Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի՝ Չինաստան այցից ակնկալվում է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների կայունացման փորձ, այլ ոչ թե «մեծ պատմական համաձայնագիր». Արտակ Զաքարյան

Մայիս 13,2026 14:41 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուսումնասիրելով գլոբալ զարգացումները՝ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այսօրվա այցից, առաջին հերթին ակնկալվում է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների կայունացման փորձ, այլ ոչ թե «մեծ պատմական համաձայնագիր»։ Օրակարգի գլխավոր թեմաներն են՝ առևտուրը, տեխնոլոգիաները և հատկապես ԱԲ-ն, Թայվանի շուրջ իրավիճակը, Իրանի հակամարտության հետ կապված հարցեր և համաշխարհային տնտեսություն ու հաղորդակցություններ։

Ամենահավանական զարգացումները հետևյալն են՝

Առևտրային «հրադադարի» երկարաձգում։ Մաքսատուրքերի և հազվագյուտ մետաղների սահմանափակումների շուրջ փոխադարձ սպառնալիքներից հետո՝ երկու կողմերն էլ շահագրգռված են գոնե ժամանակավորապես նվազեցնել լարվածությունը։ Հենց դա էլ ակնկալում են համաշխարհային շուկաները։

Մասնակի տնտեսական համաձայնություններ։ ԱՄՆ-ը ցանկանում է՝

ընդլայնել ամերիկյան ապրանքների գնումները Չինաստանի կողմից,

ապահովել հազվագյուտ մետաղների կայուն մատակարարումները,

թուլացնել ճնշումը ամերիկյան բիզնեսի նկատմամբ։

Չինաստանն իր հերթին ձգտում է թուլացնել ԱՄՆ-ի կողմից չիպերի և բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակումները։

Ընդհանուր առմամբ՝ բեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում: Սակայն արդեն իսկ հաջողություն պետք է համարել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև «կառավարվող մրցակցության» պահպանումը։

Թայվանի հարցում ևս վերջնական որոշումներ չի ակնկալվում։ Սա ամենազգայուն թեմաներից մեկն է։ Պեկինը պահանջելու է նվազեցնել Թայվանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը, սակայն Թրամփի հնարավորություններն իրական զիջումների համար՝ սահմանափակ են, ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշման պատճառով։

Նախագահ Թրամփը փորձելու է Չինաստանին որևէ կերպ ներգրավվել կամ գոնե պայմանավորվել, Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում։ Վաշինգտոնը շահագրգռված է, որպեսզի Պեկինն օգնի նվազեցնել Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերը և ազդեցություն գործադրի Թեհրանի վրա։ Դժվար է ասել՝ արդյոք Չինաստանը կընդունի դա որպես սակարկության թեմա, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ կապված է պատժամիջոցների և տեխնոլոգիաների շուրջ հարցում ձեռքբերվելիք պայմանավորվածությունից։

Հավանական քննարկում է սպասվում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։ Շատ փորձագետներ կարծում են, որ այստեղ ԱՄՆ-ն դժվար թե հասնի էական զիջումների Պեկինի կողմից։

Քաղաքական առումով այցը կարևոր է նաև այն պատճառով, որ սա երկար տարիներից հետո՝ Թրամփի առաջին լիարժեք այցն է Չինաստան: Երկու կողմերն էլ ցանկանում են ցույց տալ, որ կարող են պահպանել ուղիղ երկխոսությունը՝ չնայած գոյություն ունեցող հակադրություններին և առկա ռեգիոնալ հակամարտությանը։

Եթե ավելի լայն նայենք, ապա աշխարհի համար գլխավոր հարցն այն է, թե արդյոք ներկայիս ամերիկա-չինական մրցակցությունը կվերածվի երկարատև «սառը տնտեսական հակամարտության», թե՞ կողմերը կկարողանան այն պահել վերահսկվող շրջանակներում։ Թրամփի այս այցն՝ ամենայն հավանականությամբ, վերաբերում է երկրորդ տարբերակին։

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031