«Մենք ոչ թե գործողության համար էինք հրավիրել, այլ տեղեկացրել էինք, որ այս ժամին ԿԸՀ-ից պատասխան ենք ակնկալում։ Մենք ավելի շատ ակնկալում էինք, որ քաղաքական ուժերը անտարբեր չեն մնա իրենց բոլորին վերաբերող հարցի նկատմամբ, որովհետեւ եթե իրենք ընդդիմադիր դաշտում են, իրենք դժգոհ են իշխանություններից։
Դժգոհությունները հազար պատճառ կարող են ունենալ, բայց ընտրություններից առաջ շատ կարեւոր է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը։ Եվ քանի որ այդ հարցում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շատ մեծ սխալ էին թույլ տվել, մենք մեզ իրավունք վերապահեցինք նախազգուշացնել ԿԸՀ-ին, ավելին, կոչ անել՝ օրենքով իրենց ընձեռած հնարավորությունների շրջանակներում արգելել անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավորների մասնակցությունը ընտրություններին, որովհետեւ ակնհայտ է, որ կոռուպցիոն հանցագործություն է տեղի ունեցել։
Հիմա արդեն նույն բանը մենք շարունակելու ենք այլ շեշտադրմամբ։ Ոչ թե արգելել, այլ չեղարկել, եթե արդեն գրանցված են։ Քիչ առաջ քննարկում էինք, ոմանք դա կարող են ակցիայի մաս համարել, թե արդյո՞ք տեղին չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դիմել, որ կատարվել է կոռուպցիոն հանցանք՝ խախտվել է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, եւ այդ խախտումը թույլ տված քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչները մասնակցում են ընտրություններին։ Բայց նախնական որոշեցինք, որ ամենայն հավանականությամբ եւս մեկ հնարավորություն կտանք ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին՝ հավանաբար ուրբաթ օրը երեւի ժամը 16։00-ին հավաքվել այստեղ եւ ասել, որ ԿԸՀ անաչառ չես։ Դու բոլոր քաղաքական ուժերից պահանջում էիր Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի լիարժեք կատարում, բայց երբ գործը հասավ Նիկոլ Փաշինյանին, դու քո կեցվածքը փոխեցիր։
Մի բան էլ կա. մենք ընտրություններին քանի որ չենք մասնակցում, մեր խոսքն անաչառ է այս դեպքում։ Եվ անաչառ խոսքը դուք չլսեցիք՝ առաջնորդվեցիք իշխանությունների ապօրինի ճնշմանը ենթարկվելով։ Իսկ իշխանությունների կողմից ապօրինի ճնշման գործադրումը նույնպես հանցանք է»,-ԿԸՀ առջեւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































