Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատասխան Փաշինյանի «խաղաղության օրակարգի»՝ Ադրբեջանի դպրոցներում կանցկացվի` «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով օլիմպիադա

Ապրիլ 12,2024 21:12

Մինչ ՀՀ իշխանություններն անընդմեջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին են խոսում, Ադրբեջանի իշխանությունները, Հայաստանի Հանրապետության տարածքը հռչակելով որպես «Արևմտյան Ադրբեջանի» տարածք, Ադրբեջանի բոլոր դպրոցներում 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտների շրջանակում անցկացնում են համաադրբեջանական օլիմպիադա՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով։

Օլիմպիադայի կազմակերպիչներն են Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կառավարությունը, վերջինիս կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը։

Այն մեծամասշտաբ միջոցառում է լինելու՝ բաղկացած երեք փուլից , առաջին փուլը տեղի է ունենալու ապրիլի 27-ին, վերջին փուլը՝ հունիսի սկզբին հենց Նախիջևանի տարածքում, որտեղ նախատեսվում է անցկացնել «Արևմտյան Ադրբեջանի» պատմությանը, մշակույթին, կրթությանը վերաբերող ցուցահանդեսներ։ Այս ամենն անցկացվում է Իլհամ Ալիևի անմիջական հովանավորչությամբ և վերահսկողությամբ։

Այս մասին ահազանգում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ վկայակոչելով ադրբեջանական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությանը։

Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանն ասաց․ «Մինչ Հայաստանի իշխանությունները վարչապետի գլխավորությամբ փորձում են վերանայել մեր պատմությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Ազգային ժողովի ամբիոնը օգտագործում է հակահայկական թեզեր առաջ տանելու համար, այսինքն՝ պատմական հայրենիքը մի կող թողեք և գնահատեք իրական հայրենիքը, Ադրբեջանում Ալիևի բարձր հովանու ներքո «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաադրբեջանական օլիմպիադա են անցկացնում։

Ի դեպ, ասեմ, որ պատմական ու իրական հայրենիքի տարանջատումը Նիկոլին բացարձակ չվերաբերող թեզ է, այդ թեզը թուրք-ադրբեջանական կեղծ պատմագրական դպրոցն է առաջ տանում՝ փորձելով ապացուցել և համոզել, որ հայերը Տիգրան Մեծից հետո թագավորություն չեն ունեցել, պետականություն չեն ունեցել, Հայաստանի անկախ պետության մասին խոսելն ավելորդ է, հայերն էլ, քանի որ եկվոր են, չունեն այստեղ հայրենիք, ընդամենը ապրում են պատմական ադրբեջանական, թուրքական ժողովուրդների տարածքում։

Հիմա Նիկոլն այդ այլանդակ և հակահայկական թեզն առաջ է բերում , Ազգային ժողովի ամբիոնից սկսում է տարածել ու կեղծ թեզերով է կերակրում ժողովրդին՝ փորձելով նաև իրեն երկրպագող զանգվածին ապացուցել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտ կառուցված 7-րդ դարի Հայ առաքելական եկեղեցին Ադրբեջանի տարածքում է գտնվում կամ չպետք է այցելեն հայերը, որովհետև այնտեղ անվտանգ չէ։ Համոզում է, որ Արցախն էլ Ադրբեջանի տարածք է, այսինքն՝ Ամարասի հայկական վանքը, Գանձասարի եկեղեցին, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարը և հարյուրավոր այլ եկեղեցիներ, ինչպես նաև խաչքարեր Ադրբեջանինն են, մերը չեն, դա իրական Հայաստանը չէ, Ադրբեջանը բարձր մակարդակով և մեծամասշտաբ միջոցառմամբ իր դպրոցականներին փորձում է համոզել, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջան է։

Նախանցած տարվանից Ադրբեջանի նախագահի նախանշած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» ծրագրի շրջանակներում այս տարի արդեն ադրբեջանական բոլոր դպրոցներում 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտների շրջանակում անցկացվում է համաադրբեջանական օլիմպիադա «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով։

Նշեմ նաև, որ անցած տարի այս ծրագրի շրջանակներում Նախիջևանի պետական համալսարանը հրատարակել էր «Արևմտյան Ադրբեջանի բնակավայրերի տեղանունները» գիրքը և համապատասխան քարտեզը, որտեղ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերն անվանափոխված են թուրքական տեղանուններով։ Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի վարչապետը շատ դեպքերում հենց այդ տեղանուններն է օգտագործում՝ ապացուցելու համար, որ այդ բնակավայրերն ադրբեջանական են»։

Գագիկ Համբարյանը նշում է, որ օլիմպիադան անցկացվում է Ալիևի հովանավորությամբ, և Ադրբեջանի իշխանությունները շատ մեծ ուշադրություն են դարձում հակահայկական քարոզչությանը հատկապես դեռահասների, դպրոցականների շրջանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930