Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտությունների ազգային ակադեմիան՝ լուծարումից հինգ րոպե առաջ

Ապրիլ 05,2024 12:00

Ամսի երեքին մասնակցեցի ՀՀ ԳԱԱ Ընդհանուր ժողովին, որը հրավիրված էր օրախնդրի շուրջ. փորձել միասնական մերժում ձեւավորել կառավարության կողմից ոչ համագործակցային ռեժիմով մշակված Ակադեմիական քաղաքի մեջ բուհերի եւ ակադեմիական ինստիտուտների՝ կլաստերներում միավորման կոնցեպտի նկատմամբ։ Վերջում ընդունվեց այդ մերժման դիրքորոշումն արտահայտող հայտարարություն. ակադեմիկոսներն իրենց պարտքը կատարած համարելով ցրվեցին տարբեր ուղղություններով, իսկ ինձ մոտ վերջնական համոզմունք ձեւավորվեց, որ Ակադեմիան այն տեսքով, ձեւով եւ կարգավիճակով, որով կա այժմ, այլեւս կենսունակ չէ։

Եվ ահա թե ինչու.

Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն Գիտությունների ազգային ակադեմիան ունի ընդամենը կառավարության կցորդի կարգավիճակ։ Հանրային ընկալման մեջ այն ամրագրված է իբրեւ չինովնիկական մի կառույց (հատկապես՝ ԳԱԱ Նախագահությունը), որի ներկայացուցիչները պետական պաշտոնյաներին հավասարեցված ֆունկցիոներներ են ընդամենը: Կրկնում եմ՝ սա հանրային ընկալման տեսանկյունից։ Նման ընկալման արդյունքում Ակադեմիան զրկվել է հանրային որեւէ աջակցության դրսեւորումից, քանի որ եթե վեճը գնում է չինովնիկական տարբեր կառույցների միջեւ, ապա հանրությունն այստեղ անելիք չունի։ ՀՀ ներկայիս կառավարության ցուցադրական արհամարհանքը ԳԱԱ նկատմամբ (որի վկայությունն էր ոլորտի պետական պատասխանատուների բացակայությունը Ընդհանուր ժողովին) նույնպես պայմանավորված է Ակադեմիայի նկատմամբ հանրային որեւէ աջակցության բացակայությամբ։

Գործող նորմերն ու կարգավորումները հակոտնյա են գիտությանը եւ ակադեմիական մշակույթին բնորոշ ազատության անքննելի արժեքին. եթե Ակադեմիան կցորդ է, որին կարող են վերապահվել պետական կառավարման մարմնի լիազորություններ, ապա այդ տիրույթում չի կարող գերիշխել ակադեմիական ազատությունը, ազատ միտքն ընդհանրապես, գերիշխելու է քծնանքը, ֆինանսական կախյալ վիճակը, դրանով պայմանավորված՝ չինովնիկին հաճոյանալու վարքագիծը եւ այլ նմանատիպ, ոչ ակադեմիական երեւույթներ։ Այս ամենն արտահայտվեց նաեւ վերոհիշյալ հայտարարության տեքստում, որտեղ հարգարժան ակադեմիկոսները մեկ տողով, այնուամենայնիվ, ընդգծեցին կառավարության կողմից մշակված կոնցեպտի «ընդհանուր առմամբ»՛ դրական լինելը՝ չնայած իրենց իսկ խոսքերով գաղափար չունեն այդ կոնցեպտի նրբություններից, քանի որ հրավիրված չեն եղել որեւէ պաշտոնական քննարկման։ Աբսուրդի ժանրից է, երբ Ակադեմիան արդեն մոտ ինը տարի է, ինչ չի կարող կազմակերպել նոր անդամների ընտրություններ՝ ընդամենը կառավարության կողմից համաձայնություն չունենալու պատճառով։ Էլ ի՞նչ անկախ, անաչառ եւ ազատ ակադեմիական տիրույթի մասին կարող է լինել խոսքը։

