Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են ակադեմիական քաղաքի տրամաբանությամբ». Սարգիս Հայոցյան

Ապրիլ 12,2024 17:21

«Ակադեմիական քաղաքը ոչ միայն ուսումնական եւ գիտական տարածք է, այլ մտավոր եւ մշակութային ժամանցի համար նախատեսված միջավայր, որը պետք է ակտիվ լինի 24 ժամ, 7 օր: Այսինքն` շնչող, ապրող քաղաք է դառնալու»,- Մաշտոցյան Մատենադարանում «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացման ժամանակ ի թիվս այլնի՝ նշեց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նա ասաց, որ «Ակադեմիական քաղաքը» դեպի իրեն է ձգելու նաեւ մասնավոր բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին, որոնք հանդիսանում են գիտական արդյունքի սպառողները:

Նրա խոսքով. «Միեւնույն ժամանակ, ակադեմիական քաղաքը դառնալու է բարձր տեխնոլոգիական կազմակերպություններ ծնող միջավայր, հենց «Ակադեմիական քաղաքից» պետք է առաջանան տարբեր տեսակի նախաձեռնություններ…Սրան զուգահեռ՝ գոյություն ունի նաեւ բովանդակային մասը, որը բուհերի խոշորացման եւ գիտական կազմակերպությունների հետ միավորման ծրագիրն է»:

Հայոցյանը հիշեցրեց, որ կառավարության կողմից առաջարկվել է 6 խոշորացված բուհերի կլաստերների գաղափարը՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների եւ սպայական:

Թե ինչու են գիտության եւ կրթության զարգացումը տեսնում հատկապես «Ակադեմիական քաղաքի» կլաստերների տեսքով, այս հարցի վերաբերյալ էլ Սարգիս Հայոցյանն ասաց. « Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձեւ այգու շրջակայքում: Ըստ էության, դրանից հետո քաղաքի զարգացմանը զուգահեռ՝ որոշ գիտահետազոտական ինստիտուտներ ընդլայնվել եւ տեղափոխվել են ավելի հեռու՝ Զեյթուն թաղամաս, որը կլաստերիզացիայի կոմպոնենտ է ունեցել: Այդ թաղամասում մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ են հավաքվել: Այնպես որ, այս երեւույթը մեզ անծանոթ չէ: Հիմա էլ դրա երրորդ փուլն է տեղի ունենում…Մենք քաղաքային կյանքից մի քիչ հեռու ենք տեղափոխվում՝ 17-րդ թաղամաս, որտեղ էլի ձեւավորվելու է կլաստերային գիտության, կրթության կազմակերպման գործընթացը»:

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը բուհերի խոշորացումը եւ գիտական հիմնարկների հետ միավորումը որակեց գլոբալ գործընթաց. «Սա ներկա ժամանակներում ընթացող գործառույթ է, որի նպատակը ռեսուրսներն արդյունավետ օգտագործումն է, մտավոր ներուժի մեկտեղումը, միջդիսցիպլինարության զարգացումը»:

Նա օրինակ բերեց Մյունխենի տեխնիկական համալսարանը, որն իր բոլոր ենթակառուցվածքները տեղափոխել է Մյունխենից դուրս, իսկ Գարխինգի կամպուսը նրա ամենամեծ կամպուսներից է: Հիշեցրեց Լոնդոնի արվեստների համալսարանի մասին, որը մի քանի համալսարանների միավորմամբ է ձեւավորվել եւ դարձյալ տեղափոխվել է քաղաքից դուրս:

Հայոցյանը նաեւ փաստեց, որ թեեւ Հայաստանի ուսանողական համայնքի թիվը հավասար է միջազգային մեծ մեկ համալսարանի ուսանողության թվին, այնուամենայնիվ, մեր երկրում ոչ մի տարօրինակ գործընթաց տեղի չի ունենում՝ «Ակադեմիական քաղաքի» ձեւավորման առումով:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930