Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում ենք մնալ մի խաղադաշտում, որտեղ մեզ շատ վատ ծեծել են ու ազգային ինքնասիրության հետ կապված հարցեր են դրել. Սիրանուշ Սահակյան

Հոկտեմբեր 01,2025 14:27

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցն այնքան չի կարեւորվել, որ դառնա «Խաղաղության պայմանագրի» դրույթ, բայց միջպետական գանգատներից հրաժարվելը այնքան կենսական ու կարեւոր հարցադրում է եղել, որի շուրջ տեւական բանակցություններ են ընթացել, ու ադրբեջանական կողմը իր ողջ բանակցային ուժը օգտագործել է այդ դրույթն ամրագրելու համար: Այսօր «Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների» թեմայով քննարկման ժամանակ արձանագրեց «Միջազգային համեմատական իրավունքի» կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

-Ադրբեջանական կողմը երկու բան է արել. գործադրել է իր բանակցային ողջ ներուժը պարտադրելու միջպետական գանգատների հետ կանչ ու դա ուժեղացնելու համար նախաձեռնել է արհեստական դատական գործընթացներ, որ ճնշում գործադրի այդ դրույթն ամրագրելու համար: Սա ցուցադրում է, թե Ադրբեջանի շահերը որտեղ կարող են վնասվել: Ցանկացած իրավական գործընթաց վնասում է Ադրբեջանի անվտանգությանը, որովհետեւ ճշմարտությունը չեզոքացնում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: Մենք տեսնում ենք, որ միակ հակաթույնը այս ողջ գործելակերպի, իրավականն է: Եվ մեծ հաշվով, ՀՀ-ն չի կարողացել հաղթաթղթեր ունենալ ռազմական ոլորտում, չի կարողացել դա ապահովել քաղաքական ոլորտում, միակ ոլորտը, որտեղ հաջողությամբ գործընթացներ ենք վարել, թե՛ ընթացող միջպետական, թե՛ անհատական գործընթացներում, իրավական ոլորտն է: Ստացվում է՝ հետ ենք քաշվում մի խաղադաշտից, որտեղ հաղթող ենք եղել ու փորձում ենք մնալ մի խաղադաշտում, որտեղ մեզ շատ վատ ծեծել են: Ու ազգային ինքնասիրության հետ կապված հարցեր են դրել,- նկատեց տիկին Սահակյանը:

Հարցին, թե «Խաղաղության պայմանագրի» կնքումից հետո կհեշտանա՞ գերիների վերադարձի հարցը, տիկին Սահակյանն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ՝ խնդիրները պետք լուծել մինչեւ Խաղաղության պայմանագրին առնչվող փաստաթղթերի ուժ ստանալը: Խաղաղությունը վերեւից ընկնող երեւույթ չէ, որը ներծծվում է մեր արյան մեջ ու սկսում ենք խաղաղ ապրել: Խաղաղությունը ենթադրում է միջավայր ու պայմաններ, ենթակառուցվածքներ: Նույնիսկ հռչակված խաղաղության պայմաններում խաղաղություն կարող է չլինել, կարող են լինել տեւական կոնֆլիկտներ,քանի որ խաղաղությունը սպասարկող ենթակառուցվածքներն են բացակայում»:

Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ եթե ՀՀ քաղաքականությունը անարդյունավետ է եղել գերիների վերադարձի հարցում՝ ունենալով իրավական գործիքներ, քաղաքական բանակցություններ ու չի կարողացել ապահովել վերադարձ, որքանո՞վ է հավանական, որ այդ նույն քաղաքականությունը կկարողանա ապահովել հայերի վերադարձը. «Ի՞նչ հավանականություն կա, որ կկարողանան ապահովել գերիների վերադարձը, եթե պայմանագրի դրույթ չի դարձել գերիների վերադարձը ու պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո գերիները զրկվելու են իրենց իրավական պաշտպանությունից: Արդյոք այդ ասիմետրիկ իրավիճակում ավելի վատ դիրքային պայքարով Հայաստանը կարողանալո՞ւ է ապահովել գերիների վերադարձը: Գերիների հարցի լուծումը կարող է տեղի ունենալ մինչեւ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը: Եթե այդ կրիտիկական կետերում արդյունք չունեցանք, իրապես այդ անձանց թողնում ենք բարձր ռիսկային գոտում»:

A public discussion on the rights of Armenian prisoners of war and hostages held in Baku took place at the Ibis Hotel of Yerevan, Armenia

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանն էլ կարեւոր հարցադրում առաջ քաշեց. «Պահա՞նջ ունի այս պետությունն այդ անձանց վերադարձի վերաբերյալ, թե ոչ: Ու եթե Հայաստանը չունի, ով պետք է ունենա, ոչ մեկին հետաքրքիր չեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031