Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշի գյուղերը հանձնելու որոշումը կայացվել է այլ օղակում, նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում եղել է այդ մասին հիշատակում»․ Աննա Գրիգորյան

Ապրիլ 15,2024 13:21

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին՝ ասաց․ «Որպես այդպիսին այս պահին նման գործընթաց գոյություն չունի։ Կա լիազոր մարմին՝ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով, որտեղ հայկական կողմից ներկայացված է Մհեր Գրիգորյանը։ Նրա եւ նաեւ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում է եղել փակ նիստի շրջանակներում։ Եվ պետք է արձանագրել հետեւյալը՝ լիազոր մարմինը որոշում չունի Տավուշի գյուղերից տարածքներ հանձնելու վերաբերյալ։ Այսինքն՝ այս որոշումը կայացվել է ոչ թե լիազոր մարմնի կողմից, որի հիմքում կան սկզբունքներ, քարտեզներ, կայացվել է այլ օղակում։

Հիմա փորձենք հասկանալ, թե իրականում որ օղակում է դա կայացվել եւ որպես ելակետ մի քանի արձանագրումներ անել։ Առաջին արձանագրում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում այդ տարածքների հանձնման վերաբերյալ։ Հետագայում վերջնական տարբերակում այդ հատվածը դուրս է բերվել։ Այնուհետեւ մենք տեսել ենք, որ Ոսկեպարում ռուսական բազայի կառուցում է եղել, ռուսական բազա է հայտնվել Ոսկեպարում։ Դա որեւէ բան մեզ հուշո՞ւմ է, թե՞ չի հուշում։ Այսինքն՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին գոյություն է ունեցել պայմանավորվածություն, համաձայնություն եւ եղել է պայմանավորվածություն տեքստից այդ դրույթը հանելու եւ հետագայում այն իրականացնելու համար։ Եվ ռուսական ներկայությունն էլ պետք է այնտեղ որոշակի ստաբիլիզացնող դեր կատարեր՝ ըստ պայմանավորվածությունների»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ սահմանազատումը եւ սահմանագծումը ենթադրում է որպես հիմք ունենալ որոշակի սկզբունքներ, քարտեզներ, որոնք այս պահին չկան։ «Եվ մենք հասկանում ենք, որ սա Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, փաստացի կապիտուլյացիա է, որովհետեւ դրա դիմաց Հայաստանը չի ստանում ոչինչ, չի ստանում օկուպացված տարածքների վերադարձ»,- հավելեց նա։

Հարցին, թե ի՞նչ է առաջարկում խորհրդարանական ընդդիմությունը, Աննա Գրիգորյանը պատասխանեց․ «Պետք է լինի պրոցես, ոչ թե պարզապես միակողմանի զիջում՝ ինչ-որ ակնկալիքներով։ Հարց ենք տալիս՝ այդ տարածքները ո՞ր հիմքով եք ճանաչում ադրբեջանական։ Ասեք՝ ո՞րն է հիմքը, ո՞րն է քարտեզը, սկսենք բանակցել։ Բայց չկա որեւէ հիմք, չկա պայմանավորվածություն քարտեզների մասով, բայց Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը շարունակաբար պնդում են, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին։ Ո՞ր քարտեզով։

Եթե ասում են՝ տարածքները տալիս ենք, մեր օկուպացված տարածքները չենք ստանում, տարածքները տալիս ենք, խաղաղություն չենք ստանում, տարածքները տալիս ենք, պատերազմը չենք կանխում, բա սա ի՞նչ է, եթե միակողմանի զիջում չէ։ Մեր առաջարկը հետեւյալն է՝ պետք է համապարփակ գործընթաց լինի, պետք է հիմքերը հստակեցվեն, քարտեզները հստակեցվեն։ Առանց որեւէ հստակեցման տարածքների զիջումը բերելու է նոր անվտանգային ռիսկերի ՀՀ համար։ Միջպետական ճանապարհ է զիջվում, գազատարի նկատմամբ վերահսկողությունն է վերանում Հայաստանի կողմից։ Եվ այս բոլոր անվտանգային խնդիրները ստեղծվում են՝ առանց որեւէ բան ստանալու։ Մեր առաջարկը համապարփակ գործընթացի սկիզբ դնելն է՝ սկզբունքների ու քարտեզների հստակեցումներով։ Այդ տարածքների հանձնման մասին խոսք չի կարող լինել, քանի համապարփակ համաձայնություն չկա սկզբունքների ու քարտեզների վերաբերյալ»։

Աննա Գրիգորյանը զուգահեռ անցկացրեց Սյունիքում տեղի ունեցածի հետ։ «Սյունիքում տարածքներ զիջվեցին, եւ զորքը, որը մինչեւ 25 կմ խորությամբ կանգնած էր, հետ քաշվեց Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Եվ ասացին՝ մենք կանգնում ենք մեր սահմանների վրա, որից հետո ադրբեջանական հարձակումը կկանխվի։ Արդյունքում՝ ի՞նչ եղավ՝ ադրբեջանցիները եկան այդտեղ կանգնեցին, ինժեներական հսկայական աշխատանք իրականացրեցին, հետո դա որպես պլատֆորմ օգտագործեցին՝ նոր հարձակում իրականացնելու համար։ Հիմա նույնը Տավուշում են ուզում իրականացնել, որտեղ ամենապաշտպանված դիրքերն են։ Այսինքն՝ ամենալավ ստրատեգիական նշանակության դիրքերը զիջենք Ադրբեջանին, հետո Ադրբեջանը գա այդտեղ կանգնի ու նորից հարվածի ՀՀ-ին։ Այսինքն՝ մենք Հայաստանը դնում ենք զոհասեղանի՞ն, ինչի՞ համար»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930