Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն արտահերթ ընտրությունների գնալու մտադրություն չունի

Հունիս 17,2026 14:19 Share

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագիծ է նախապատրաստում՝ համապետական ընտրություններին և հանրահավաքներին մասնակցելու համար բնակության ցենզ սահմանելու մասին։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ այն քաղաքացիները, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 6 ամիս (183 օր) բացակայել են երկրից, ժամանակավորապես կզրկվեն քվեարկության իրավունքից, քանի որ նրանց կենսական շահերի կենտրոնը գտնվում է հանրապետության սահմաններից դուրս։ Ըստ Ալխաս Ղազարյանի՝ այսօրինակ սահմանափակումները հաջողությամբ կիրառվում են արտասահմանյան շատ երկրներում, որտեղ ընտրողները բաժանվում են ակտիվ և պասիվ խմբերի։

Նախագծում նաև նախատեսված են մի շարք բացառություններ, այդ թվում՝ արտերկրում սովորող, պետական ծառայության մեջ գտնվող կամ դիվանագիտական առաքելություն իրականացնող քաղաքացիների համար։ Այս ցանկը կարող է ընդլայնվել նաև՝ ներառելով բուժման նպատակով մեկնածներին։

«Մենք բոլորս ապրում ու մնում ենք Հայաստանում, և անթույլատրելի է, որ այն մարդիկ, ովքեր իրենց ապագան ընդհանրապես չեն կապում մեր երկրի հետ ու պարզապես անձնագիր ունեն, մեր փոխարեն որոշեն, թե մենք ինչպիսի իշխանություն պետք է ունենանք և ինչպես պետք է ապրենք հետո»,- ասաց Ալխաս Ղազարյանը՝ հավելելով, որ այս արմատական բարեփոխումների անհրաժեշտությունն առաջացել է վերջին ընտրությունների հետքերով․ «Արձանագրվել են քաղաքացիների կազմակերպված, զանգվածային հոսքեր, որոնք Հայաստան էին ժամանում բացառապես քվեարկությանը մասնակցելու համար և անմիջապես վերադառնում էին»։

Ալխաս Ղազարյանը հստակ վիճակագրական տվյալներ չուներ արտերկրից քվեարկության համար Հայաստան ժամանածների թվի վերաբերյալ։ Թիվը խոստացավ ներկայացնել ԱԺ լիագումար նիստում հիմնական զեկույցի ժամանակ։

Մինչդեռ հիշեցնենք՝ 2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։ Տարբերությունը եղել է 13 հազար 390 ՀՀ քաղաքացի կամ 7,5 տոկոսով պակաս։

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ քվեարկության ավարտից անմիջապես հետո այս սահմանափակումների շտապ ներդրումը քաղաքական ենթատեքստ ունի՞, քանի որ խոսակցություններ կան, թե իշխանությունները պատրաստվում են խորհրդարանի արտահերթ արձակմանը, Ալխաս Ղազարյանը պատասխանեց․ «Մենք արտահերթ ընտրությունների գնալու բացարձակապես ոչ մի մտադրություն չունենք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930