Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ բարևներ՝ շա՜տ-շա՜տ»․ Մարտուն Գրիգորյանը դատարան մտավ բարձր տրամադրությամբ

Հոկտեմբեր 08,2026 15:47 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, այժմ տեղի է ունենում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով դատական նիստը։

Մարտուն Գրիգորյանը մեղադրվում է ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեջ։

Հիշեցնենք, որ նա պատգամավորի թեկնածու էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով։ Նրա առանձնատանը, ավտոմեքենայում, գրասենյակում խուզարկություն սկսվեց այն բանից հետո, երբ պատգամավորի թեկնածուն Գյումրու թատրոնի դահլիճում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե «Գյումրի 2» լինելու է։

Նախորդ դատական նիստի ժամանակ նրա կալանքը երկարացվեց երեք ամսով։ Մարտուն Գրիգորյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ ոչնչից չի վախենում, իր համոզմունքներն ու սկզբունքները չեն փոխվելու, պետք էր իրեն կալանավայր ուղարկեին, դա հաջողվել է։

Այսօր նա դատարանի դահլիճ մտավ բարձր տրամադրությամբ, տեսնելով հարազատ մարդկանց՝ սկսեց ողջագուրվել, ժպտալ, ձեռքը թափահարելով՝ բարևներ ուղարկել։

«Շատ բարևներ՝ շա՜տ-շա՜տ»,- գյումրեցիների անունից փոխանցեց Մարտուն Գրիգորյանի հիմնած քաղաքական ուժի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։ Ի պատասխան Մարտուն Գրիգորյանն ասաց՝ «Սաղին բարևներ»։

Դատարանն այսօր նախնական դատալսումների փուլն ավարտեց՝ անցնելով հիմնական դատալսումներին։ Դատավորը, դիմելով դատարանի դահլիճում նստածներին, հարցրեց․«Սույն քրեական գործով դատակոչված վկաներ կա՞ն, դատարանը ձեզ անձամբ չի ճանաչում, ձեր բարեկրթության վրա է հույսը դնում, եթե կան վկաներ, խնդրում ենք դուրս գան»։

Որևէ մեկը չարձագանքեց։ «Վկաներ չան»-եզրակացրեց դատավորը ու հնարավորություն տվեց կողմերին՝ հանդես գալու բացման խոսքով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել