Օրեր առաջ բարձրաձայնվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պայմանների մասին, երբ քաղաքական ակտիվիստ Օսիպյանը կալանավորվեց և հայտնվեց կարճ ժամանակով այդտեղ։ Ներկայացնենք Գոհար Արշակյանի «Նվիրյալը կամ անուղղելի ռոմանտիկը» այլևս արխիվային գրքից մի հատված. իրավապաշտպան, ԳԽ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի բանտային կյանքից։ Աղասու 2-րդ՝ 1989 թ. մարտի ձերբակալությունից հետո նրան պահել էին Սովետաշենի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում։ Նա՝ որպես թիվ 35 մեկուսարանի ապօրինի կալանավոր, դիմում է ներկայացրել մեկուսարանի պետին, Հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի նախագահ ընկ. Ա. Գեւորգյանին, ՀՍՍՀ դատախազ ընկ. Վ. Նազարյանին։
Բ Ա Ն Տ Ո Ւ Մ
Հարգելի ընկեր նախագահ, թերեւս հանրապետությունում միակ իրավասու անձը Դուք եք մնացել, որին չեմ դիմել իմ դեմ կատարված անօրինության ու բռնության հարցով։ Հաստատ համոզված էի, որ Ձեզ, իրոք, չեմ դիմի, առավել եւս, որ մարտի 2-ին Ձեր տնօրինությունում ավարտված «Զվարթնոց»-ի դատավարությունից հետո, որին ես ուշի-ուշով հետեւում էի եւ մի ավելորդ անգամ եւս համոզվեցի, թե որքան խեղճ ենք, որքան մեղք ենք ու ստրուկ, ինչքան կախյալ ենք, վախկոտ ու կամակատար (ողբ՝ մեր ազգին)։ Սակայն կարդալով «Սովետական Հայաստանի» մարտի 14-ի համարում տպագրված Ձեր հարցազրույցը, իմ մեջ, կարծես, հավատի, հույսի մի փոքր լույս ծագեց, որն արդեն 3 ամիս է, ինչ անդարձ մարել էր։ Ճիշտն ասած, ես այդքան միամիտ չէի լինի, եթե հոդվածում ինձ հոգեհարազատ գաղափարի չհանդիպեի։ Այնտեղ ասվում էր, որ պետք է ընդունեն հին սխալներն ու հետո միայն գործով ապացուցեն մեր ժողովրդին, որ իրենք եւս (օրենսդրական ու արդարադատության մարմինները) ինքնամաքրվել են։
Այո՛, շատ ամիսներ առաջ եմ մտածել, քանի որ բոլորս ենք կեղտոտված (շատ, թե քիչ՝ կարեւոր չէ), ապա իրավական երկիր ստեղծելու համար առաջին հերթին բոլորս, այո՛ բոլորս՝ վերից վար, պետք է մեղքերի թողություն տանք մեր ժողովրդի առաջ, ներողություն խնդրենք միմյանցից, դրանից հետո նշանակվելով կամ ընտրվելով նոր պաշտոնների (յուրաքանչյուրս, ընդհուպ նախագահը) երդում տանք ազնիվ ծառայելու։ Այո՛, բոլոր նշանակովի ու ընտրովի պաշտոնյաները պետք է երդվյալ լինեն։ Ես իմ այդպիսի երդումը տվել եմ իմ խղճի առջեւ ու ինքնամաքրվել։ Դուրս գալուց հետո (եթե դիմանամ այս 23-24 օրը) մեղայականս ու երդումս կանեմ գրավոր, հրապարակայնորեն։ Ահավոր է, երբ մի քանի վարչարարներ հետեւողականորեն ուզում են սպանել իմ մեջ հավատը մարդու, օրենքի, պետության հանդեպ։ Ես չեմ հանձնվում, մարտնչում եմ կոպտորեն ոտնահարված իմ իրավունքների ու նվաստացված արժանապատվության վերականգնման, ինչպես նաեւ արդարության վերականգնման ու հաղթանակի համար։
Կարդացեք նաև
Ամեն ինչ սկսվեց անցյալ տարի չարաբաստիկ դեկտեմբերի 12-ից։ Երանի թե աղետի գոտուց՝ Լենինականից նախորդ գիշեր վերադարձած չլինեինք, ուր օրեր շարունակ անքուն, առանց սննդի ու ջրի, ոտքի վրա հազիվ կանգնելով, անտեսելով ամեն վայրկյան հնարավոր փլուզումը, փլատակներից մարդիկ էինք փրկում։ Առաջիններից մեկն էի, որ աղետի գոտի էի մեկնել՝ բարձր ջերմությամբ, հիվանդաթերթիկը գրպանումս։ Այնտեղ լինելով՝ կյանքս ավելի է իմաստավորվել։ Պատկերացնո՞ւմ եք, իմ լուման ունեմ Սպիտակում՝ երաժշտական ուսումնարանի շենքի փլատակներից դուրս բերածների, 6 ամսական Արարատի, Գեւորգ քեռու 26-ամյա փեսա Զավենի, ձախ ոտքը կոտրած մի կնոջ ու էլի շատ մարդկանց փրկության գործում։ Լենինականում Շիրակացու փողոցի թիվ 13 շենքի նկուղում ընկերներիս հետ 16 ժամ անդադար երկաթ ու բետոն կտրելուց հետո ազատել ենք 23-ամյա Մաքրուհի Հարությունյանին, ցավոք սրտի, ոտքը ծնկից վերեւ կտրելու միջոցով։ Այդ երիտասարդ կնոջ աչքերի արտահայտությունը, կարծես, տպվել է ուղեղումս, այն գեհենը, որ մենք տեսանք, մոռանալ չի լինում։ Մաքրուհու կողքին մահացած 3-4 տարեկան զավակներն էին, գլխավերեւում՝ ամուսինը, աջ կողքին՝ մայրը…
Ահա, այսպես, հարգելի զրուցակից, վերադարձանք տուն դեկտեմբերի 11-ին, ժամը 23-ից հետո, հոգնած, այնքա՜ն սոված, փոշու ու կեղտի մեջ կորած։ Մեր խումբը հիմնականում 3 հոգուց էր կազմված՝ ես, Հրայր Ուլուբաբյանը եւ նրա ծանոթ Ռազմիկը։ Մեզ աղետի վայր էր հասցրել Հրայրի ծանոթ Կիմ Բալայանը՝ արդարադատության նախարարությունից։ Որոշել էինք մեկ գիշեր հանգստանալ ու հաջորդ օրը վաղ առավոտյան մեկնել Սպիտակի դեռ 6-րդ օրն անտեր մնացած գյուղերը։ Բայց, ավա՜ղ…Հաջորդ օրը Հրայրը հրավիրվում է միլիցիայի Մաշտոցի բաժանմունք։ Նրան առաջադրվում է շինծու մեղադրանք, իբր մասնակցել է Սիլաչիի անկարգություններին, եւ ձերբակալվում է 30 օրով։ Բնականաբար, ես չէի կարող հաշտվել այդ անարդարության ու անօրինության հետ, գնացի միլ. բաժին։
Բաժնում ինձ բացատրեցին, որ նա ձերբակալվել է շրջանի պարետի հրամանով՝ պարետային ժամի ռեժիմը խախտելու համար։ Ես գրավոր բողոքով ներկայացա շրջանի պարետին, ով, պարզվեց, քաղսովետի դեպուտատ, զինված ուժերի գնդապետ Ստոլյարով Անատոլի Պետրովիչն է։ Տխրահռչակ այդ մարդուն հուլիսյան միտինգներից մեկի ժամանակ, նրա 474 ընտրողի անունից եւ հանձնարարությամբ, քննադատել էի: Զայրացած ընտրողները, այդ թվում եւ ես, նույն օրը նրան հետ կանչելու պահանջով հավաքեցինք ընտրողների ստորագրությունները եւ բողոքի մի նամակ ներկայացրինք քաղսովետ։ Այդ պահանջագիրն էր, որ ես ընթերցել էի հուլիսյան միտինգներից մեկի ժամանակ։
Իր կաբինետի դռան մոտ ինձ տեսնելով, Ստոլյարովը բազմանշանակ ժպտաց եւ ասաց.«А, старый знакомый, какими судьбами прибыли»: Ես նրան ցույց տվեցի գրավոր բողոքս եւ ասացի, որ ընկերոջս նկատմամբ տեղի է ունեցել անօրինականություն, օրենքի բացահայտ խախտում, որ նրա ձերբակալությունը թյուրիմացություն է։ Նա իր կոլեկտիվում հարգված ու առաջատար ուսուցիչներից է, զբաղվում է դժվար երեխաների դաստիարակությամբ, ունի 3 մանկահասակ երեխա, ընտանիքի սիրված հայր եւ ամուսին է։ Ասացի նաեւ. «Եթե իմ նկատմամբ հիշաչար չեք, ապա վերցրեք, խնդրում եմ, դիմումս, ստուգեք նշված փաստերն ու կարգադրեք ազատ արձակել ընկերոջս» (է՜, միամիտ, անվերջ ներող ու վստահող Աղասի ջան- Գ.Ա.)։ Նա կարդաց դիմումիցս մի քանի տող ու ասաց.
– А, этот Улубабян твой друг, правильно делали, что арестовали, тебя тоже надо было арестовать.
Երկու ժամ շարունակ ես նրան բացատրում, խնդրում էի ուղղել կատարված ահավոր սխալը, որ չի կարելի թացն ու չորն իրար խառնած անհիմն պատժել անմեղ մարդկանց։ Ստոլյարովը վերջում սիրով ինձ առաջարկեց իր «Вилис»-ով հասնել մինչեւ խաչմերուկ եւ արդեն մեքենայի մեջ ասաց. «Хорошо, принеси на твоего друга характеристику и ходотайство, я его освобажу»:
Հաջորդ օրն իսկ աշխատավայրում ազատ օր խնդրելով, ես վազվզում էի պահանջված թղթերի հետեւից, երբ մեր տուն եկան 2 միլիցիոներ եւ հրավիրեցին բաժին։ Ցույց չտալով որեւէ գրավոր մեղադրանք, նրանք ինձ հայտնեցին, որ, իբր, նախորդ օրը ես լինելով Ստոլյարովի մոտ, նրա վրա մատ եմ թափ տվել …Նրանք ինձ նստեցրին «Ժիգուլի» մակնիշի մեքենա եւ տարան Հարավարեւմտյան թաղամաս, ուր ապրում էր Ստոլյարովը։ Ես մեկի հետ մնացի մեքենայում, իսկ մյուսը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Փաշոյանը, բարձրացավ պարետի տուն, վերադարձավ մոտ 35-40 րոպեից։ Նույն կազմով մենք վերադարձանք բաժին։
Բաժնում ինձ ներկայացրին կիսատ-պռատ լրացրած իմ ձերբակալության մասին վաղօրոք կնքված մի փաստաթուղթ եւ առաջարկեցին այն ստորագրել։ Ես, բնականաբար, հրաժարվեցի ինչպես այս, այնպես էլ ուրիշ այլեւայլ ինձ համար բացարձակապես անհասկանալի թղթերը ստորագրել։ Միայն լավ հիշում եմ, որ արձանագրության մեջ գրված էր, որ ես, իբր, խախտել եմ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նոյեմբերի 23-ի հրամանագիրը։ Քաջատեղյակ լինելով այդ հրամանագրին, ես պնդել էի նշել, թե հրամանագրի հատկապես ո՞ր կետի խախտման համար եմ ձերբակալվում եւ ո՞ւմ հրամանով։
Դեկտեմբերի 15-ն էր։ Ինձ հրավիրեցին նստել իրենց հատուկ մեքենան եւ տեղափոխեցին Սովետաշենի բանտ։ Կատարված անօրինությունների մասին 5-6 էջից բաղկացած երկու ծավալուն բողոքներ գրեցի բանտից՝ հանրապետության դատախազին ու հատուկ շրջանի պարետ Մաշկովին։ Երրորդ օրը՝ 17-ի լույս 18-ի գիշերն, առողջական վիճակիս կտրուկ վատացման պատճառով, ինձ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին սրտաբանական հիվանդանոց, ուր ստացիոնար բուժում եմ ստացել մինչեւ հունվարի 30-ը։ Մինչեւ ս./թ. մարտի 13-ը՝ երկրորդ անգամ ձերբակալվելու օրը, ճանաչվել եմ անաշխատունակ, ունեմ համապատասխան բուժ. թերթիկ։ Նույն օրը նշանակված բժշկական փորձագիտական հանձնաժողովն ինձ հաշմանդամության կարգ տվեց։ Ի դեպ, վատառողջ եմ մանուկ հասակից։ Հիմա տառապում