«Հարկայինը կդառնա կզարան. ցանկացած մարդ, ով որ մի փոքր բիզնես ունի, մի խանութ ունի՝ կքաշվի»,- այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում, իր ելույթի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա անդրադարձավ հարկային համակարգին, մասնավորաբար, իշխանության քննարկումներին՝ երկու տարով ԱԱՀ-ն շրջանառության հարկով փոխարինելուն։
Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած են օլիգարխներ, որոնք այսօր միլիարդների շրջանառություն ունեն. «Անունները լավ գիտեք, հաճախ սիրում են ասել՝ այլևս օլիգարխ չենք: Միայն այս տարի նրանցից մեկի առևտրական շրջանառությունը կկազմի ավելի քան 10 մլդ դոլար, երբ նախկինների մասով խոսում էին՝ 400-500 միլիոնի մասին»:
Այս հարկատեսակի փոփոխության արդյունքում, ըստ նախկին վարչապետի, խոշոր գործարարները գերշահույթներ կստանան՝ մանր եւ միջին բիզնեսին խեղճացնելով:
Կարդացեք նաև
Նա խոսեց նաեւ խոշոր բիզնեսներին արտոնություններ տալու մասին, ինչը մանր ու միջին բիզնեսին ստիպում է պարզապես սնանկանալ: Հարկային գործող քաղաքականությունը, ըստ Հրանտ Բագրատյանի, մանր եւ միջին գործարարներին, այդ թվում նաեւ իշխանությունից տարբերվող քաղաքական հայացքներ ունեցողներին, թույլ էր տալիս ֆինանսապես անկախ դառնան եւ իրենց քաղաքական հայացքների արտահայտման համար իշխանության կողմից ճնշումների չենթարկվել: Մինչդեռ, հարկային քաղաքականության այս փոփոխությամբ, բոլորը վերահսկելի են դառնալու. «Հարկայինը կդառնա կզարան. ցանկացած մարդ, ով որ մի փոքր բիզնես ունի, մի խանութ ունի՝ կքաշվի»:
Հրանտ Բագրատյանը հպանցիկ մեկ այլ խնդրի էլ անդրադարձավ. այս տարի Հայաստանը 30 միլիարդ դոլարի ապրանք պիտի ներմուծի ու արտահանի եւ ըստ իր հաշվարկների, յուրաքանչյուրը 2,5-3 մլրդ դոլարի եկամուտ է ունենալու. «Ամբողջը կենտրոնացված է Նիկոլ Փաշինյանի եւ իր մտերիմների ձեռքին, այդ մարդիկ ՔՊ-ի պատգամավորներ են»:
Անդրադառնալով Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանն էլ Հրանտ Բագրատյանը հայտարարեց. «Սա շարժում է, որը մեզ վերադարձնում է արժանապատվություն. մենք հո փալաս չենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































