Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ»․ Նարեկ Կարապետյան

Սեպտեմբեր 15,2026 13:20 Share

«Լուրջ բան չկա, ուղղակի խոսույթների մեջ վերաձևակերպելու խնդիր կա»,-հարցին՝ ի՞նչ լարվածություն է ՔՊ-ականների հետ կապված, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա ասաց` այնպես չէ, որ այդ խնդիրը մասսայական է. նոր գումարման ԱԺ-ն որակական փոփոխություն ունի․ «Ուղղակի կան խնդիրներ, որտեղ պետք են ավելի վիրահատական մոտեցումներ»։

Այն, որ իրենց խմբակցությունն արդեն երրորդ անգամ է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրում, մտավախություն չկա՞, որ ՔՊ-ն կրկին կմերժի, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Բոլոր թեկնածուները, որոնք գնում են, մենք հասկանում ենք, թե ինչ նպատակներ ու խնդիրներ կարող են լինել։ Մենք կարող ենք ամիսներով այստեղ մնալ և այդ հարցը քննարկել»։

Փաստմանը՝ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել էր,  որ քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում խորհրդարանական ընդդիմության հետ. արդյոք հանդիպելո՞ւ եք և ի՞նչ դիրքորոշում ունեք՝ ՀՀ-ում պե՞տք է շարունակվեն գործել Արցախի ինստիտուտները, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Մենք ուրախ ենք հանդիպելու, կընդունենք հրավերը, կհանդիպենք, կքննարկենք։ Ինչ վերաբերում է ձևաչափերին, ամենակարևորը արցախահայերի իրավունքների պաշտպանությունն է, մարդկանց տնավորման հարցն է։ Արցախահայերն այս պահին ունեն խնդիր․ տների գները բարձր են, տրված վճարներով տուն գնել չեն կարող, կա գործազրկություն մարզերում ապաստան գտած արցախահայերի հետ կապված։ Արցախահայերը պետք է ունենան կազմակերպվածություն, մեկ մեծ կազմակերպություն, որն իրեն կպահի նաև մշակութային առումով։ Պետք է ստեղծել մշակութային կենտրոն, որտեղ նոր սերունդը կօգտագործի լեզուն։ Տասնամյակներ հետո մենք ունենալու են մշակութային խնդիր։ Իհարկե, գերնպատակը արցախահայերի անվտանգ վերադարձի իրավունքն է, բայց մենք պետք է ունենանք մշակութային կենտրոն այստեղ, կազմակերպված կապն իրար հետ պետք է արցախահայերը պահեն։ Արցախի հայությունը պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ ՀՀ-ում կազմակերպվածության համար»։

ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել