Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարենը՝ մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելով ասում է «մենք այդքան զոհ չենք ունեցել». «Չորրորդ իշխանություն»

Մայիս 16,2026 09:30 Share

44-օրյա պատերազմում ունեցել ենք 3981 զոհ և 191 անհայտ կորած։ Այս թվերը պաշտոնապես հրապարակել է ՀՀ Քննչական կոմիտեն՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման։ Համաձայնվեք, որ եթե պատերազմի ավարտից 5 տարի անց 191 հոգի անհայտ կորած է համարվում՝ նրանց ողջ գտնելու հավանականությունը չնչին է։

2022-ին Ջերմուկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում ունեցել ենք 220 զոհ, 2023-ի «մեկօրյա պատերազմում»՝ 223 զոհ։ Այս տվյալներն անգամ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքում են ներառված։ Բացի այդ, Իշխանասարի ուղղությամբ ունեցել ենք 6 զոհ, Ներքին Հանդի ուղղությամբ՝ 4 զոհ (սրանք ՀՀ ՊՆ հրապարակած պաշտոնական թվերն են)։ Ընդհանուր թիվը դարձավ 4625։ Այս թվին պետք է ավելացնել նաև բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 219 զոհերին և 22 անհայտ կորածներին, ինչպես նաև մոտ մեկ շաբաթ տևած բռնագաղթի ճանապարհին արձանագրված 82 մահերը։ Ինչու՝ որովհետև այդ զոհերը չէին լինի, եթե չլիներ պատերազմն ու պարտությունը։

Այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը կազմում է 4948։ Ուշադրություն դարձրեք՝ այս թվում ընդհանրապես ներառված չեն 2021-ի մայիսյան ներխուժման տվյալները, Քարագլուխ գյուղի մարտերը, առանձին կրակոցների արդյունքում մեր ունեցած զոհերը, Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքում թերսնման կամ դեղորայքի բացակայության պատճառով արձանագրված մահերը, և այլն։ Եթե այդ թվերը նույնպես ավելացնենք՝ հաստատ 5000-ը կգերազանցի։ Բայց նույնիսկ դրանք չհաշված՝ ունեցել ենք 4948 զոհ, ուստի արձանագրում ենք 4948-ը, և հատուկ շեշտում ենք՝ ըստ Նիկոլ Փաշինյանի կառավարության տարբեր գերատեսչությունների հրապարակած պաշտոնական տվյալների։

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է ասել, որ այդ զոհերի մի մասի համար ինքն ուղղակի պատասխանատվություն չի կրում, բայց այդպես չի ասում։ Չի ասում՝ «գիտե՞ք ինչ, սիրելի ժողովուրդ, մենք իսկապես 5 հազար զոհ ենք ունեցել, բայց նրանց մի մասի զոհվելու մեղավորը ես չեմ»։ Փոխարենը՝ մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելով ասում է «մենք այդքան զոհ չենք ունեցել», ու դեռ մի բան էլ հոխորտում է բոլոր նրանց վրա, ովքեր բարձրաձայնում են այդ թիվը։

Այ սա՛ է ցինիզմի գագաթնակետը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031