եմ սրտի աորտալ-միտրալ ընդգծված արատով, ունեմ նախասրտերի անբավարարություն, ձախ փորոքի հիպերտրոֆիա, ձախ փորոքի հետին եւ կողային պատերի արյան սնուցման խանգարում ու անբավարարություն, տարել եմ քրոնիկական սեպտիկ-էնդոկարդիտ, ունեմ սրտի արագ հաճախականությամբ խփոցներ, ծակոցներ ու շնչահեղձություն։ Ինչպես հիվանդանոցում գտնված ժամանակաշրջանում, այնպես էլ հետո բազմաթիվ դիմումներ, բողոքներ ու պահանջներ եմ ներկայացրել բոլոր իրավասու մարմիններին՝ սկսած զինվորական անընդհատ փոխվող պարետներից, հանրապետության դատախազից ու ՆԳ նախարարից, մինչեւ միության դատախազին ու երկրի պրեզիդենտին, սակայն ձայն բարբառոյ յանապատի։
Ոչ մի պատասխան չեմ ստացել, բացի պարետատնից մի անանուն խղճուկ պատասխանից, որտեղ նշված էր, որ ես ձերբակալվել եմ շրջանի պարետի ցուցումով՝ ազգամիջյան թշնամանք սերմանելու համար, որ իմ գործողություններով հրահրել եմ մասսայական անկարգություններ եւ հանձնվել եմ շրջանային միլբաժին, որ վերջինիս միջնորդությամբ ՆԳ մինիստրն է պատժամիջոց նշանակել՝ 30 օրով ինձ ձերբակալելու մասին։ Սակայն ես լավ հիշում եմ, որ մինիստրների սովետում ունեցած հանդիպման (թե պրես-կոնֆերանսի) ժամանակ ՆԳ մինիստր ընկեր Հարությունյանը թղթակիցներին եւ ունկնդիրներին հայտարարել էր, որ 30-օրյա ձերբակալության պատժամիջոցները տալիս է հանրապետության դատախազը, վերջինս էլ, իր հերթին, պնդում էր ճիշտ հակառակը։ Մի խոսքով, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո շարունակեցի գրավոր եւ բանավոր բողոքներ ու հեռագրեր ներկայացնել՝ պարզելու համար, ի վերջո ես ո՞ւմ հրամանով եւ ինչի՞ համար եմ ձերբակալվել, որի հետեւանքով ինձ պատճառել են ամենից առաջ բարոյական մեծ վնաս։
…Եվ ահա, չորրորդ օրն է ես միայնակ այստեղ եմ՝ թիվ 35 խցում, ուր հանգիստ չկա մոծակներից, լվերից ու փայտոջիլներից։ Խոնավ, ցուրտ եւ կղանքով բետոնացված ասիական զուգարանով խցիկի պայմաններն ակնհայտ հակացուցված են ոչ միայն իմ, այլեւ ամենաառողջ մարդու համար։ Հացադուլի երրորդ օրը (ջրադուլի՝ երկրորդ) միայն, երբ ուժասպառ պառկած էի, իբր թե օրենքը խախտելով, բազմաթիվ խնդրանքներիցս հետո ինձ տվեցին մի ծածկոց ու մի կեղտոտ սեւացած սրբիչ։ Վեց-յոթ անգամ բժիշկ խնդրելուց ու սպասելուց հետո միայն մեկ անգամ ինձ տարան բժիշկների մոտ, որոնք, չափելով վաղուց ինձ հայտնի 160/…0 ճնշումս, միայն վալիդոլ կարողացան առաջարկել, դիոքսին խոստացան ու չբերեցին, իսկ ինձ ծայրահեղ անհրաժեշտ նիտրոնգի, նոշպայի, նիտրոսորբիտի ու Էոֆիլինի մասին ասացին, որ խոսք լինել չի կարող, որովհետեւ չկա, չեն ունենում։
