Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին

Սեպտեմբեր 04,2026 20:05 Share

Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին։

Միտրոպոլիտ Անտոնին Նորին Սրբությանը փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով Ռուս Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը Հայոց Եկեղեցուն։ Նորին Սրբազնությունը անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` անընդունելի նկատելով աշխարհիկ իշխանությունների կողմից որևէ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու աղոթքները բերեց միտրոպոլիտ Անտոնիի գլխավորած պատվիրակությանը։ Նորին Սրբությունը մասնավոր իր երախտագիտությունը հայտնեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից Հայոց Եկեղեցուն և Հայոց Հայրապետի նկատմամբ մշտապես դրսևորվող ջերմ վերաբերմունքի և զորակցության համար։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու Եկեղեցիների հարաբերություններին ու գործակցությանը՝ մաղթելով, որ ամուր և հաստատուն լինի այդ եղբայրությունը և ծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա կապերի զորացմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումներին և հետապնդումներին։ Ընդգծվեց, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ և ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնները փոխանցեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին՝ մաղթելով քաջառողջություն և գահակալության երկար ու արդյունավոր տարիներ՝ ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր իր հոտի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել