տարածաշրջանի նկատմամբ Արեւմուտքի ուշադրության, Հայաստանի վերաբերյալ սթափ դիրքորոշումների առումով այս փուլը պաշտոնական Երեւանի համար բավական բարենպաստ է: Դրանից պետք է օգտվել, դա է արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը, որի մասին ՀՀ իշխանությունները վերջերս հաճախ են խոսում: Ոչ միայն արտաքին-քաղաքական, այլեւ` անվտանգային, ռազմական ուղղություններով դիվերսիֆիկացիա` երկկողմ պայմանագրերով, համաձայնագրերով:

Հայաստանի ուղերձը գործընկերներին մեկը պետք է լինի` այն երկրները, որոնք պաշտպանում են ՀՀ տարածքային ամբողջականությունը, նրանց հետ հարաբերությունները խորացվելու են` բոլոր ուղղություններով: Եվ այդ քաղաքականությունը չի խոչընդոտում Հայաստանի «ռազմավարական դաշնակցի», հարեւանների հետ հարաբերություններին: Ընդհակառակը, նրանք, ովքեր դժգոհ են Հայաստանի եւ այլ երկրների միջեւ թարմացող հարաբերությունների մակարդակից` թող ապացուցեն, որ Հայաստանը իրենց համար նույնպես տարածաշրջանում կարեւոր պետություն է եւ ունի իր շահերը:

Ուշագրավ տեղեկություն օրերս ստացվեց տարածաշրջան կատարած մի այցելության մասին: Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին տարածաշրջանային այցով ժամանել էր Երեւան, Թբիլիսի եւ Բաքու: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ` ԱՄՆ-ի հատուկ բանագնացի տեղակալը Երեւան կատարած իր այցի ընթացքում հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի եւ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ: X-ի էջում կատարած գրառումից տեղեկանում էինք. «Երեւանում բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի եւ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման եւ Հայաստանի տնտեսական եւ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման վերաբերյալ հարցեր»:

Թբիլիսիում ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալը հանդիպել է արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի եւ մասնավոր հատվածի հետ, նշված է իր X հարթակի էջում: Նա հայտնել է. «Արդյունավետ հանդիպումներ ունեցա Թբիլիսիում արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի եւ մասնավոր հատվածի հետ Իրանի, մարդու իրավունքների եւ պատժամիջոցների շարունակական կիրառման կարեւորության վերաբերյալ»:

Իսկ ահա Բաքվում ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, եւ բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Իր գրառման մեջ պաշտոնյան հայտնել է. «Արդյունավետ քննարկումներ եմ ունեցել Բաքվում Հիքմեթ Հաջիեւի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադայի եւ բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ Իրանի, պատժամիջոցների կիրառման եւ տարածաշրջանի մասին»: Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում Աբրամ Փեյլին հանդիպել է նաեւ Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հետ, որից հետո ուշագրավ նրբերանգներով տեղեկություն է հաղորդել: Ըստ «Ամերիկայի ձայնի», Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալը X-ի գրառման մեջ մասնավորապես նշել է. «Բաքվում հիանալի քննարկում ունեցա Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ մեր սերտ համակարգման շուրջ՝ միտված լուծելու տարածաշրջանում իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի վերաբերյալ մտահոգությունները: Անչափ ուրախալի է լսել Ադրբեջանի հետ Իսրայելի պատմական եւ մշակութային կապերի մասին»:

Հայաստան-Իրան` խիստ կարեւոր նշանակության հարաբերություններին պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան չպետք է խոչընդոտի: Թե՛ Թեհրանում, թե՛ այլ երկրների մայրաքաղաքներում պաշտոնական Երեւանի քաղաքականությունն` ուղղված մեր երկրի ինքնիշխանությանն ու անվտանգության ապահովմանը, չպետք է որեւէ կասկած հարուցեն:

Երկու շաբաթ առաջ Երեւանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մի հայտարարություն բավական աղմուկ էր բարձրացրել, երբ նա նշեց, թե Ռուսաստանի սկսած պատերազմն Ուկրաինայում հիշեցնում է, որ խաղաղությունը պետք է գնահատել, ապա ողջունեց, իր ձեւակերպմամբ, Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։ Պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ Հայաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ, եւ ահա այդ ֆոնին Ստոլտենբերգը Երեւանում նկատել էր. «Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ եւ բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, բայց այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, եւ ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»: Թե ավտորիտար ո՞ր երկրները կարող են ոգեշնչվել Ռուսաստանի օրինակից Մոսկվայի հաջողության դեպքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չէր մանրամասնել։

Մեր օրինակով, սակայն, իրականությունն այն է, որ Ադրբեջանի ավտորիտար իշխանությանը, որը ոչ միայն «ոգեշնչվել» է, այլեւ` «գլուխը կորցրել է» 44-օրյա պատերազմի արդյունքներից` իրեն նվիրված Արցախով, չպետք է թույլ տալ, որպեսզի Հայաստանի նկատմամբ նա նույն քաղաքականությունը վարի: Այստեղ է, որ Հայաստանը պետք է դաշնակիցներ փնտրի ու գտնի, որը չի հակասում «խաղաղության օրակարգին» հավատարիմ մնալու սկզբունքին: Այստեղ է, որ Հայաստանը որեւէ զիջման չպետք է գնա:

Իսկ բոլոր նրանք, որոնք ընտրել են ավտորիտար Ադրբեջանի եւ անսպասելի «հաղթանակներից» «գլուխը կորցրած» Ալիեւի ռեժիմին` Հայաստան պետության համար պետք է, առնվազն, անվստահելի լինեն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930