Օրերս համացանցում կրկին լայն տարածում է ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մի քանի տարի առաջ տված հարցազրույցներից մեկը, որտեղ նա հայտարարում է, թե հայ-ադրբեջանական սահմանը գծվում է այնպես, ինչպես Բաքուն է ցանկանում։
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ-պատմաբան Գագիկ Համբարյանը նշում է, որ թեեւ հարցազրույցը հին է, սակայն, ցավոք, այսօր էլ արդիական է, և սահմանը գծվում է Բաքվի բռնապետի թելադրանքով։ Ըստ մեր զրուցակցի՝ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք համարելն անօրինական է։
«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկսեց կեղծ թեզ օգտագործել, թե Հայաստանի Հանրապետությունը դեռ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա- Աթայի հռչակագրով ընդունել է Ադրբեջանի ամբողջականությունը։ Դա բացահայտ կեղծիք է։
Լևոն Տեր-Պետրոսյանը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել է մի քանի վերապահումներով, որոնցից ամենակարևորները հետևյալն են՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը չի ճանաչում՝ որպես Ադրբեջանի մաս։
Կարդացեք նաև
Երկրորդը՝ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Խորհրդային Միության ժամանակահատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վարչական սահմանը՝ որպես միջպետական սահման։ Փաստորեն 1991 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև եղել է շփման գիծ, ոչ թե սահման։ Եվ Ադրբեջանի բռնապետը պատահական չի ասում, որ հիմա է գծվում Հայաստանի Հանրապետության սահմանը՝ իրենց ուզելով, որովհետև ինքը հենց հղում ունի Ալմա-Աթայի հռչակագրին առ այն, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չի ճանաչվել։
Լևոն Տեր-Պետրոսյանը չի ճանաչել սահմանը, հենց սա է հիմք տալիս Ադրբեջանի բռնապետին գծելու երկու պետությունների միջև սահմանն այնպես, ինչպես ինքն է ուզում։ Եվ Նիկոլ Փաշինյանի բոլոր թեզերը, թե բա մենք սահմանը կգծենք այսինչ թվականի քարտեզով, այնինչ թվականի քարտեզով, բացարձակ անհիմն են։
Նախ՝ տարբեր պետությունների միջև տեղի ունեցած սահմանազատման և սահմանագծման փաստաթղթերը, երբ որ նայում ես, կա ամբողջական տարբերակ, թե ինչպես դա պետք է կատարվի։ Հայաստանի և Ադրբեջանի պարագայում մենք տեսնում ենք, որ սահմանազատում և սահմանագծում կատարվում է այն տարածքներում, որտեղ Ադրբեջանը ձեռքբերումներ է ունենում մեր հաշվին։
Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անկլավներ չկան, որովհետև քարտեզը դա հիմք չէ, նա այդ առումով ճիշտ է, պետք է լինեն իրավական հիմքեր։
Անցել է երկու տարի, հիմա ասում է՝ անկլավներ կան, կրկին որպես հիմք՝ ընդունում է ինչ-որ քարտեզներ։ Լավ, եթե մենք քարտեզներով ենք առաջնորդվում, մենք ինչո՞ւ 1928 թվականի Խորհրդային Հայաստանի քարտեզով չենք առաջնորդվում, երբ որ Խորհրդային Հայաստանը 31 հազար քառակուսի կիլոմետր է, Արծվաշենն էլ անկլավ չէ, ամբողջությամբ գտնվում է Հայաստանի տարածքում, ի՞նչն է խանգարում մեզ։ Խանգարում է մեկ հանգամանք՝ պարտված ղեկավարը պետք է անի այն, ինչ իրեն թելադրում է Ալիևը»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































