Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ կանոնադրական պատժամիջոցների գործադրումը՝ Երևանի համար կունենա զուտ ձևական բնույթ, քանի որ ՀՀ-ն արդեն տևական ժամանակ է, ինչ դե-ֆակտո սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին. «168 ժամ»

Հունիս 11,2026 11:26 Share

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկել է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի հանդեպ կանոնադրական հոդվածներ են կիրառելու։

168․am-ը դիտարկեց ՀԱՊԿ Կանոնադրությունը՝ հասկանալու համար, թե ինչ միջոցներ կարող է կիրառել ՀԱՊԿ-ը Հայաստանի նկատմամբ, որը չի վճարում ՀԱՊԿ անդամավճարը։ Այս կանոնադրության մեջ հստակ սահմանված է, թե ինչ իրավական հետևանքներ են առաջանում, երբ անդամ պետությունը չի կատարում բյուջետային վճարումները (անդամավճարները)։ Տվյալ իրավիճակի համար կիրառելի է կանոնադրության Գլուխ IX-ի («Ֆինանսավորում») Հոդված 25-ը: Հոդվածում մասնավորապես ասվում է․

«Անդամ պետությունների կողմից Կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքերի մարման պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում, Խորհուրդը որոշում է կայացնում՝ կասեցնել տվյալ պետության քաղաքացիներին Կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկել Կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը»։

Հիշատակենք Կանոնադրությունից լրացուցիչ կարևոր դրույթներ, որոնք նույնպես առնչվում են այս գործընթացին. ՀԱՊԿ Կանոնադրությունը սահմանում է նաև որոշման կայացման կարգը հոդված 12-ում և 20-ում։ Չնայած ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով (համաձայնությամբ), ապա պարտավորությունները չկատարող երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելիս կամ նրա լիազորությունները սահմանափակելիս՝ որոշումը կայացվում է առանց այդ պետության ձայնը հաշվի առնելու (ըստ Հոդված 20-ի տրամաբանության, որը վերաբերում է պարտավորությունների ընդհանուր չկատարմանը)։ Կանոնադրության 24-րդ հոդվածում նշված է, որ «Կազմակերպության բյուջեն չի կարող պակասուրդ ունենալ»։ Ուստի, եթե որևէ երկիր պաշտոնապես չվճարի ՀԱՊԿ անդամավճարները 2 տարի շարունակ, ապա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը (մյուս անդամ երկրների ղեկավարները) իրավունք ունեն զրկել տվյալ երկրին ձայնի իրավունքից և արգելել այդ երկրի պաշտոնյաներին նշանակվել ՀԱՊԿ կառույցներում քվոտային պաշտոնների։ Խոսելով Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ կանոնադրությունը գործարկելու մասին, ՌԴ ԱԳ նախարարը թերևս կանոնադրության վերոնշյալ «պատժամիջոցները» նկատի ուներ։ Սակայն այստեղ հարկ է նաև պարզաբանել, որ ՀՀ իշխանությունները, հայտարարելով ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, այս երկու տարիների ընթացքում չեն մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, չեն օգտվում նաև ՀԱՊԿ-ում իր իրավունքներից, քվոտաներից։

Նշենք, որ ՀԱՊԿ կանոնադրությունը հստակ նախատեսում է այն դեպքերը, երբ անդամ պետությունը կարող է զրկվել (հեռացվել) կազմակերպության անդամությունից: Դրա համար կիրառելի է կանոնադրության Գլուխ VI-ի («Անդամակցություն») Հոդված 20-ը: Կանոնադրությունը սահմանում է երկփուլանի գործընթաց՝ կազմակերպությունից հեռացնելու համար․ առաջին քայլ՝ լիազորությունների կասեցում․ եթե անդամ պետությունը չի կատարում՝ Կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի (երկրների ղեկավարների) որոշումները, ՀԱՊԿ մյուս մարմինների որոշումները: Այս դեպքում ՀԱՊԿ Խորհուրդը կարող է կասեցնել տվյալ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը (օրինակ՝ թույլ չտալ մասնակցել նիստերին, զորավարժություններին և այլն)։

Երկրորդ քայլ՝ կազմակերպությունից հեռացում, եթե անդամ պետությունը, անգամ լիազորությունների կասեցումից հետո, շարունակում է չկատարել իր պարտավորությունները, ապա Խորհուրդը կարող է որոշում կայացնել նրան կազմակերպությունից բացառելու (հեռացնելու) մասին: 20-րդ հոդվածով Մոսկվան և ՀԱՊԿ մյուս անդամները կարող են հավաքվել և առանց Հայաստանի համաձայնության՝ նրան զրկել անդամակցությունից, եթե գտնեն, որ Երևանը խախտում է կանոնադրությունը կամ չի կատարում պարտավորությունները: ՀԱՊԿ կանոնադրական պատժամիջոցների հնարավոր գործադրումը՝ լինի դա ձայնի իրավունքից զրկում, թե անդամակցության պաշտոնական կասեցում, պաշտոնական Երևանի համար, ըստ էության, կունենա զուտ ձևական բնույթ և որևէ էական հետևանք չի գործի, քանի որ Հայաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ դե-ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կառույցի աշխատանքներին, բոյկոտում է նիստերն ու միջոցառումները։ Մոսկվայի կողմից իրավական այս լծակների կիրառումը միայն դե յուրե կարձանագրի այն իրողությունը, որն առանց այդ էլ գոյություն ունի գետնի վրա։

Արաքս Մարտիրոսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930