Այսօր Չքնաղ գյուղում նշվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 22-րդ տարեդարձը:
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ տարիներ շարունակ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ էր բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը:
Տոնի առիթվ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա Պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը։
Կարդացեք նաև
Տեր Հայրը Սուրբ Պատարագի ընթացքում հնչեցրած իր քարոզում երախտագիտության խոսք ուղղեց եկեղեցու բարերար ընտանիքին՝ եկեղեցու հանդեպ նրանց մշտական սիրո, նվիրումի և հոգածու վերաբերմունքի համար։
Անդրադառնալով օրվա խորհրդին, եկեղեցու դերին և ազգային ու հոգևոր արժեքների պահպանման կարևորությանը՝ Պատարագիչ հոգևորականը նշեց.
«Այսօր, Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ, մեզ է վստահվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից բերված Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը, որպեսզի մեծ օրհնություն ստանանք և օրհնված վերադառնանք մեր ընտանիքներ։ Մենք հավատում ենք, որ մեր սրբերի մասունքները մեծ ուժ և զորություն ունեն, որովհետև նրանք իրենց նվիրական հավատքով նահատակվեցին հանուն Քրիստոսի և Քրիստոսն է, որ իմաստ և բովանդակություն է տալիս այս Սուրբ Պատարագին:
Այսօր ամենքս ուխտավորաբար ելել ենք փնտրելու մեր Տիրոջը, որովհետև Ինքը, որպես Բարի Հովիվ, Իր հովվությունն է բերել մեր կյանքի մեջ։
Լսենք Աստծո ձայնը, որ մեզ ասում է. «Արի՛, իմ բարի զավակ, արի՛ Հոր արքայությունից ներս, որովհետև Դրախտը քեզ համար է պատրաստվել»։ Այսօր Սուրբ Ստեփանոս եկեղեցին մեզ կանչել է, որպեսզի վերականգնենք մեր կորցրած սերը, ջերմությունը և բարեկամությունը Աստծու հետ։ Մեր Տերը կանչեց, որպեսզի Իր ձայնը մեզ համար ծանոթ լինի։
Ապրենք այնպես, որ մեր Տիրոջ ձայնը մեզ լսելի լինի, մեզ հարազատ լինի, և երբ Նա կանչի ու ասի՝ «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալ զավակներ», մենք հավաքվենք և ասենք. «Այս ձայնը մեր Տիրոջ ձայնն է»։
Հավարտ Պատարագի Սուրբ մասունքով կատարվեց Անդաստանի արարողություն:
Սուրբ Պատարագին ներկա էին եկեղեցու բարերարներ, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ























































