Քանի՞ անգամ են ՔՊ-ականները ԱԺ ամբիոնից եւ այլ հարթակներից կրկնել «գյուլել» բառը՝ այն համատեքստում, թե իբր Բագրատ սրբազան Գալստանյանը պատրաստվում է կամ կոչ է անում մարդկանց փողոցներում գնդակահարել: Քանի՞ շաբաթ էին իշխանական քարոզիչներն ամենօրյա ռեժիմով կրկնում, որ այդ եպիսկոպոսն ուզում էր նոր «հոկտեմբերի 27» սարքել, իսկ մեր փառապանծ ԱԱԾ-ականները կարողացան կանխել այդ հանցագործությունը: Քարոզչական փուչիկը վերջերս պայթեց այն բանից հետո, երբ հրապարակվեց նույն ձայնագրության չմոնտաժված տարբերակը:
Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությանը դարձնել մեկ այլ հանգամանքի վրա:
«Եվրոպական ինտեգրացիայի» եւ «արեւմտյան ուղու» ջատագով ներկայացող այս իշխանությունների ագրեսիվ քարոզչությունը մեկը մեկին հիշեցնում է 1930-ականների խորհրդային մամուլի ոճը: Օրինակ, 1937 թվականին խորհրդային պարբերականներից մեկը գրում էր. «Ներքին գործերի ժողկոմիսարիատի մարտական աշխատանքով ջախջախված է երկրի ներսում ֆաշիստական ագենտուրան, որն իր առաջ նպատակ էր դրել խորհրդային իշխանության բռնի տապալումը եւ մեր երկրի վերածումը գերմանական եւ ճապոնական գաղութի: Այդ բանդիտական խմբի գլխին է կանգնած Հիտլերի եւ Հեսսի զինակից, արյունարբու ֆաշիզմի սեւ շունը, խորհրդային ժողովրդի եւ աշխարհի բոլոր աշխատավորների մոլի թշնամին, ստահակ Տրոցկին»:
Ծանոթ ոճ է, այնպես չէ՞: Փոխեք «ճապոնական գաղութը» «Ռուսաստանի գուբերնիայով», «ֆաշիստական ագենտուրան» «ռուսական ագենտուրայով», իսկ Հիտլերին Պուտինով, եւ կստանաք այսօրվա փաշինյանական քարոզչության ճշգրիտ պատկերը:
Կարդացեք նաև
Ուշագրավն այն է, որ ինչպես այն ժամանակ խորհրդային մարդկանց մեծամասնությունը հավատում էր, որ Տրոցկին, ինչպես նաեւ նույն հոդվածում հիշատակած Պյատակովը, Ռադեկը եւ ուրիշները դիվերսանտներ են, լրտեսներ ու վնասարարներ, այդպես էլ հիմա անկախ Հայաստանի քաղաքացիների բավականին զգալի մասը չի կասկածում, որ Բագրատ սրբազանը եւ Միքայել սրբազանը ահաբեկիչներ են: Եվ քննիչների կողմից մոնտաժված ձայնագրությունը, որը շաբաթներ շարունակ տարածում էին ՔՊ-ականները, ավելի զորեղ է, քան այդ մեղադրանքները հերքող իրական ձայնագրությունը:
Ստալինյան տոտալիտարիզմի ժամանակ մարդիկ հնարավորություն չունեին ճշմարտությունն իմանալու, այժմ՝ «ժողովրդի իշխանության» ժամանակ այդ հնարավորությունը կա: Բայց մեծամասնությունը ոչ մի ցանկություն չունի այդ հնարավորությունից օգտվելու: Ի վերջո, տարբերությունն այնքան էլ մեծ չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