«Դուք ընկել եք գումարի հետեւից, ոչ թե խնդրի լուծման»,- խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով նախագծի հեղինակ, իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, ասաց նույն ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նախագիծը վերաբերվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած զինծառայողներին։ Հայկ Սարգսյանն առաջարկում է՝ հնարավորություն տալ նրանց, որպեսզի 15 միլիոն դրամ վճարեն եւ ազատվեն քրեական պատասխանատվությունից։ Նախագիծը թե կառավարության, թե խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ալխաս Ղազարյանն էլ առաջարկում է՝ նրանց համար սահմանել մեկ տարի ութ ամիս ծառայության ժամկետ՝ ելնելով արդարության սկզբունքից, քանի որ զինծառայության ժամկետ է սահմանվել մեկ տարի վեց ամիսը։ Նրա հետ համամիտ է նաեւ կուսակից Արմեն Խաչատրյանը։
«Գումարի հետեւից չենք ընկել․ ովքեր չեն ծառայել, բացը պետք է լրացնեն՝ առաջինը ծառայությամբ, եթե չեն կարող՝ ինչ-ինչ պատճառներով, կարող են վճարել գումար եւ կարճ ծառայեն, եթե ընդհանրապես չեն կարող ծառայել, թող 15 միլիոն վճարեն, դրանով ավելի մեծ գումար են բերում, քան պայմանագրային ծառայության չորս տարիների համար է սահմանված»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ կարող են վճարել նաեւ 8 միլիոն եւ մեկ ամիս ծառայեն, կամ՝ 5 միլիոն դրամ եւ վեց ամիս ծառայեն։
Կարդացեք նաև
Հայկ Սարգսյանը հավելեց․ «Օրենքի ընդունումից անցել է ավելի քան 1 տարի եւ 10 ամիս, այս պահին ունենք հարյուրավոր քաղաքացիներ, ում 27 տարին լրացել է օրենքի ընդունումից հետո: Անհրաժեշտ է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի 5-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը, որպեսզի օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած անձինք նույնպես կարողանան օգտվել այս օրենքից, այլապես նրանք չեն վերադառնա Հայաստանի հանրապետություն, կսպասեն մինչեւ լրանա իրենց 37 տարին եւ վաղեմության հիմքով կարճվի հարուցված քրեական գործը: Մենք կկորցնենք թե՛ մարդկային եւ թե՛ ֆինանսական մեծ ներուժ: Նշեմ նաեւ, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի ընդունումից եւ ուժի մեջ մտնելուց հետո՝ 2024 թվականի փետրվարի 12-ից 2025 թվականի օգոստոսի 1-ն ընկած 17 ամիսների ընթացքում, սույն օրենքից օգտվել է 197 քաղաքացի, նրանք ծառայել եւ/կամ վճարել են սահմանված վճարներ ու հաշվառվել ՀՀ ԶՈՒ պահեստազորում: Պետական բյուջե է մուտքագրվել 1.904.000.000 (մեկ միլիարդ ինը հարյուր չորս միլիոն) դրամ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատեց՝ Հայկ Սարգսյանի նախաբանի խոսքն այն մասին էր, ինչպես կասեր դասականը՝ «ես ճիշտ էի, դուք սխալվեցիք» ու հարցրեց՝ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, որ ՊՆ-ն համաձայնել է, որպեսզի բանակից խուսափածները 15 միլիոն վճարեն եւ խուսափեն քրեական պատասխանատվությունից։ Փոխնախարարի պատասխանից պարզվեց՝ պատգամավորի ներկայացրած լրացուցիչ հիմնավորումներն են ՊՆ-ի համար համոզիչ դարձել։ Թե ի՞նչ լրացուցիչ հիմնավորումների մասին է խոսքը, փոխնախարարը չմանրամասնեց։
Ընդդիմադիր պատգամավորը, նաեւ իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անհանգիստ են, քանի որ կարծում են, այսպիսով` հնարավոր զինծառայողների մոտ բանակից խուսափելու վարքագծային «մշակույթ» կձեւավորվի:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































