Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու

Հունիս 10,2025 21:21

«Իմ քայլը» հիմնադրամը սկսում է նոր ծրագիր

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան`երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։

Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։

«Հերթական այցի ժամանակ, երբ գտնվում էի Չինաստանում ու տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ապրում այդ հզոր պետությունում, մտածեցի, որ մեր շատ խնդիրների պատճառը կրթական է»,– նշել է տիկին Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման մի քանի հանդիպումների ժամանակ։

Կրթությունը՝ որպես կյանքի մշտական ուղեկից (life-long learning)

Հենց այս փորձառությունից տպավորված էլ՝ Աննա Հակոբյանը անցյալ տարի նախաձեռնեց «Կրթվելը նորաձև է» շարժումը, որն այս պահին արդեն ընդգրկում է մոտ 8000 մասնակից, և հասցրել է հանդիպումներ կազմակերպել Հայաստանի 19 համայնքներում։ Շարժման նպատակը անդադար կրթվելը (life-long learning) մեզանում վարակիչ դարձնելն է՝ հասցնելով Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ապրող մարդկանց:

Ակադեմիական կյանքում տարիների դադարից հետո բարձրագույն կրթությունը շարունակելով Չինաստանում՝ տիկին Հակոբյանը նաև օրինակ է ծառայում։ Նրա համոզմամբ` մարդը պետք է մշտապես բաց լինի գլոբալ փորձի առջև, և այն տեղայնացնելով` ծառայեցնի հանրային ընդհանուր զարգացմանը։

Պեկինում Աննա Հակոբյանը կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն:

Երբ փետրվարին սկսվեցին ընդունելության փուլերը` այդ թվում և հարցազրույցի հատվածը, պրոֆեսորադասախոսական կազմը հենց առաջին իսկ հարցազրույցից շատ տպավորվեց տիկին Աննա Հակոբյանի կրթվելու ձգտումով, իր պատասխաններով ու նպատակներով: Նրանց ջերմ խոսքերն ու բարձր գնահատականը էլ ավելի են պարտավորեցնում տիկին Հակոբյանին լավագույնս ուսանել և իր կրթությունը ծառայեցնել համընդհանուր նպատակի:

Հայաստան–Չինաստան բարեկամություն՝ կրթության կամուրջ

Տիկին Հակոբյանի այս նախաձեռնությունն ամրապնդում է Հայաստան–Չինաստան բազմամյա բարեկամությունը։ Չինաստանը և Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ խորքային փիլիսոփայական և մշակութային ընդհանրություններով։ Աննա Հակոբյանի մագիստրոսական կրթությունը Չինաստանում միաժամանակ կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ՝ փոխադարձ հարգանքի, մշակութային փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։

 

Մարինեի պատմությունը՝ կամքի և կրթության ուժի ապացույց

«Կրթվելը նորաձև է» շարժման ոգեշնչող արդյունքներից է նաև Մարինե Հակոբյանի պատմությունը, ով մասնակցել է շարժման հանդիպումներին և, ոգեշնչվելով Աննա Հակոբյանի` ինքնակրթվելու, զարգանալու կոչով, որոշել է բաց թողած ուսումը լրացնել և Հայաստանում համալսարան ընդունվել։

Նա երազում է «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ ուսանելու մասին:

«Իմ քայլը» հիմնադրամը չէր կարող անտարբեր մնալ այս ոգեշնչող ու օրինակելի պատմության հանդեպ ու սատարում է Մարինե Հակոբյանին՝իր նպատակին հասնելու ճանապարհին: Տեսնելով նրա ձգտումն ու պատրաստակամությունը` հիմնադրամը ողջ ճանապարհի ընթացքում լինելու է Մարինեի կողքին` հոգալով ուսման բոլոր ծախսերը, աջակցելով քննությունների նախապատրաստման, ընդունելության հարցերում:

Մարինե Հակոբյանը ապրիլյան պատերազմում անմահացած Ժորա Եսայանի մայրն է:

Հիմնադրամի նոր ծրագիրը

Տիկին Հակոբյանի կրթական ուղուց, նման պատմություններից ներշնչված և ի աջակցություն «Կրթվելը նորաձև է» շարժմանը՝ «Իմ քայլը» հիմնադրամը շուտով կհայտարարի նոր ծրագրի մասին: Ծրագիրը նախատեսված է լինելու այն մարդկանց համար, ովքեր կյանքի բերումով, տարբեր պատճառներով կրթությունը որևէ մակարդակում կիսատ են թողել, բայց այսօր պատրաստ են շարունակել իրենց ուսումը` գնալով իրենց երազանքի հետևից։ Ծրագրի շրջանակում հիմնադրամըկտրամադրի ֆինանսական ու խորհրդատվական աջակցություն բոլոր ցանկացողներին՝ ևս մեկ անգամ հաստատելով` կրթվելը նորաձև է։

 

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30