Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Վաշինգտոն-Բրյուսել հետնաբեմային բանակցությունների խորքերը

Ապրիլ 11,2024 12:00

Հայաստանում «աշխատավարձով» քաղաքականությամբ զբաղվող «հայրենասերներին» հետաքրքրող միակ թեման դարձյալ «փողն» է` «էդքան փող է, հա՞, Արեւմուտքը տալի՞ս ընդամենը…»

Սկիզբը՝ այստեղ:

Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան հանդիպման վերաբերյալ Վաշինգտոնից եւ Բրյուսելից Իլհամ Ալիեւի հետ կայացած հեռախոսազանգերից բացի, եղան հայտարարություններ, որոնք Ադրբեջանի նախագահին պետք է հուշեին, որ նրա իշխանությանն անհանգստացնող հանդիպումներ, բանակցություններ այսուհետ նույնպես կարող են լինել, եւ որեւէ մեկը պարտավոր չէ բացատրություններ տալ նրան:

«Չեմ կարծում, որ մենք պետք է համոզենք կամ հավաստիացումներ տանք Ադրբեջանին այսօրվա հանդիպման վերաբերյալ», – հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ արձագանքելով Ալիեւի հայտարարությանը, որը նա արել էր Թուրքիայի նախկին արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ Բաքվում կայացած հանդիպմանը, երբ նշեց, որ չնայած ԱՄՆ-ի եւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ կայացած վերջին օրերի հեռախոսազրույցներում փորձել էին համոզել, որ այդ հանդիպումը ուղղված չէ Ադրբեջանի դեմ, բայց իրենք գիտեն, որ այն «Ադրբեջանի դեմ է եւ դեմ է Հարավային Կովկասում համագործակցությանը» եւ որ «այն բաժանարար գծեր է ստեղծելու եւ Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ ունի»:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանում չեն հավատում Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հավաստիացումներին, Օ’Բրայենն արձագանքել է. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է համոզենք կամ հավաստիացումներ տանք Ադրբեջանին այսօրվա հանդիպման վերաբերյալ, մենք շատ հստակ ասել էինք, թե ինչ մտադրություն ունենք այս հանդիպումով, եւ այս հանդիպումը հենց այն էր, ինչի մասին նախօրոք հայտարարել էինք, եւ վստահությունը հենց այդպես է կառուցվում, երբ մեկն անում է այն, ինչ ասում է: Մենք շատ բաց ենք եւ քննարկում ենք մեր ծրագրերը տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի անակնկալներ չլինեն: Կարծում եմ՝ Ձեր հարցը պետք է Ադրբեջանին ուղղել: Մեր տեսակետն այն է, որ մենք աջակցում ենք այն ընտրությանը, որն արել է Հայաստանի ժողովուրդը, եւ կշարունակենք աջակցել այնպես, որ խաղաղություն եւ անվտանգություն կապահովի ամբողջ տարածաշրջանում»:

Բաքու-Անկարա կտրուկ ընդվզումներին զուգահեռ, Մոսկվան էլ իր դժգոհությունն ու մտահոգությունները հայտնեց բրյուսելյան հանդիպման կապակցությամբ։ Ռուսաստանից ասել էին՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը «վերածում են հայ ժողովրդի հիմնարար շահերին հակասող հավաքական Արեւմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»: Նման գնահատական հնչեցրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Օ՛Բրայենը Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ նշել էր. «Ռուսաստանը պատմական դերակատարություն ունի Հայաստանում եւ Հարավային Կովկասում, եւ հույս ունեմ, որ կաջակցի նաեւ Հայաստանի ընտրությանը՝ գնալու ժողովրդավարական բարեփոխումների եւ տնտեսական բարգավաճման ուղղությամբ: Մենք գիտենք, որ սա շարունակվող երկխոսություն է Երեւանի եւ Մոսկվայի միջեւ, բայց մի բան շատ հստակ է, եւ դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է: Մենք կարծում ենք՝ պետք է աջակցել ու հարգել այդ որոշումը»: «Տարածաշրջանում մենք տեսնում ենք Ռուսաստանի ապատեղեկատվական ջանքերը, մեդիա տեղեկատվական մանիպուլյացիաները սպասելի են, մենք տեսանք՝ շահարկումներ եղան նաեւ այսօրվա հանդիպման վերաբերյալ, թե ինչի մասին է այդ հանդիպումը կամ ինչի մասին չէ: Հանդիպումը հստակ Հայաստանի ժողովրդի քաղաքական ընտրությանն աջակցելու միջոց է, եւ այն նաեւ քաջալերում է տարածաշրջանային խաղաղ տնտեսական ինտեգրացիան, մի բան, որ Հայաստանի կառավարությունն է ցանկանում, բայց նաեւ Ադրբեջանի ղեկավարությունն էլ է ասել, որ դրան հետամուտ կլինի», հավելել էր նա:

