«Այսօր ապրիլի 23-ն է․ ութ տարի առաջ մեր ժողովուրդն այս օրը պատմական հաջողության հասավ։ Ընդվզեց իրեն դուր չեկող իշխանության դեմ և հաղթանակ տարավ։ 2018-ի հեղափոխությունից հետո այն սկզբունքները և արժեքները, որոնք դրված էին հեղափոխության հիմքում, ՔՊ-ն մսխեց, սխալ ուղղությամբ տարավ և աղետներ բերեց երկրի ու ժողովրդի համար։ Բացի դրանից, ժողովրդավարության, խոսքի ազատության արժեքներից հեռու մնաց։ Մենք կանգնած ենք բռնապետական կառավարման վտանգի առաջ, որտեղ մեկ անձն է որոշում»,- ԿԸՀ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հակոբ Կարապետյանը։
Նա տեղեկացրեց՝ «Նոր ուժ» կուսակցության թեկնածուների ցուցակը բաղկացած է 87 անձից։ Ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։
Հավաստիացրեց՝ իրենց քաղաքական ուժն իրեն համարում է 2018-ի հեղափոխության ժառանգորդը․ «2021-ին հենց այդ խզման պատճառով ՔՊ-ն անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Տեսնում ենք՝ այն նպատակներն ու պատճառները, որոնք դրել էին այդ գործընթացի հիմքում, կեղծ դուրս եկան։ Այսօր քաղաքը կատաստրոֆիկ կառավարման վիճակում է։ Գալիս ենք մեր այս սկզբունքներին հավատարիմ մնալու»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ո՞ր ուժերի հետ են պատրաստ համագործակցել, Հակոբ Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Այն հավատամքն ունենք, որ պառլամենտարիզմը ենթադրում է համագործակցություն և կոալիցիաներ, որոնք պետք է լինեն ծրագրերի շուրջ։ Իհարկե, բացառվում է ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Մենք հենց ՔՊ-ին հեռացնելու օրակարգ ունենք և բացառում ենք նաև Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժի հետ համագործակցությունը։ Մնացած բոլոր ուժերի հետ համագործակցությունը՝ օրակարգի շուրջ, մեր ծրագրային դրույթներին համահունչ, չի կարելի բացառել»։
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև Հայկ Մարության-Ալեն Սիմոնյան հեռակա բանավեճը։
Հակոբ Կարապետյանն այս առիթով ասաց․ «Երբ Հայկ Մարությանը քննադատում է որևէ գործչի, դա բացառապես այն պատճառով է, որ նա պաշտոն է զբաղեցնում, և քննադատությունը վերաբերում է նրա գործունեությանը։ Հայկ Մարությանն ասում է՝ չի կարելի քաղաքացու վրա թքել, երկրորդը՝ չի կարելի մսխել հանրային միջոցներն այն պարագայում, երբ այս երկիրը բազմաթիվ տնտեսական խնդիրներ ունի։ Սա է քննադատությունը։ Ալեն Սիմոնյանի անձն այստեղ հետաքրքրում է բացառապես այն պատճառով, որ բարձր պետական պաշտոն է զբաղեցնում։ Իսկ Ալեն Սիմոնյանի ասածները զուտ բամբասանք են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































