ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի հիմնական նպատակը տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիների՝ պատգամավորների մոտ ընդունելության հասանելիության ապահովումն է՝ սահմանելով նաեւ տեսակապի միջոցով ընդունելության հնարավորություն:
Հիմնական զեկուցողի խոսքով գործող կարգավորումներով պատգամավորներն ունեն ընդունելության օրեր եւ պարբերաբար քաղաքացիներ են ընդունում: «Իհարկե, քաղաքացիները նախընտրում են անձամբ մասնակցել այդ ընդունելություններին, սակայն կան դեպքեր, երբ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ֆիզիկապես ներկայանալ»,- նշել է պատգամավորը: Զարուհի Բաթոյանն ընդգծել է, որ նախագիծը մշակվել է նաեւ քաղաքացիների առաջարկների հիման վրա՝ ապահովելու համար տեսակապի միջոցով ընդունելության կազմակերպման հնարավորություն:
Նշվել է, որ հնարավորությունը պարտադիր պայման չի լինելու:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացման այս դարում նման նախագիծը սպասված է: Նշվել է, որ նախագիծը բավականին երկար եւ մանրամասն քննարվել է, ձեւակերպումները հստակեցվել եւ շրջանակները նեղացվել են:
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ հետագա գործընթացում Ազգային ժողովի աշխատակազմը կսահմանի անհրաժեշտ ընթացակարգերը՝ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն՝ հաստատելու համար, որ քաղաքացին ունի տեղաշարժման դժվարություններ: Այդպիսով կբացառվեն հնարավոր չարաշահումները եւ անորոշությունները»,- ասել է նա:
Պատգամավորն ընդգծել է, որ քաղաքացիների հետ հանդիպումները յուրաքանչյուր պատգամավորի առաջնային պարտականություններից են: Առաջարկվող կարգավորումը լրացուցիչ հնարավորություն կստեղծի, որպեսզի որեւէ քաղաքացի իր ֆիզիկական դժվարությունների պատճառով զրկված չլինի պատգամավորի հետ շփվելու հնարավորությունից:
Կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի խոսքով ներկայացվող նախաձեռնությամբ սահմանվում է լրացուցիչ գործիք, որը հնարավորություն կտա որոշակի խոցելի իրավիճակում գտնվող քաղաքացիներին պատշաճ կերպով իրացնել իրենց իրավունքները, մասնավորապես՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ շփման տեսանկյունից: Ըստ նրա՝ նախագիծը նաեւ պատգամավորներին է տալիս լրացուցիչ հնարավորություն՝ իրենց գործառույթների իրականացման համար կիրառելու նոր գործիքակազմ:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ին հրավիրված նիստում:
ԱԺ

















































