Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով իրազեկման ակցիա իրականացրեցին՝ հունիսի 9-ի մեծ հանրահավաքին ընդառաջ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հորդորեց անտարբեր չլինել ՀՀ ճակատագրին. «Ադրբեջանական կողմը ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում, մեզ համար զգայուն ու կարեւոր թեմաների վերաբերյալ իր թելադրանքն է ներկայացնում: Առաջիկայում ավելի ռադիկալ ու նվաստացուցիչ պայմաններ է բերելու ժողովրդի առաջ: Դրա համար յուրաքանչյուրի պատասխանատու մասնակցությունը շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք կանխել այդ գործընթացը»:
Լրագրողների հետ զրույցում Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Ալիեւն այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբն է ուզում լուծարել, նախորդ օրը ասում էր՝ Խոջալուի ցեղասպանությունը ուրացեք. «Բոլոր պահանջները հլու-հնազանդ կատարում է ռեժիմը եւ կարեւոր է, որ ժողովուրդը հասկանա: Մեր ժողովրդին զարթնել է պետք: Մի պահ պետք է վերացնել բոլոր տեսակի խրախճանքները, հաճույքները, իրենց այսպես կոչված տարբեր փառատոները, սթափվել է պետք: Ես դեմ չեմ տարբեր տեսակի միջոցառումներին, բայց ՀՀ-ն գոյաբանական խնդրի առջեւ է կանգնած»: Պատգամավորը մատնանշեց գինու փառատոնը. «Սարյան փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվելու: Սրանք խրախճանքներիմեջ փորձելու են լռեցնել այն արհավիրքը, որ կա մեր երկրում»:
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Ադրբեջանում ֆաշիզմի կանոններով են մեծացնում իրենց երեխաներին, նրանք հայերի հետ հաշտության նպատակ չունեն, ասում են՝ լավ հայը մեռած հայն է. «Բայց մեզ ասում են՝ գնացեք ադրբեջանցիներին ծառայեք, ծնկեք, առեւտուր արեք: Ինչ պահանջ ներկայացնեն՝ կանենք, ինչքան էլ մեր վրա կրակեն, մեզ մորթեն, մեկ է: Ինքը մեզ ուզում է մորթի, ա՛յ տխմարներ, մեզ ուզում են մորթեն: Այստեղ նստած ոչ մի բաները, հակահայերը մեզ ուզում են ոչնչացնեն, բնաջնջեն: Էն օրերին, երբ Արցախում հայ մարդը ենթարկվում էր էթնիկ զտումների, ցեղասպանության, ռեժիմի պարագլուխն ասում էր՝ ոչ մի բան չի սպառում, անվտանգ է: Բայց հայի մարմիններ էին կտոր-կտոր անում: Էս մարդկանց հետ գործ ունենք: Պետք է բոլորը հասկանան՝ թշնամին հասնելու է բոլորիս տուն, բոլորս մի նավի մեջ ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































