Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Տավուշի Ոսկեպար գյուղից ստացված վերջին լուրերից մեկին, որ 7-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում հակահետեւակային ականի պայթյունից սահմանապահ զինվոր է վիրավորվել, ասաց. «Վստահաբար, հայ զինվորի մասին է խոսքը։ Սա Նիկոլ Փաշինյանի բերած ապագան է, խաղաղությունն է։ Մի ղեկավարի, որն ասում էր՝ մեր երկրի անվտանգությունը, խաղաղությունը մենք պիտի պահենք ոչ թե բանակով, այլ բետոնե ձողերով։ Մենք տեսանք, թե ինչպես օրեր առաջ ադրբեջանական զինուժը կանգնեց Տավուշի չորս հանձնված բնակավայրերի սահմանագծում, բարձրացրեց Ադրբեջանի դրոշը, հնչեցվեց Ադրբեջանի հիմնը։ Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց, որ վերցնելով Տավուշի բարձունքները՝ ամբողջ Հայաստանն այլեւս իրենց թիրախի տակ է։
Ցավում եմ զինվորի համար։ Բայց քանի Նիկոլ Փաշինյանը կա, ամեն օր մենք տալու ենք վիրավոր, ունենալու ենք զոհեր, ամեն օր պատերազմը դամոկլյան սրի նման կախված է լինելու Հայաստանի վրա։
Օրեր առաջ Ալիեւը պահանջել է Նիկոլ Փաշինյանին ընդունել, որ 90-ականների սկզբին Իվանյանում (Խոջալույում) հայերը կազմակերպել են ցեղասպանություն եւ ներողություն են խնդրում։ Ավելին, Ալիեւը խաղաղության պայմանագրի մի քանի նախապայման է առաջադրել, որոնցից մեկն է, որ Հայաստանը ընդունի Խոջալույում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն եւ ներողություն խնդրի։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանն իր առաջիկա ինքնաասուլիսներից մեկում այդ ներողությունը խնդրելու է։ Իսկ իրականում Խոջալույում եղել է հետեւյալը։ Ես հիմա ցիտելու եմ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի 1992 թվականի ապրիլի 2-ին լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցը «Независимая Газета»-ին, որտեղ Ադրբեջանի նախկին նախագահը ինքն է պաշտոնապես հայտարարել, որ Խոջալույում ադրբեջանցի ժողովրդի ջարդը կազմակերպել էր «Ադրբեջանի ազգային ճակատը֊։
Այսինքն, Ադրբեջանի նախկին նախագահը ադրբեջանցի լրագրողները, ադրբեջանցի իրավապաշտպանները, ադրբեջանցի նախկին դեսպանները, որ հիմա փախել են Բրյուսել, հայտարարել են, որ Խոջալուն կազմակերպել էին ադրբեջանցիները, որովհետեւ հայկական կողմը հումանիտար միջանցք էր տվել, որպեսզի ադրբեջանցի բնակչությունը կարողանա հումանիտար միջանցքով դուրս գալ, ադրբեջանցի զինվորները կանգնել են հումանիտար միջանցքի բերանին եւ կրակել են իրենց ժողովրդի։ Բայց հիմա Ալիեւը պահանջում է Նիկոլ Փաշինյանից՝ խնդրել ներողություն որպես խաղաղության պայմանագրի նախապայմաններից մեկը»,-ասաց տիկին Զոհրաբյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































