Լրահոս
Օրվա լրահոսը

Պաթոսի մեջ որեւէ վատ բան չկա

Ապրիլ 10,2024 14:30

Ինչպես կիրառել «պաթոս-էթոս-լոգոս» եռամիասնությունը հասարակական կյանքում

«Մեզ պաթոսախեղդ մի՛ արեք»՝ այդպիսի կոչերով են հանդես գալիս ներկայիս իշխանության կողմնակիցները, երբ խոսքը գնում է հայրենիքի, Արցախի, հայոց պատմության, Մասիս սարի եւ այլ բաների մասին: Պաթոսը նրանց համար ինչ-որ անկապ բաժակաճառ է, որը հնչեցվում է զուտ քաղաքական նպատակներով: Չնայած իրենք բավականին կրքոտ պաթոսով են խոսում «նախկինների թալանի», «5-րդ շարասյան» եւ «ինքնիշխան պետության» մասին:

Այդ առիթով ես հիշեցի «պաթոս-էթոս-լոգոս» արիստոտելյան եռամիասնությունը: Հույն փիլիսոփան դա կիրառում էր հռետորաբարության մեջ՝ նշելով, որ լսարանի վրա պետք է ազդել էմոցիոնալ մակարդակով («պաթոս»), հեղինակությունների ձեւակերպած բարոյական նորմերը մեջբերելով («էթոս»), ինչպես նաեւ բանական փաստարկներով («լոգոս»):

Փորձենք այդ եռամիասնությունը տարածել հասարակակական գործընթացների վրա:

Երբ աշխատում են զուտ էմոցիոնալ խթանները, որոնք, ի դեպ, հրաշալիորեն օգտագործում են պոպուլիստները («հանուն արդարության եւ հավասարության», «ընդդեմ հարուստների»), ապա դրանից ոչ մի լավ բան դուրս չի գալիս: Այդ հուզական պոռթկումները պետք է սահմանափակվեն էթիկական նորմերով, որոնք ձեւավորվում են անձնավորված եւ չանձնավորված հեղինակություններով:

12-րդ դարում հոգեւոր ուսուցիչ Ֆրանցիսկոս Ասիզցին՝ ղեկավարվելով Տիրոջ հեղինակությամբ, նրա օրինակով հրաժարվեց սեփականությունից եւ հիմնեց չքավոր վանականների միաբանություն: «Էթոսի» ծայրահեղ, բայց շատ ուսանելի դրսեւորում:

20-րդ դարի սկզբին, նույն «դերային մոդելն» ընդօրինակելով, կոմս Լեւ Տոլստոյը լքեց իր կալվածքը եւ գնաց անհայտ ուղղությամբ: Հանճարեղ գրողի այդ քայլը միանշանակ չի ընկալվում: Մի քանի տասնամյակ անց մեկ այլ հանճար՝ Բոբբի Ֆիշերը, շախմատային թագը նվաճելուց մի քանի տարի հետո, որոշեց թափառականի կյանք վարել եւ ձերբակալվեց ոստիկանության կողմից: 1960-ականների վերջում արեւմտյան մի շարք երկրերում երիտասարդները լքեցին իրենց ընտանիքները (ժամանակավորապես) եւ «հիփիների» համայնքներ ստեղծեցին։

Էթիկական նորմերի մեջ կարեւոր է, որ դրանց հետեւորդները լինեն հնարավորինս անկեղծ եւ առաջնորդվեն իրենց ներքին էությամբ, այդ նորմերը, այսպես ասած, բխեն իրենց սրտից: Հակառակ դեպքում դրանք «պաթոսային կենացների» են նմանվում:

19-րդ դարի երկրորդ կեսի ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը (չշփոթել պուտինյան քարոզչի հետ) զգուշացնում էր արտաքին հեղինակությանն ապավինելու վտանգի մասին. «Ով ուզում է ընդունել կյանքի իմաստը որպես արտաքին հեղինակություն, դա ավարտվում է նրանով, որ որպես կյանքի իմաստ ընդունվում է սեփական կամայականությունների անիմաստությունը»:

Իսկապես, եթե կա կեղծ, շինծու «պաթոս», ապա գոյություն ունի նաեւ այնպիսի երեւույթ, ինչպիսին է «կեղծ էթոսը», որը կարելի է հասկանալ, որպես սեփական անհեթեթ վարքի կամ մտքերի հիմնավորումը իրական կամ կեղծ հեղինակությամբ: Մանավանդ հիմա, երբ կան հեղինակության միլիոնավոր «աղբյուրներ», հեշտ է գտնել մի «հեղինակություն», որը հաստատում է քո գլխում ծագած կամ «օդում պտտվող» ցանկացած ցնդաբանություն. «էն օրը ֆեյսբուքում եմ կարդացել»:

Եվ այստեղ օգնության է գալիս բանականությունը, այդ թվում՝ նույն Արիստոտելի ձեւակերպած տրամաբանության օրենքները: Սա այն գործիքն է, որը զսպում է «պաթոսախեղդ» հույզերը եւ միայն արտաքին հեղինակությամբ պայմանավորված էթիկական նորմերը: Բայց առանց նախորդ երկու բաղադրիչների, զուտ բանական, պրագմատիկ լուծումները անձնական ու հասարակական մակարդակով բերում են տեսլականի կորուստի եւ աննպատակ, անիմաստ դեգերումների:

Արիստոտելի «Հռետորաբանության» մեջ նշված մարդկային, հասարակական մոտիվացիայի երեք ձեւերն էլ կարեւոր են, եւ հնարավոր չէ ասել, թե որն է գալիս «սկզբից», իսկ որը՝ «հետո»: Երեքն էլ պետք է գոյություն ունենան միաժամանակ՝ իրար լրացնելով եւ, կարելի է ասել, «մաքրելով»: Հայաստանում երեքի խիստ դեֆիցիտ կա: Ընդ որում, պայքարը «պաթոսի» եւ «էթոսի» դեմ («պաթոսախեղդ մի՛ արա», «կորչե՛ն հեղինակությունները») ուղղակիորեն հարվածում են «լոգոսին»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930