Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո մեկնարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բուն սահմանազատման գործընթացը, ես կառավարությանը հորդորում եմ շարունակել»․ Սարգիս Խանդանյան

Ապրիլ 23,2024 20:15

«Այսօր ՀՀ կառավարությունը տարածել է հաղորդագրություն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Ես կարծում եմ, որ սա լավ նորություն է, որովհետեւ գործնականում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն, այդ համաձայնությունը կյանքի է կոչվում, եւ այդ համաձայնության վերջնանպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումն է»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա հավելեց․ «Այստեղ եղան մի շարք խեղաթյուրող մտքեր, թե ամբողջ Տավուշում հետ է քաշվում Երրորդ բանակային կորպուսը։ Ես կասեմ, թե ինչ է տեղի ունենում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովներն ապրիլի 19-ին որոշել են, որ սահմանագծի նշված հատվածներում ԽՍՀՄ փլուզման պահին իրավական հիմնավորված քարտեզների, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է սկսվի սահմանազատման գործընթաց։ Այս համաձայնությունը ձեռք բերելուց հետո մինչեւ մայիսի 15-ը երկու երկրների փորձագիտական խմբերը պետք է տեղում գեոդեզիական աշխատանքներ կատարելով՝ նախագծեն կից արձանագրության նկարագրություն։ Այնուհետեւ այս աշխատանքին զուգահեռ երկու հանձնաժողովները պետք է համաձայնեցնեն աշխատակարգը, որում կրկին պետք է արձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքը՝ որպես հիմնական սկզբունք սահմանազատման գործընթացի համար։ Եվ այդ աշխատակարգն ըստ ամենայնի կգա խորհրդարան եւ կվավերացվի։ Սա է ամբողջ գործընթացը, եւ սա կարեւոր է այն տեսակետից, որ ի վերջո մեկնարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բուն սահմանազատման գործընթացը։ Եվ ես հորդորում եմ Հայաստանի կառավարությանը՝ շարունակել այս գործընթացը»։

Նա անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին․ «Պարոն Խաչատրյանն ասում է՝ ո՞վ է հրահանգ տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը։ Ոչ ոք, որովհետեւ Հայաստանի կառավարությունը եւ մենք հստակ գիտենք, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը, որեւէ մեկը չի կարող որոշել, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը։ Նպատակը Հայաստանի գոյություն ունեցող սահմանը համապատասխան քարտեզներով գետնի վրա վերարտադրելն է եւ պետական սահման ունենալն է։ Կա հարցադրում, թե իրենց զինվորները բա ե՞րբ են գնալու։ Շատ հստակ արձանագրվում է, որ սահմանապահ ծառայությունները միաժամանակյա եւ զուգահեռ են տեղակայվելու նախնական սահմանազատված սահմանի երկայնքով»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Որ օրվանից է որ այս իշխանությունն ինչ որ բան գիտի հստակ: Հստակ գիտեի՞ք ինչ եք անում 2019-ին երբ գոչեցիք ‘Արցախը …’: Վախենամ հետապնդեք Արցախի անունը տալու համար:

    Բա եթե նման ձիրք ունեք` հստակ գիտենալու, օգտագործեիք: 6րդ տարին է ղեկին եք ու բացի վախեցնելուց ու ընկճեցնելուց այլ կերպ առաջ չեք տանում այն ինչը դրսի պատվիրատում մեկ օր առաջ հրապարակավ պահանջ է դնում: Մենք մեղավոր չենք ենթադրել, որ հրահանգ եք ստանում` ժամանակի դասավորուտյունն է հորդորում: Չասեք ժամացույցներն են մեղավոր կամ հստակ չեն:

  2. ‘Հստակ գիտենալու’ վերաբերյալ:
    Քպական բարձրպաշտոնյա (Տարոն Չախոյանը) Բագրատ Արքեպիսկոպոսին մեղադրանք է ներկայացրել թե իբր նա տարածել է լուր հայկական դրոշը ազերի դրոշով Ոսկեպարում փոխարինելու մասին: Այս սուտ կամ չստուգված լուրը տարածելը սադրանք է ու տիպիկ է քպականներին: Ամոթ քպականներին: Ե՞րդ եք հրաժարականներ տալու:
    Այնպես որ ‘հստակությունից’ չհամարձակվեք խոսել: Թե չէ կան դեռ ազնիվ լրագրողներ որոնք անմիջապես կռնացնեն ստի ու սադրանքի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930