Ու մինչ Բաքուն ու Անկարան գրեթե հիստերիա էին բարձրացրել, իսկ Մոսկվայից կոշտ հակազդեցություն էին ի ցույց դնում, ադրբեջանական լրատվական մի կայք, որն ամբողջապես իշխանական վերահսկողության տակ է գտնվում, եւ իշխանության տեղեկատվական արտահոսքն է ապահովում` «Caliber.az»-ը, ապրիլի 3-ին մի ծավալուն հոդված հրապարակեց, որում «առարկայական» անդրադարձ էր կատարվում, թե ինչ պայմանավորվածություններ են պատրաստվում ձեռքբերվել Բրյուսելում` 2 օր անց, հետնաբեմային բանակցությունների արդյունքում:

Հանուն արդարության փաստենք, որ ի տարբերություն հայաստանյան քաղաքական, փորձագիտական դաշտի, որոնք բրյուսելյան հանդիպումը չափում են բացառապես Արեւմուտքից Հայաստանին հատկացվելիք գումարների կտրվածքով, Ադրբեջանում ձեւավորված հիստերիայի ֆոնին, փաստորեն, առավել ուշագրավ ուղղություններով դիտարկվեց բրյուսելյան հանդիպումն ու դրա համատեքստում Հայաստանի անվտանգային դիվերսիֆիկացիայի հեռանկարները:

Այսպես, «Caliber.az»-ը` «Ի՞նչ է խոստանում Բրյուսելի հանդիպումը» հոդվածում «բացառիկ տեղեկություններ» էր հրապարկել, հղում կատարելով իր «հավաստի աղբյուրներին»: Ապրիլի 5-ի հանդիպման անցկացմամբ Երեւանի` եվրատլանտյան ինտեգրացիայի շրջանակներում քաղաքական, տնտեսական, ռազմական եւ հումանիտար օգնության ծրագրի հաստատում է սպասում, որն աննախադեպ է ԱՊՀ երկրների պատմության մեջ` որպես անվտանգության ապահովում։ «Կիբերտարածության մեջ համագործակցության ոլորտում կողմերը պլանավորում են գործարկել՝ ԱՄՆ-Հայաստան եւ ԵՄ-Հայաստան կիբեր երկխոսության ձեւաչափը։ Այս ձեւաչափը դառնալու է նաեւ հարթակ կիբեր սպառնալիքների եւ ճգնաժամային ենթակառուցվածքների պաշտպանության հարցերում կանոնավոր խորհրդակցությունների համար։ Երեւանը արեւմտյան գործընկերների օգնությամբ մտադիր է ուժեղացնել համակարգչային միջադեպերին արագ արձագանքման խմբերի հնարավորությունները։ Այս քայլը փաստորեն կարող է հանգեցնել Հայաստանի համացանցային եւ ՏՏ ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության փոխանցմանը` արեւմտյան գործընկերներին։ Դրա հետ մեկտեղ, հիբրիդային եւ կիբեր սպառնալիքների դեմ պայքարում եվրոպացիները Երեւանին կառաջարկեն՝ համագործակցել Ռազմավարական հաղորդակցությունների եվրոպական օպերատիվ աշխատանքային խմբի՝ «STRATCOM»-ի հետ»։

Հաջորդը` էներգետիկ ոլորտն է: «Էներգետիկ անվտանգության ոլորտում Վաշինգտոնն ու Բրյուսելը մտադիր են աջակցել Հայաստանին` Մեծամորի ատոմակայանի շահագործման ավարտից հետո։ Հանդիպմանը Երեւանին կխոստանան նոր ատոմակայանի կառուցման համար ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից տեխնոլոգիաների, սարքավորումների եւ ֆինանսական ռեսուրսների մատակարարում։ Բացի այդ, Փաշինյանի կառավարությունը շահագրգռված է՝ Հայաստանում էներգոկուտակիչների եւ մոդուլային միջուկային ռեակտորների տեղակայմամբ։ Հարկ է նշել, որ անցած տարեվերջից Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ արդեն՝ միջուկային էներգետիկայի շուրջ շրջանակային համաձայնագրի՝ այսպես կոչված «Համաձայնագիր 123»-ի կնքման հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացվում։ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն նախատեսում են նաեւ՝ Փարիզյան համաձայնագրի դրույթների համապատասխան աջակցել Հայաստանի անցմանը «կանաչ» էներգետիկային եւ օգնություն ցուցաբերել վերականգնվող էներգիայի զարգացման մեջ՝ ներդրումներ կատարելով արեւային եւ հիդրոէլեկտրակայանների շինարարության մեջ»։

Հաջորդ կետը վերաբերում է պաշտոնական Երեւանի`«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Ըստ ադրբեջանական իշխանական ռեսուրսի` «Երեւանին եվրոպական աջակցության առանցքային տարրերից մեկը կլինի հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ընդգրկումը՝ գլոբալ մասշտաբով առեւտրի եւ ներդրումների զարգացման եւ ենթակառուցվածքների ու կանաչ էներգիայի զարգացման նախագծերում ներդրումներ ենթադրող, ԵՄ-ի առեւտրային քաղաքականության մի մասը հանդիսացող ԵՄ-ի «Global Gateway» ռազմավարության մեջ։ Այդ նպատակների համար սկզբնական փուլում ԵՄ-ն պատրաստ է միանվագ հատկացնել 20 մլն եվրո։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն պարտավորվում են աջակցել Հայաստանի միացմանը տարածաշրջանային տնտեսական եւ ենթակառուցվածքային նախաձեռնություններին, ինչպիսիք են Էլեկտրահաղորդումների Սեւծովյան ստորջրյա ցանցի եւ Սեւծովյան լայնաշերտ ցանցի նախագծերը: Բացի այդ, ԵՄ-ն եւ Հայաստանը մտադիր են կարճ ժամկետներում երկխոսություն սկսել վիզային ռեժիմի ազատականացման եւ բանակցություններ սկսել «Կրկնակի հարկման համաձայնագրի» շուրջ»։

Բրյուսելի հանդիպման նշանակալի ձեռքբերումը, ըստ ադրբեջանական հրապարակման, «կդառնա՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների հատկացումը Հայաստանին բյուջետային աջակցություն տրամադրելու համար, որպեսզի Երեւանը կարողանա հաղթահարել տնտեսական եւ սոցիալական հետեւանքները՝ Ռուսաստանի կողմից սահմանափակումների դեպքում»: Մասնավորապես, «Արեւմտյան գործընկերները մտադիր են Հայաստանի համար ապահովել առաջնային ապրանքների եւ ծառայությունների, ինչպես նաեւ ռազմավարական սպառողական ապրանքների անխոչընդոտ հասանելիություն: Հայաստանի ֆինանսական կայունությունը բարելավելու նպատակով նախատեսում են քննարկել Երեւանի արտաքին պարտքի շտապ մարման, կամ դրա վերակառուցման տարբերակները»։ Ըստ ադրբեջանական իշխանական աղբյուրների` ԵՄ-ն նախատեսում է դիտարկել հայկական գյուղմթերքների քվոտաների վերաբերյալ դրույթները: Դրա հետ մեկտեղ, ըստ հրապարակման` «ԱՄՆ-ը ու ԵՄ-ն պատրաստ են Հայաստանին օգնել ստեղծել վառելիքի ռազմավարական պաշարներ՝ ճգնաժամային իրավիճակների դեպքում էներգիայի մատակարարումն ապահովելու համար։ Հայկական էլեկտրացանցերի արդիականացման եւ էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման միջոցով նախատեսվում է ստեղծել էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար աջակցության հատուկ հիմնադրամ։ Բացի այդ, ակնկալվում է պայմանավորվածություն ձեռք բերել՝ Հայաստանին էներգառեսուրսների մատակարարումների դիվերսիֆիկացման եւ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու հարցում օգնություն տրամադրելու վերաբերյալ»։

Սակայն, ամենաուշագրավ պահն, իհարկե, ադրբեջանական պարբերականի համար` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Հայաստանին ռազմական համագործակցության եւ ռազմական աջակցության ցուցաբերման ծրագրերն են` «առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների եւ սպառազինության համակարգերի փոխանցումը, հայ զինվորականների համար ուսումնական ծրագրերի ավելացումը եւ համատեղ զորավարժությունները»։ Ըստ հրապարակման. «Հայաստանի ռազմական կարիքներն ապահովելու համար ԵՄ-ն պարտավորվում է օգտագործել Խաղաղության եվրոպական հիմնադրամի (European Peace Facility) մեխանիզմը, որը ներկա պահին հանդիսանում է առանցքային գործիք՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային ռազմական աջակցության ֆինանսավորման համար»։

Ադրբեջանական իշխանական «հավաստի աղբյուրների» տեղեկություններով բրյուսելյան հանդիպման արդյունքում պետք է համաձայնեցվեր` «Ամերիկյան Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հայկական բանակին առաջադեմ ռազմական տեխնիկա եւ տեխնոլոգիաներ տրամադրելու ծրագիրը»։ Դրա համաձայն. «Սկզբնական փուլում ԱՄՆ-ը նախատեսում է Հայաստանին մատակարարել ժամանակակից հակադրոնային եւ ՀՕՊ համակարգեր։ Իսկ ԱՄՆ-ի Միջազգային ռազմական կրթության եւ Նախապատրաստման Ծրագրի միջոցով նախատեսվում են ամերիկյան ռազմաուսումնական հաստատություններում հայ զինվորականների վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ուղղությամբ միջոցառումներ։ Ամերիկացիները խոստանում են օգնել նաեւ հայկական բանակի սերժանտական կազմին` մասնագիտական պատրաստության ոլորտում։ Բացի այդ, ակնկալվում է հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների ավելացում, ԱՄՆ-ի զինված ուժերի հետ հայկական զորամասերի մարտունակության եւ փոխգործունակության մակարդակի բարձրացում։

Հետագայում ԱՄՆ-ը կվերապատրաստի նաեւ Հայաստանի հատուկ նշանակության ուժերին, մասնավորապես՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանմանը, որպեսզի երկրի տարածքով անցնող միջազգային հաղորդակցությունների պաշտպանությունը կազմակերպվի։ Հայաստանի հատուկ ծառայության եւ արեւմտյան գործընկերների միջեւ սերտ համագործակցություն հաստատելու ծրագրերը նկատվում են նաեւ Frontex-ի (ԵՄ-ի Եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալություն) եւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մաս կազմող հայ սահմանապահների միջեւ ծրագրված երկխոսությամբ: Դրա հետ մեկտեղ ակնկալվում է Բրյուսելի եւ Երեւանի համատեղ ջանքերի համախմբում, Հայաստանում ԵՄ-ի առաքելության երկարաժամկետ գործունեությունը եւ հնարավորությունների ընդլայնումն ապահովելու նպատակով»։

Ըստ նույն հոդվածի աղբյուրների` բրյուսելյան բանակցությունների արդյունքներով` «կողմերը կսկսեն աշխատել՝ ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունների մակարդակը մինչեւ ռազմավարական գործընկերության հասցնելու ուղղությամբ, ինչպես նաեւ կարագացնեն ԵՄ-Հայաստան համագործակցության նոր ընդլայնված ծրագրի ընդունումը, եւ այս ուղղությամբ Բրյուսելը եւ Երեւանը պլանավորում են սկսել կանոնավոր խորհրդակցություններ անվտանգության եւ պաշտպանության հարցերով»:

Հոդվածն ամփոփվում է ուշագրավ տեղեկություններով. «Ֆրանսիական հետախուզությանը մոտ կանգնած «Intelligence Online» մեդիա ռեսուրսի տեղեկությունների համաձայն՝ Պենտագոնն արդեն սկսել է մասնավոր ռազմական ընկերությունների միջոցով Երեւանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, ինչպես հաստատում է պարբերականը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ենթակապալառու Վիրջինիայից «Culmen International Group» ընկերությունն արդեն աշխատում է՝ Հայաստանի ռազմական ենթակառուցվածքը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Այս ընկերությունը Հայաստանի Պաշտպանության նախարարությանը խորհրդատվություն է տրամադրում ռազմավարական պլանավորման եւ ապահովման, զենքի գնման, լոգիստիկ մատակարարման շղթաների ստեղծման հարցերում։ Ընկերության առջեւ դրված է խնդիր՝ ապահովել հայկական բանակի անցումը «Խորհրդային մոդելից» դեպի` «Արեւմտյան չափանիշներին»։

Հնարավոր է, որ ադրբեջանական պարբերականում ի հայտ եկած վերոնշյալ տեղեկություններն իրականում ամբողջը չեն, կան նաեւ այլ ուղղություններ: Բացի այդ, մենք, ըստ էության, չգիտենք, թե պաշտոնական Երեւանը դրանցից որն է ընդունել, որը ոչ եւ արդյոք վերոնշյալ հոդվածում ներկայացված համապատկերը 100 տոկոսանոց ճշմարտություն է:

Սակայն նույնիսկ այդ անորոշության պայմաններում միանգամայն տեղին կլինի հարցնելը` իսկ ի՞նչ թեմաներ էին քննարկվում Հայաստանում բրյուսելյան հանդիպումից առաջ ու մինչեւ այսօր…

Հայաստանում ռուսական քաղաքականությունը Հայաստանի եւ Արցախի հանդեպ արդարացնող ու սպասարկող ուժերը ողջ ուժով փորձում են Բրյուսելի հանդիպումը ներկայացնել որպես Հայաստանի համար «կործանարար», նույնիսկ` «ստորացուցիչ դավաճանություն»: Բայց` «դավաճանություն» ոչ թե Հայաստանի, այլ` Ռուսաստանի նկատմամբ:

Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ որպես Հայաստանում «աշխատավարձով» քաղաքականությամբ զբաղվող «հայրենասերներ», այդ հատվածին հետաքրքրող միակ թեման դարձյալ «փողն» է. «էդքան փող է, հա՞, Արեւմուտքը տալի՞ս ընդամենը…»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930