ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը կարծիք էր հայտնել, թե եթե ՌԴ-ն բարձրացնի գազի գները Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանն էլ կարող է բարձրացնել 102-րդ ռազմաբազայի մնալու վարձավճարը։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը պատգամավորի արտահայտած այս միտքը համարում է զարմանալի, ըստ նրա, Վիլեն Գաբրիելյանը, լինելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, չգիտի, որ Գյումրիում գտնվող ռազմաբազան վարձակալության գումար չի մուծում Հայաստանի Հանրապետությանը, ավելին՝ ռուսական ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը վճարում է Հայաստանի Հանրապետությունը։
«Զարմանալի է, որ Վիլեն Գաբրիելյանը նման արտահայտություններ է անում, քանի որ լինելով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, այդ անձը տարրական մի բան պիտի իմանար, որ ռուսական 102-րդ ռազմաբազան, որը գտնվում է Գյումրի քաղաքում, ոչ միայն վարձակալության գումար չի տալիս Հայաստանի Հանրապետությանը, այլ ավելին՝ ռուսական ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը հոգում է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ ծախսերի 50 տոկոսը վճարվում է Հայաստանի պետական բյուջեից։
Սա կամ անտեղյակություն է, կամ անգրագիտության գագաթնակետն է այդ անձի մոտ»,- ասում է Գագիկ Համբարյանը։
Կարդացեք նաև
Նա նշում է, որ գազի թանկացումը մութ ու ցուրտ տարիների վերադարձ կլինի բնակիչների, հատկապես շիրակցիների համար, որոնք ստիպված են լինում 7-8 ամիս ջեռուցել տները։
«Պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որ այդպես խրոխտ հայտարարում է՝ գազի գնի թանկացումը աշխարհի վերջը չէ և այլ, և այլն, նայած ում համար աշխարհի վերջը չէ։
Հաշվի առնենք, որ Պարսից ծոցում և հիմա Բաբ Էլ-Մանդեբի նեղուցում տեղի ունեցող իրադարձությունները շեշտակի սրել են վառելիքաէներգետիկ ճգնաժամը ողջ աշխարհում, որովհետև Հորմուզի և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցները համարվում են Պարսից ծոցից և Արաբական թերակղզուց դեպի աշխարհի տարբեր մասեր նավթի, գազի և բենզինի կարևորագույն մատակարարման կետեր։
Եվ հիմա այս պահին Հայաստանի Հանրապետությունում ամենաէժան «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը արդեն հասել է 580 դրամի, այն պարագայում, երբ որ ընդամենը մեկ ամիս առաջ 470-480 դրամ էր։ Այդ նույն գազի գինը սարսափելի բարձրացել է միջազգային շուկայում և դեռ տաք է, բայց արդեն գազի մեկ խորանարդ մետրը միջազգային շուկայում հասել է 700 ամերիկյան դոլարի, այն պարագայում, երբ որ նույն Ռուսաստանի Դաշնությունը մեզ գազը 1000 խորանարդ մետրի դիմաց վաճառում է 177,5 դոլարով։
Հարցն այն է, որ մեր գերատեսչությունները, հարկայինն այնքան հարկեր են դրել «Գազպրոմ Արմենիայի» վրա, որ հայաստանյան շուկայում վաճառվում է 400 դոլարով՝ 1000 խորանարդ մետրը։ Նույնիսկ այս պարագայում, եթե հաշվի առնենք, որ գազի գինը հայ-վրացական սահմանին կրկնակի էժան է, քան վաճառվում է մեր բնակչությանը, մեր բնակիչների համար նախընտրելի է։
Երբ որ Թագուհի Ղազարյանների նմանները հայտարարում են՝ աշխարհի վերջը չէ, նայած ում համար աշխարհի վերջը չէ, Շիրակը մարզը, որտեղ մարդիկ գրեթե 7-8 ամիս ջեռուցում են իրենց տները, ջեռուցման սեզոնն այդքան երկար է, ինչի՞ց է այդ պատգամավորը վերցրել, որ մեզ համար աշխարհի վերջը չէ։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կործանարար արտաքին քաղաքականության արդյունքում մենք պետք է 21-րդ դարում կրկին վերադառնանք մութ ու ցուրտ տարիներին։
90-ական թվականերին, երբ մութ էր ու ցուրտ, մենք հասկացանք՝ ինչի համար էինք այդ վիճակում ապրում․ Արցախյան պատերազմն էր, և մենք հաղթանակ տարանք, դրանով կոմպենսացվեցին բոլոր զրկանքները, որ Հայաստանի Հանրապետության բնակիչները տեսան այդ տարիներին։ Հիմա քայլիստները, որ մեզ տանում են դեպի մութ ու ցուրտ տարիներ, ինչի՞ համար են տանում, ի՞նչ ձեռքբերումների համար ենք գնում այդ զոհողություններին։
Այն թեզը, թե մենք ազատ ենք, ինքնիշխան, թող պատմեն իրենց երկրպագուներին, այդ Գյուլնազ տատի հեքիաթներն այլևս ոչ մեկին չեն էլ հետաքրքրում», -ասում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