Գործող, հին ավանդույթներով պայմանավորված մոդելը, համաձայն որի՝ Ակադեմիայի հիմնադիրը պետությունն է՝ ի դեմս կառավարության, ակադեմիական ինստիտուտների հիմնադիրը կառավարությունն է, իսկ ԳԱԱ-ին վերապահված են դրանց կառավարման լիազորությունները, իրեն ամբողջապես սպառել է։ Օրենքի այն դրույթը, որով Ակադեմիան կառավարության պաշտոնական խորհրդատուն է գիտության զարգացմանը վերաբերող հարցերում, բացարձակապես կորցրել է իր իմաստը. հենց ժողովի ժամանակ ակադեմիկոսները տարակուսում էին, թե ինչո՞ւ կառավարությունը «չի լսում» այդ խորհուրդները, արհամարհում է դրանք, ինչպե՞ս ապահովել օրենքի այդ նորմի կատարումը, «ստիպել» կառավարությանը անսալ այդ արժեքավոր խորհուրդներին։ Ասողին լսող է պետք, իսկ եթե լսողը չկա՝ ասելն անիմաստ է դառնում։ Իսկ լսողը չկա դարձյալ նույն պատճառով. Ակադեմիան չունի հասարակական աջակցություն։ Լինելով ըստ էության պետական կառավարման համակարգի մի մաս, այն միաձուլվել է պետության հետ, իսկ հանրության մտածող մասը մշտապես քննադատական վերաբերմունք ունի ցանկացած պետության եւ դրա ցանկացած կառույցի հանդեպ։ Ի դեպ, կառավարության լռությունը Ակադեմիայի կողմից ներկայացած առաջարկությունների մասով, Ակադեմիայի անդամներին հարցին վերաբերող աշխատանքային խմբերում չընդգրկելը, քննարկումներին հրավեր չուղարկելը եւ այլն ակնհայտ ցուցիչ են մեկ բանի. կառավարությունը պատրաստվում է Ակադեմիայի լուծարմանը, քանի որ նորից նույն օրենքով ունի նման լիազորություններ։ Համոզված եմ նաեւ, որ նշված Ընդհանուր ժողովի կողմից կարծես միաձայն ընդունված հայտարարությանը սպասում է նույն՝ արհամարհված լինելու ճակատագիրը։

Եվ ուրեմն՝ ի՞նչ անել։ Կա մի հին ճշմարտություն, որին կարծում եմ՝ Ակադեմիայի սթափություն ունեցող անդամները պետք է հետեւեն: Եթե կա մի գործընթաց կամ իրադրության զարգացման որոշակի ընթացք, որը հնարավոր չէ կանխել կամ չեզոքացնել, եւ որին հնարավոր չէ դիմակայել, այն պետք է փորձել գլխավորել։ Ի՞նչ նկատի ունեմ.

Ակադեմիայի արմատական վերափոխումը պետք է նախաձեռնի եւ իրականացնի հենց Ակադեմիան։ Եվ սկսել պետք է նոր օրենքի մշակումից, որով կազդարարվի նոր իրավական կարգավիճակ ունեցող Ակադեմիայի ստեղծումը, որը, սակայն, կհայտարարվի ՀՀ ԳԱԱ ամբողջական իրավահաջորդ։ Նոր ակադեմիայի հիմնադիրներ պիտի լինեն բացառապես ակադեմիկոսները, անհատ անձինք։ Որեւէ ենթակայական կապ կառավարության հետ պետք է ուղղակի բացառվի։

Ակադեմիայի եւ ակադեմիական ինստիտուտների հաշվեկշռում առկա շենքերը, շինությունները եւ գույքը հայտարարվում են անօտարելի հանրային սեփականություն, որի օգտագործումը եւ շահագործումը այլ նպատակներով օրենքի ուժով արգելվում է։ Այստեղ շատ սկզբունքային է չշփոթել պետական սեփականության հետ (կառավարությունը հակվածություն ունի նույնականացնելու այս երկու հասկացությունները, մինչդեռ դրանք էականորեն տարբեր են. հանրայինը շատ ավելի լայն հասկացություն է, հանրայինը կարող է դառնալ պետական՝ միայն հանրության կողմից ստացված համապատասխան լիազորության դեպքում)։

Պետության կողմից ներկայումս բոլոր ակադեմիկոսներին եւ թղթակից-անդամներին ողորմության տեսքով վճարվող պատվովճարների համակարգը պիտի լուծարվի։ Պատվովճար, այն էլ զգալիորեն ավել գումարային արտահայտությամբ կարող են ստանալ միայն խորը ծերության հասակում հայտնված եւ/կամ առողջական խնդիրներ ունեցող, գիտության մեջ անվերապահ ավանդ թողած եզակի գիտնականները՝ ակադեմիայի ներկայացմամբ։