Կարծեմ, երեկ կեսօրին էր եկել մի դատախազ, որ չբարեհաճելով ներկայանալ, իմ կոնկրետ հարցերին պատասխանելով՝ համոզում էր անհապաղ դադարեցնել հացադուլ-ջրադուլը։ Կարծես, ես չեմ հասկանում, որ դրանով իմ առանց այն էլ քայքայված առողջությանը կործանարար վնաս եմ հասցնում։
Սաստիկ հոգնեցի, մի քիչ պառկեմ։
…Ամեն ինչ բարդացավ այն բանից, որ ինքս լինելով հայ ժողովրդի գոյատեւման պայքարի՝ սուրբ ու անաղարտ ղարաբաղյան շարժման, այն հարյուր-հազարավոր, միլիոնավոր մասնակիցներից մեկը, ես շատ շուտ ինքնամաքրվեցի, ժամանակ չգտա զբաղվելու իմ այնքան ֆինանսապես ձեռնտու, անկրկնելի շնորհքով, նմանակն ամբողջ աշխարհում չունեցող արհեստով, կամավոր հրաժարվեցի հավատարիմ աշխատելուս համար դիրեկտորիս սահմանած ամսական երաշխավորված աշխատավարձից, մտա սահմանադրական այդ պայքարի հորձանուտը, մասնակցեցի գործադուլներին, դարձա դիրեկցիայի, շրջանի դատախազի ու շրջկոմի երրորդ քարտուղարի աչքի փուշը։ Ինչ թույն ու նենգություն թափեց դիրեկտորս՝ «Լուսին» միավորման այդ նշանակված, ոչ ընտրված ստալինական դիկտատորը, երբ հակառակ նրա կարծիքի, իմ պաշտպանության համար ժողովը որոշեց, այնուամենայնիվ, հատուկ հանձնաժողով կազմել։
Սա առանձին խոսակցություն է։ Այսքան տմարդի հալածանքներ, այդ թվում՝ պետական մասշտաբի, մի մարդու նկատմամբ, ով անցած 12 ամսվա ընթացքում 12 ամբողջ օր չի տեսել իր ընտանիքին ու չի եղել իր երեխաների հետ։ Ամբողջ ազատ ժամանակը նվիրաբերել է մորթված, կենդանի-կենդանի վառված ու բռնաբարված սումգայիթցիների ընտանիքներին, նրանց նյութական ու բարոյական օգնություն ցույց տալուն, դատապաշտպաններ վարձելուն ու ծաղրադատերին նախապատրաստվելուն եւ մասնակցելուն (այդ թվում՝ մեկ ամիս տեւած տխրահռչակ մոսկովյան դատին)։ Ամեն օր մեր տառապած ու հավերժ ստրուկ ժողովրդի պատմությունն է։ Երեսունմեկ հազար գիրք Ղարաբաղ հասցնելը, Խոջալուի զոհերի համար արյան հավաքի կազմակերպումը, գիշերներն այդ հիվանդանոցում հերթապահելը, ամեն փրկված աղետյալի հանելուց նոր կյանքով ապրելը… Ե՞րբ կդադարենք ֆունկցիոներ ու կամակատար լինելուց, ե՞րբ կթոթափենք մեր մեջ ոսկրացած ստրկամտությունը, ե՞րբ կինքնամաքրվենք ու կինքնահաստատվենք, ե՞րբ … ե՞րբ… ե՞րբ…. Տեսնես կգա՞ այդ օրն այս դժբախտ ժողովրդի համար…
Վատ եմ, ստորագրում եմ, որովհետեւ հույս չունեմ, թե նորից կկարողանամ գրիչ վերցնել (վերջին տողերը գրված էին դողդոջ ձեռագրով, ցաքուցրիվ եղած –Գ.Ա.)։
1989 թ. մարտի լույս 16-ը
