Լրահոս
Օրվա լրահոսը

Արմանը ինձ մտերիմ մարդ է, բայց ես որեւէ մեկին գումար չեմ տվել. Ղազինյանը իր անվան հետ կապվող ձայնագրության մասին

Հունիս 17,2026 13:08 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը:

«Գործի բովանդակային հանգամանքներն այս պահին հասանելի չեն: Բայց Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ելնելով իր նորարարական գործելաոճից, հանրայանացրել էր բովանդակությունը: Մենք չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի ռեժիմի մասին: Որովհետեւ ձայնագրությունը հանրայանացվել է 2026-ի հունիսի 5-ին: Այսքան ժամանակահատված բոլոր տվյալները եղել են հանրային ու հասանելի: Այսօր պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովում խոսենք քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու համաձայնությա՞ն մասին: Չէ՞ որ կալանքը վերաբերում է այնպիսի դեպքերին, երբ անձը կարող է խոչընդոտել, թաքնվել կամ կատարել նոր հանցավոր արարք: Հունիսի 5-ից քրեական վարույթի վերաբերյալ ի՞նչ ոչ պատշաճ վարքագծի ռիսկ կարող է լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Անդրադառնալով ենթադրյալ ընտրակաշառքին ու Ղազինյանին վերագրվող ձայնագրությանը՝ Վարդեւանյանն ասաց՝ դա երրորդ անձի կողմից մեկ այլ անձի մասին զրույց է: Վարդեւանյանն ասաց, որ իրենց կուսակցությունից նման միջնորդություն է քննարկվելու նաեւ Վահե Եղիազարյանի վերաբերյալ:

Դավիթ Ղազինյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ սկսված գործընթացը իշխանության վախերի մասին է, ուղղված է իր ակտիվության եւ «Ուժեղ Հայաստանի» դեմ:

Անդրադառնալով իրեն վերագրվող ձայնագրության այն դրվագին, որտեղ նշվում էր, որ Ղազինյան Դավոն մեկ միլիոն դրամ տվել է Արմանին, Ղազինյանն այսպես մեկնաբանեց. «Արմանը ինձ մտերիմ անձ է, եթե այդ Արմանի մասին է խոսում, բայց ես որեւէ մեկին որեւէ գումար չեմ տվել: Չգիտեմ՝ ով ում է տվել, չկա այդպիսի գումար»:

Ղազինյանը նաեւ հավելեց, որ ենթադրում է՝ ԿԸՀ-ն կտա իր համաձայնությունը իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով ու ինքը կկալանավորվի:

«Պրոցես է, բոլոր էլ պատրաստ ենք»,- ասաց Ղազինյանը:

Հիշեցնենք, որ քվեարկության նախորդ օրը՝ լռության օրվա պայմաններում նշելով կուսակցության անունը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր, որ «դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930