«Մտածող մարդու համար դեպի Սոթք տանող ճանապարհը ցույց է տալիս, թե ինչպիսին էր 4-5 տարի առաջ եւ հիմա… երբ կանգնեցինք Սոթքում, ամբողջ մեր լեռնաշղթան դարձել է սահման՝ թշնամու կողմից մեր հայրենակիցների կյանքը վերահսկող։ Ժամանակին միայն Տավուշն էր, որ այդքան երկար սահման ուներ, այն էլ՝ ոչ այդքան վերահսկվող: Ի՞նչ է դարձել հիմա՝ ուղղակի ափի մեջ ապրող մի ժողովուրդ ենք։ Առաջ այդ ճանապարհով գնում էին Մարտակերտ, Ստեփանակերտ, Քարվաճառ, որոնց ցուցանակները մինչև այսօր դրված են։ Այս տարբերությունները ոչ ոք չի՞ տեսնում: Դեռ քննարկում են՝ ճիշտը, սխալը, շարժումը․․․ գնացեք այդ ճանապարհը տեսեք, ապրեք այդ ողբերգությունը։ Տեսեք՝ այդ մարդիկ ինչպես էին ապրում առաջ և հիմա ինչպես են ապրում։ Եվ պատիվ այդ մարդկանց, որ այդքան դժվարություններից հետո, տունն ու տեղը չեն թողել և դուրս եկել»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով երեկ՝ Վարդենիս կատարած այցելությունը, հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
«Մենք շատ կարճ ժամանակ ունենք` ազատվելու այս չարիքից եւ դա տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե իրենք իրենց ինչպես կդրսեւորեն»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ շարժումը հաշտությամբ է եկել, բայց դա չի նշանակում, որ մեղավորները պատասխան չեն տալու իրենց արարքների համար:
«Տավուշում տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ պարզապես հողերի հանձնում։ Եթե այս մարդկանց չկասեցնենք, չուղարկենք իրենց սիրած տեղերը, Տավուշի ողբերգությունն ամբողջ Հայաստանով շարունակվելու է: 10 տարի շարունակ այդ խրամատները, այդ դիրքերը ես տեսել եմ, կարեւորությունը, հիմա ի՞նչ է այնտեղ: Եթե իսկապես բարեմտություն կա այդ գործընթացի մեջ, այդ տարածքից թող դուրս գային ադրբեջանցիները, ասեին` լավ, խաղաղություն է կնքվում, որպես բարի կամքի դրսեւորում, որ կարողանանք համախոհություն գոյացնել երկու պետությունների միջեւ, մենք երկու տարի առաջ գրաված այս տասնյակ քառակուսի կիլոմետրերից նահանջում ենք: Մեկ միլիմետր չեն նահանջելու, դեռ հակառակը` տեսնելով իրենց առաջ ծնկած ստախոսին, անընդհատ ասելու են` առաջ ենք գնում: Ես տարակույս չունեմ, որ սրանք ներողություն են խնդրելու Խոջալուի ողբերգության համար, հետեւաբար մենք շատ կարճ ժամանակ ունենք` ազատվելու այս չարիքից եւ դա տեղի է ունենալու»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը` «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջի


















