Ակադեմիան պարտավոր է հայտարարել իր կողմից կառավարվող գիտության այն հստակ ուղղությունները, որոնց՝ միջազգային չափանիշներին համապատասխանելիության համար պատրաստ է կրել հանրային պատասխանատվություն։ Ակադեմիան պարտավոր է նաեւ բոլոր հայտարարված ուղղություններով ապահովել բուհական համակարգի լիարժեք ընդգրկումը գիտական գործընթացին՝ հստակ նախանշված ժամկետներում իրականացնելով ակադեմիական եւ բուհական համակարգի մերձեցման գործընթացը։ Այո, այս գործընթացի համար ամբողջական պատասխանատվություն պիտի կրի հենց Ակադեմիան, այլ ոչ թե չինովնիկությունը։

Պետության կողմից գիտության ֆինանսավորումը թե՛ բազային, եւ թե՛ թեմատիկ ձեւաչափերով պետք է շարունակվի տարեցտարի ավելացող չափաբաժիններով՝ երկրի ՀՆԱ նկատմամբ, եւ այս դրույթը նույնպես անհրաժեշտ է ամրագրել օրենքում։

Հսկայական եւ խորքային վերափոխում պիտի ապրի հասարակական գիտությունների ոլորտը. ներկայիս աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումներն ուղղակի հրամայական են դարձնում բացարձակ նոր, ժամանակի խնդիրներին համապատասխանող կոնցեպտների մշակումը, պատմության քննադատական վերլուծությունը, ազգային ու պետական գաղափարախոսության ըստ էության նորովի ստեղծումը։ Այս հարցում պետությունն ունի առաջնային մանդատ եւ պատասխանատվություն, պետական պատվերը պետք է ձեւավորվի եւ հանրությանը ներկայացվի ամենայն մանրամասնությամբ՝ խուսափելու համար այնպիսի ամոթալի իրավիճակներից, ինչպիսին ստեղծվեց վերջերս մի դպրոցական դասագրքի շուրջ։ Ակադեմիական հասարակագիտության թշվառության ամենավառ արտահայտությունն է նաեւ այն, որ ամբողջ երկրում գտնվեց միայն մի քարտեզագետ, որին «ձեռքից ձեռք» են փախցնում լրատվամիջոցները՝ պարզաբանելու համար այն խճճված իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ պետական սահմանների շուրջ։

Այս ամենը պիտի իրականացվի մեկ պարտադիր իմպերատիվի գիտակցմամբ. գործող օրենքում առկա, ՀՀ ԳԱԱ-ն լուծարելու կառավարության լիազորությունը հակաօրինական եւ հակասահմանադրական է։ Ակադեմիան, որպես հանրային արժեք եւ հանրության կողմից վերահսկվող կառույց, ունի տասնամյակներով ձեւավորված առանձին իրավասուբյեկտայնություն, որը չի կարող չեղարկվել չինովնիկական որեւէ որոշմամբ, միջազգային իրավունքն այստեղ լայնորեն պաշտպանվելու հնարավորություններ է տալիս Ակադեմիային, որի կազմում կարծեմ կա կամ առնվազն պիտի լինի իրավագիտության ինստիտուտ (փիլիսոփայության, սոցիոլոգիայի հետ չգիտես ինչու միացված՝ он же Гоша, он же Жора հայտնի ֆիլմի մոտիվներով), որի գոյությունը ընդհանրապես չի զգացվում։

Ահա այսպիսի մտորումներ՝ Ակադեմիայի լուծարումից «հինգ րոպե առաջ»։

ԲԱ՛ՐՁՐ ՄՆԱՑԵՔ։

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
05.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Խիստ արդիական, չափված-ձևված առաջարկություններ են, բայց այս խորամանկ կառավարությունը փորձելու է պառակտել մեր ակադեմիկոսներին, նրանցից մի քանիսին խոստումներ տալով իր կողմը գրավել և փորձել սկսել նաև Ազգային Ակադեմիայի քանդումը։ նիկոլը քանդելուց բացի ուրիշ ոչնչի ընդունակ չի, ուստի մեր ակադեմիկոսները պետք է լեթարգիական քնից արթնանան և տեր կանգնեն մեր ԳԱ Ակադեմիային։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930