Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանում Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ՆԳՆ նախարար Արփինե Հակոբյանը։
ՆԳՆ նախարարի խոսքով՝ արդեն երկրորդ անգամ իրականացվող հետազոտության արդյունքների բաց և թափանցիկ ներկայացումը ՆԳՆ նախարարությունը դիտարկում է որպես հանրության հետ կապի կարևոր խողովակ։ Արդյունքները հնարավորություն են տալիս ոչ միայն արձանագրել ձեռքբերումները, այլև բացահայտել այն ուղղությունները, որտեղ լրացուցիչ աշխատանքի կարիք կա։
Հարցմանը մասնակցած 1812 անձանց 69,1%-ը Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ, ինչը 2024 թվականին արձանագրված 65,2% ցուցանիշի համեմատ աճել է 3,9%-ով։ 92,1%-ը նշել է, որ ցերեկային ժամերին միայնակ փողոց դուրս գալիս իրեն ապահով է զգում, իսկ գիշերային ժամերին ապահովության զգացողության ցուցանիշն աճել է 2,6%-ով՝ կազմելով 77,4%։
Հարցվածների 52,8%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է Ոստիկանությանը. հանրագումարային ցուցանիշն աճել է 7,5%-ով. 21,8%-ը Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը չեզոք է գնահատել։ Միևնույն ժամանակ նվազել է Ոստիկանությանը չվստահող քաղաքացիների թիվը՝ կազմելով 21,2%։
ՆԳՆ նախարարն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ հարցվածների 74,6 %-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք վերաբերմունք:
Մանրամասները՝ այստեղ։


















































