ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո նրա փաստաբաններից մեկը՝ Արսեն Բաբայանը, լրագրողների հետ ճեպազրույցում որոշակի մանրամասներ է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը մեղադրվում է ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեջ։
Արսեն Բաբայանն ասել է․ «Դատախազի՝ դատարանում ներկայացրած ձայնագրությունների, այսպես ասած, ներքին ու արտաքին դիտումները մենք չենք ստացել, և ես առանձին գրավոր դիմել եմ այս գործով քննչական խմբի ղեկավարին, սպասում եմ պատասխանին։
Ուզում եմ այստեղ հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, թե ի՞նչ ենք պահանջում դատախազից։
Կարդացեք նաև
Մասնավորապես գործընկերս՝ պարոն Հարությունյանը դատախազին ասում էր, որ մատնանշիր այն վկային, որի ցուցմունքով հաստատվում է, որ այդ գործողությունն իրականացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից, որովհետև մեղադրանքի գոյությունը հենց միայն այս ապացույցի գոյությամբ կարող է պայմանավորված լինի։
Ինչպես տեսաք, չներկայացվեց կոնկրետ որ վկան է, ասեմ ավելի, չկա այդպիսի վկա, որը նման բան հաստատած լինի»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































