«Սա չի աջակցում խաղաղության օրակարգին, լավ կլինի՝ երկու կողմն էլ զերծ մնան նման խոսույթներից։ Մատենադարանը հանդես եկավ հայտարարությամբ»,- փաստմանը՝ ձեր խաղաղության ընկեր Ադրբեջանի նախագահը Հաջիևի հայտարարությունից հետո կեղծ տեղեկություններ տարածեց, որ ՀՀ-ում մզկիթներ են վերացվել և հարցին՝ այս հայտարարությունները չեն վնասո՞ւմ ձեր քաղաքական ուժի պատկերացրած խաղաղությանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Հարցին՝ այլևս Մատենադարա՞նն է ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում, քանի որ Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին Մատենադարանից են արձագանքում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Ամբողջությամբ երկրորդում եմ Մատենադարանի տարածած հայտարարությանը, որը փաստահեն է։ Նաև հեգնանք նկատեցի՝ «Ձեր խաղաղության գործընկեր Ալիև» արտահայտության մեջ։ Մենք չենք ասել, որ հեշտ է լինելու այդ խաղաղությանը հասնելը․ եթե այդքան հեշտ լիներ, անհրաժեշտություն չէր լինի փաստաթղթեր ունենալ, ձեր քննադատությանն արձագանքել։ Երկու տարի առաջ, երբ Ադրբեջանից կրակոցներ կային, ասում էիք՝ սա՞ է խաղաղությունը՝ կրակոցներ կան, ես նույնն էի ասում։ Այն փխրուն խաղաղությունը, որը հիմա գնալով կարծրանում է, ունի խնամքի կարիք և ժամանակ է պահանջում։ Պետք է շարունակենք մեր օրակարգը թելադրել։ Հիմա կրակոցը փոխարինվել է հայտարարությամբ, որը մեզ մոտ ներվ է առաջացնում, բնականաբար, դա տհաճ է լսել։ Լավ կլինի, որ չլինեն այդ հայտարարությունները, բայց այս ճանապարհը շատ բարդ էր լինելու, գիտեինք։ Մեր նախատեսածից շատ ավելի մեծ քայլով առաջ ենք ընթանում դեպի խաղաղություն։ Թույլ տվեք այս խաղաղությունը հասցնել վերջնակետին»։
Լրագրողի դիտարկմանը՝ եթե Հաջիևի հայտարարություններին Մատենադարանն է արձագանքում, Ալիևի հայտարարություններին ո՞վ պետք է արձագանքի՝ որևէ համայնքապետարանի մշակույթի վարչությո՞ւն կամ վարչապետին կից որևէ ՊՈԱ՞Կ՝ օրինակ՝ առանձնատների ՊՈԱԿ-ը, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց․ «Եթե արտաքին քաղաքականություն մշակող համապատասխան գերատեսչությունը պատասխանի անհրաժեշտություն և ձևաչափ ունենա, այդ պատասխանը դուք կլսեք»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ալիևի ասածն անպատասխա՞ն է մնալու, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց՝ մեզ համար ամենակարևորը խաղաղությունն է։ Փաստմանը՝ բայց հետևողականորեն Ադրբեջանի տարբեր գերատեսչություններից լսում ենք նույնաբովանդակ հայտարարություններ, նրանք ոչնչացնում են մեր մշակութային ժառանգությունը, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց․ «Փառք Աստծո՝ ունենք ուղիղ երկխոսություն, կարողանում ենք ուղիղ խոսել Ադրբեջանի հետ․․․եկեք ընդունենք, որ ՀՀ-ն ավելի խաղաղատենչ է»։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































