Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Գրիգորյանն ինչ անում է՝ շղարշ է, գործընթացը գնում է Ալիեւ-Փաշինյան մակարդակով, որտեղ կապիտուլյացիայի ենք ականատես լինում»․ Արթուր Խաչատրյան

Ապրիլ 15,2024 13:12

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նախորդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։

«Նա ասաց՝ Արցախի հարցը ուժային կենտրոնները դիտում էին, որպեսզի Հայաստանի վրա վզկապ անցկացնեն եւ Հայաստանը կառավարեն։ Եվ դրանից հետեւություն՝ եթե Արցախի հարցը, իր խոսքերով, «պավադոկ» (թոկ.-խմբ.) էր, որպեսզի Հայաստանն անկախությունից զրկեն, դե Փաշինյանն էլ ամեն ինչ արեց, որպեսզի այդ «պավադոկից» զրկվի։ Այսինքն՝ իր քաղաքականությունը, իր խոսքերով, ուղղված է եղել հենց Արցախը զոհելուն, որպեսզի փրկի Հայաստանը, բայց մենք տեսնում ենք, թե Արցախը զոհելուց հետո մենք ինչ ավելի վատ վիճակում ենք հայտնվել։ Դրանից բացի, նա շարունակեց հին թեզը՝ փոխենք պատմության ընկալման սոցիալ-հոգեբանական հիմքը՝ պատմական Հայաստան, իրական Հայաստան։ Հայաստանը մեկն է, այսօրվա Հայաստանը պատմական Հայաստանի մի մասն է, բայց ինքն այդ խոսքերով ուղղակի փորձում էր ժողովրդի դիմադրության ոգին կոտրել եւ ամեն կերպ իր կապիտուլյանտական, պարտվողական քաղաքականությունը հրամցնել որպես միակ ռեալ պոլիտիկ, որով հնարավոր կլինի Հայաստանը փրկել։ Այն դեպքում, երբ իր ղեկավարման օրոք, նաեւ այս պահին Հայաստանն ազատ անկման մեջ է, եւ պետականության կորուստը, ցավոք սրտի, այլընտրանք է»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ սահմանազատման եւ սահմանագծման համար նախ իրավական հիմքը պետք է ճշտել։ Խաչատրյանն ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունն իրական սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի եւ ընթացակարգով շարժվելու կողմնակից է։

Նա նշեց, որ խորհրդարանական ընդդիմության առաջարկները ներկայացված են այն հայտարարության մեջ, որն ԱԺ մեծամասնությունը տորպեդահարեց։ «Այսինքն՝ պայմանագրաիրավական հիմքի ճշտումը։ Այս իշխանություններն անընդհատ հղում են կատարում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Ես ամենայն պատասխանատվությամբ ձեզ ասում եմ՝ 1991 թվականին որեւէ վավեր ադրբեջանական ստորագրություն որեւէ փաստաթղթի տակ չկա։ Գտեք ԱՊՀ փաստաթղթերի ռեեստրը եւ կտեսնեք, թե Ադրբեջանը երբ է վավերացրել այդ փաստաթղթերը։ Այսինքն՝ այս իշխանությունները հղում են կատարում մի բանի վրա, որը գոյություն չունի։ Երկրորդ՝ ի՞նչ քարտեզներ։ Ասում են՝ 1974 թվականի քարտեզներ։ Հիմա Ադրբեջանը դա մերժեց, բազմաթիվ այլ քարտեզներ կան, սահմանաճշտման աշխատանքներ են եղել 1988 թվականից՝ մինչեւ արցախյան հակամարտության սկիզբը, դրանք հաշվի չեն առնվում։ Երկրորդը, ինչո՞ւ է դա տեղի ունենում հատվածական եւ ոչ թե համապարփակ, այսինքն՝ ամբողջ սահմանի երկայնքով պետք է լինի սահմանազատում, հետո նոր գնան սահմանագծման, հետո նոր զինված ուժերի վերատեղակայում նոր սահմանի երկայնքով։ Այս մարդիկ գնում են հատվածական՝ սա տանք, հետո տեսնենք ինչ է լինելու։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ Շուռնուխում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նաեւ հավելեց, որ «Արցախի հակամարտությունը, քաղաքական կարգավորումը որեւէ կերպ չպետք է փոխկապակցվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնտուրների ճշտման հետ։ Եվ այս կոնտուրների ճշտման հետ կապված պետք է հաշվի առնենք բոլոր այն գործոնները, որոնք ներառված են ԵԱՀԿ քարտուղարության ուղեցույցի մեջ՝ սահմաններ, որոնք կապահովեն երկրների անվտանգությունը, սահմաններ բնական օբյեկտների երկայնքով՝ լեռներ, սարեր, ջրեր։ Սահմաններ գծելուց պետք է նաեւ հաշվի առնել պաշտամունքի վայրերի եւ գերեզմանների առկայությունը»։

Ըստ Խաչատրյանի՝ այս պահին որեւէ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց չկա, կա կապիտուլյացիայի շարունակություն։ «Հայաստանի իշխանություններն ասում են՝ ճարներս ի՞նչ, պետք է զիջենք, որ կռիվ չլինի։ Ցանկացած բառարան, որ բացեք, դա կապիտուլյացիայի սահմանումն է՝ դադարել պայքարել, որպեսզի ավելի վատ չլինի։ Նույն գործընթացն է, ինչ եղել է 2018-2020 թվականներին։ Կար Մինսկի շրջանակներում բանակցություններ, որոնք այս իշխանություններն օգտագործում էին որպես շղարշ, եւ կար Ալիեւ-Փաշինյան օպերատիվ կապ, որտեղ պայմանավորվածություններ էին։ Հիմա էլ նույնն է, Մհեր Գրիգորյանն ինչ անում է, լավ է անում, թղթով է անում, բայց ինքն ինչ անում է, դա շղարշ է, պրոցեսը գնում է Ալիեւ-Փաշինյան մակարդակով։ Եվ Ալիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի ենք ականատես լինում»,- նշեց նա։

Հարցին՝ եթե իշխանությունները սկսեն Տավուշի գյուղերի հանձնման գործընթացը, արդյոք ընդդիմությունը փողոցային պայքար կսկսի՞ դրա դեմ, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, մենք մշտական հանդիպումներ ենք ունենում բոլոր մարզերում, նաեւ եղել ենք Տավուշի մարզում, հանդիպում ենք ունեցել մեր ընտրողների հետ եւ ասել, որ Հայաստանը չպետք է գնա որեւէ կենսական զիջումների՝ թշնամու զենքի ու հրացանի փողի ներքո»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930