Հ.Գ. Նախորդ ձերբակալության ժամանակ, երբ ինձ թիվ 31 մենախցից շտապօգնության մեքենայով տեղափոխում էին, այս՝ թիվ 35 խցում հացադուլ էր անում հավատացյալ Խաչիկ Ստամբոլցյանը։ Ժամապահը թույլատրեց ինձ նայել դռան դիտանցքից, նա նստած էր ճիշտ այնտեղ, որտեղ հիմա ես եմ նստած, գլուխն առել էր ափերի մեջ, լուռ էր եւ գլխահակ… Թիվ 31 մենախցի պատին խելացի մեկը գրել էր.«Մարդն ազատ է, երբ նրա հոգին ազատագրվում է բազմաթիվ մեծ ու փոքր կեղծիքներից ու ստրկացնող կապերից»։
Ես հիմա ազատ եմ, ազատությունն ու արժանապատվությունն ինձ համար վեհ է ամեն ինչից, առանց դրանց սուտ է հայրենասիրությունը, կեղծիքով չես սիրի ժողովրդիդ։
Հավանաբար մի երկու ժամ անցավ, լույսը դեռ չի բացվել, մեջս ուժ գտա, որոշեցի ավելացնել, ժամապահը կատվի քայլերով մոտեցավ դռանս, զգում եմ՝ դիտանցքից ծիկրակում է։ Ոչինչ, թող նայի, ես նրան խղճում եմ. ինչքա՜ն բան չգիտի այդ միամիտ, կույր ու բթացած երիտասարդը, ով ճիշտ է, մի քանի ժամ առաջ ինձ մի ծխախոտ տվեց, բայց իր հացը վաստակում է նաեւ կալանավորների հետանցքերը ստուգելով՝ չլինի՞ թե այնտեղ բան է պահված։
Իմ շատ ծանոթներ, բարեկամներ, աշխատանքային ղեկավարներ ու դրսի ընկերներ բազմիցս ասում էին. «Ախր, ի՞նչ գործ ունես, ինչիդ էր պետք գործադուլը, Ղարաբաղը, Սումգայիթը… Դու մտածիր քո ընտանիքի, ծնողներիդ, երեխաներիդ մասին… Որ քեզ դես ու դեն չգցեիր, փողդ էլ առնեիր, պատենտովդ ամիսը մի 500 կաշխատեիր, վա՞տ էր լինելու, դիրեկտորիդ հետ էլ ջան ու ղուրբանով կլինեիր, հիմա զահլադ չէր տանի՝ մերթ ռայկոմի, մերթ դատախազության միջոցով սարքեր հարցաքննություններ ու խարդավանքներ, քանզի այդ ամենը չի կարող իր անունից անել, ի՞նչ է, չե՞ս հասկանում»։
Ա՜խ, ինչքա՜ն կիսատ գործեր կան, ինչքա՜ն բան կա ասելու… Տեսնես, ե՞րբ ենք ազգ դառնալու։
Ա– Գիրքն ընդգրկում է 1988-2017թթ. ժամանակահատվածը: Կան դեպքեր, իրադարձություններ, որոնք ներկայացվել են առանձին գլուխներով: Դրանք են՝ «Զվարթնոց»-ի դեպքերի դատավարությունը»՝ 1988 թվականի հուլիսի 4-5-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած դեպքերից հետո, «Օդաչուների գործը», «1996 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ նախագահի ընտրությունն ու Աղասու կալանքը», «Նաիրիտ» գիտարտադրական միավորման վերաբացման շուրջ», «Սումգայիթյան դեպքերը» (1988-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Սումգայիթի մոսկովյան դատերին)։
«Առավոտ» օրաթերթ
24.06.2026


















































