Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ինքնակամ ոստիկանություն է ներկայացել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդին՝ Կամո Գրիգորյանը, որը մեկ տարի է՝ գտնվում է հետախուզման մեջ՝ Գյումրու պատմական կենտրոնում գտնվող «Հացատան» դիմաց հնչած կրակոցների գործով։
Մեր այս տեղեկությունը հաստատել են տեղի ոստիկանությունից։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Կամո Գրիգորյանին երկամսյա կալանքի է ենթարկել՝ սահմանափակելով նրա տեսակցություններն անգամ հարազատների հետ։ Ի դեպ, Կամո Գրիգորյանը երկու մանկահասակ երեխաների հայր է։
Հիշեցնենք, որ «Գյումրի հացատան» դիմաց վիճաբանություն էր տեղի ունեցել անցած տարվա հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը։ Վիճաբանությունն ուղեկցվել էր ծեծկռտուքով, ապա՝ կրակոցներով։
Կարդացեք նաև
Ըստ տեղեկությունների, մասնակիցներից մեկն իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց էր արձակել, ըստ օպերատիվ տվյալների՝ 1 հոգի վիրավորում էր ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:
Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ «Գյումրի hացատան» դիմաց տեղի ունեցած միջադեպը կապված էր Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ․ կրակոցներ արձակելու մեծ կասկածվող անձը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի մտերիմ, տարիներ առաջ Գյումրու կենտրոնում օրը ցերեկով սպանված Արտյոմ Կարապետյանի՝ Շեկոյի որդին է՝ Վ․ Կարապետյանը։
Վ․ Կարապետյանը, տեսնելով Մարտուն Գրիգորյանի որդուն՝ Կամոյին, հաշիվ էր պահանջել նրանից, թե ինչու է իր հայրը քաղաքապետ դարձրել Վարդան Ղուկասյանին, երբ թափված արյուն կա։
Հիշեցնենք, որ Շեկոյի սպանության գործով Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման, նա դեռ քրեակատարողական հիմնարկում է, իր պատիժն է կրում։
Արտյոմ Կարապետյանի որդին ևս կալանավորվել էր, այնուհետ ենթարկվել տնային կալանքի։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































