Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանու հայտարարությունը
Մենք՝ սույն հայտարարությունը ստորագրողներս
– մտահոգված այն իրողությամբ, որ աշխարհը մտել է փոքր ժողովուրդների ու պետությունների համար գոյութենական վտանգներով հղի կոնֆլիկտների փուլ,
– հիշեցնելով, որ սոցիալական արդարության հիմքով ազգային միասնությունն ու համերաշխությունը և գիտական ու տնտեսական ներուժը եղել և մնում են պետությունների և ազգերի գոյատևման գլխավոր գրավականները,
Կարդացեք նաև
– փաստելով, որ մեզանում ահագնացող սոցիալական ու քաղաքական լարումները մեծ մասով հետևանք են անկախացման մեկնարկում որդեգրված տնտեսության վայրի ազատականացման, որը տասնամյակներով ստեղծված արդյունաբերական վիթխարի համալիրը ջարդոնելուց հետո սքողված ու անսքող ձևերով շարունակում է խափանել քաղաքակիրթ ազատականության կայացումը մեզանում,
– ակնհայտ համարելով, որ արտաքին ասպարեզում ՀՀ վարքի վտանգավոր վայրիվերումները բացատրվում են բարդացող միջազգային հարաբերություններին համարժեք ՀՀ արտաքին քաղաքական հայեցակարգի բացակայությամբ,
– անվիճելի դիտելով, որ Հայաստանի ու հայոց համար վերը թվարկված կենսականորեն կարևոր հարցերի պատասխանները մեր ներքին ու արտաքին քաղաքականության պատասխանատուներին կարող է տալ միայն բարձրակարգ հասարակագիտությունը,
– ցավով արձանագրելով, որ ՀՀ իշխանական վերնախավում ավանդույթի բնույթ ստացած քամահրանքը երկրի զարգացման գիտական ապահովման նկատմամբ դարձել է ճակատագրական ձախողումների պատճառ,
համալրվելով նոր անդամներով, Ավագանին վերսկսում է իր աշխատանքը։ Ավագանին գտնում է, որ նույնիսկ պետական պահանջարկի բացակայության պայմաններում հայկական հասարակագիտական միտքն ունի համակարգման կարոտ և ահրաժեշտ ներուժ և այդ բացը գոնե մասնակիորեն փակելու համար երկրի ապագայով մտահոգ մասնագետների ներգրավմամբ սկսում է հանրությանն ուղղված հայտարարություն-վերլուծությունների շարք։ Ավագանու նպատակն է անդրադառնալ վերը նշված և կենսականորեն կարևոր այլ հարցերին՝ հանրությանը ներկայացնելու այն ճշմարտությունները, որոնք կամ անգիտությամբ մատնվում են լռության, կամ աղավաղվում են իշխանության համար մղվող քարոզչական արշավներում՝ դառնալով կանխապես կեղծ գաղափարների շուրջ ներքին պառակտումների գործիք։ Հայտարարություն-վերլուծությունների ձևաչափը չի ենթադրում երկարաշունչ վերլուծություններ: Կփորձենք համառոտ հրապարակումներով հնչեցնել այն հանգուցային գաղափարները, որոնց իմացությունը բանալի է՝ հասկանալու համար նրան առնչվող գործընթացների դաշտը:
Սույնով բացում ենք նախատեսվող հայտարարություն-վերլուծությունների շարքը և նրա թեման առաջիկա խորհրդարանական ընտրություններն են։ Սույն հայտարարությունը ըստ էության հորդոր է ուղղված Հայաստանի Հանրապետության ողջ ընտրազանգվածին։
Սիրելի հայրենակիցներ։ Ավագանին հորդորում է բոլորին անպայման մասնակցել ընտրություններին։ Մենք գիտենք, որ ներկայացուցչական ժողովրդավարության համակարգն ունի խորքային թերություններ։ Բայց նաև գիտենք, որ այդ համակարգը կարող է փոխել միայն այն հասարակությունը, որտեղ չկա անտարբերություն համազգային քաղաքական գործընթացների նկատմամբ։ Երկրի իշխանական կառույցների ձևավորման ընտրություններին մասնակցելը առաջին հերթին քաղաքացիական պարտք է, որ պարտավոր է կատարել մեզնից յուրաքանչյուրը։ Բոլորս պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիս մասնակցությունը ընտրություններին նրա քաղաքական հասունության ու պատասխանատվության, երկրի ապագայով նրա մտահոգության ցուցիչն է։ Կարևոր է ամեն մի քվեն, քանի որ դրանք են ցույց տալիս երկրի ներքաղաքական կացության իրական պատկերը։ Բայց մեծաթիվ ընտրողների կողմից ընտրություններին չմասնակցելը անցանկալի է ոչ միայն այդ պատճառով։ Ավելի լուրջ վտանգն այն է, որ մեծանում է հավանականությունը այնպիսի քաղաքական ուժի կողմից իշխանության ձևավորումը, որն ունի ազգաբնակչության փոքր մասի մանդատը, բայց խոսում է ողջ ազգի անունից, այդ թվում և նրանց անունից, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին։ Այդ վտանգը մեծ է հատկապես փոքր երկրների համար։ Ավագանին գտնում է, որ պետք է հետևել այն պետությունների օրինակին, որոնցում ընտրություններին չմասնակցելը պատժվում է՝ ընդհուպ մինչև քաղաքացիությունից զրկելը։ Եվ որքան շուտ արվի դա, այնքան լավ կլինի։
Հաշվի առնելով հարցի կարևորությունը, Ավագանին հորդորում է ՀՀ Ազգային ժողովին՝ մինչև ընտրություններն ընդունել օրենք, որը կպարտավորեցնի քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։
Ընտրական իրավունք ունեցող սիրելի հայրենակիցներ։ Նորից հորդորում ենք ձեզ առանց վարարման մասնակցել առաջիկա ընտրություններին։ Լինենք Հայաստանի Հանրապետության արժանապատիվ և պատասխանատու քաղաքացիներ, ոչ թե սոսկ բնակիչներ։
Հետևեք մեր հայտարարություն-վերլուծություններին և տարածեք դրանք։ Առաջիկայում Ավագանին հանդես կգա հաջորդ հայտարարությամբ։
1․ Աղալովյան Լենսեր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
2․ Ավագյան Արծրուն, պրոֆեսոր
3․ Մանասյան Ալեքսանդր, ՀՀ ԳԱԱ թղտակից անդամ,
3․ Մելիքյան Գուրգեն, պրոֆեսոր
4․ Մելքոնյան Աշոտ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
5․ Պետրոսյան Վազգեն, քաղաքագետ
6․ Սարգսյան Ազատ, առաջատար գիտաշխատող
7․ Վարդումյան Հովիկ, գրող, ազատամարտիկ
ք․ Երևան, 23 ապրիլ, 2026 թ․


















































