Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողի ձայնը չի կարող արժեզրկվել պետական մարմինների սխալի պատճառով. Էլինար Վարդանյան

Հունիս 27,2026 12:10 Share

ՍԴ-ում ընթանում է 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը: Հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։

ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը նշեց, որ այս գործը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքի մասին է, որովհետև, նրա ձևակերպմամբ, իշխանության աղբյուրը ժողովուրդն է և ոչ թե պետական մարմինը, պաշտոնյան, ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: «Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի փոխարեն որոշելու, թե նրա որ ձայներն են կարևոր, իսկ որոնք՝ ոչ: Այսօր ես այստեղ չեմ եկել խոսելու միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից, ես այստեղ խոսելու եմ ավելի քան 58,000 քաղաքացիների անունից, ովքեր հունիսի 7-ին գնացին ընտրատեղամաս, հավատացին, որ իրենց ձայնը արժեք ունի, և այսօր իրավունք ունեն հարցնել՝ ո՞վ որոշեց, որ իրենց ձայնն այլևս կարևոր չէ:

Մենք այստեղ ենք, որովհետև այս գործը վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ամենակարևոր արժեքներից մեկին՝ ժողովրդի իշխանությանը: Սահմանադրության երկրորդ հոդվածը հստակ ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովրդի իշխանությունն իրացվում է առաջին հերթին ազատ և արդար ընտրությունների միջոցով: Եթե ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ, որևէ թեկնածու կամ նույնիսկ մեկ ընտրող զրկվում է իր կամքի արտահայտման իրական արդյունքից, ապա խնդիրն արդեն վաղուց մեկ կուսակցության խնդիր չի դառնում, դա դառնում է սահմանադրական կարգի խնդիր: Այս գործի առանցքային հարցը հետևյալն է՝ արդյո՞ք պետական մարմինը կարող է իր իսկ թույլ տված սխալների հետևանքները բարդել ընտրողի վրա: Մեր համոզմամբ՝ ոչ: Եվ սա ոչ միայն քաղաքական գնահատական է, այլ իրավունքի հիմնարար սկզբունք»,- նշեց նա:

Նա անդրադարձավ բազմաթիվ խախտումներին. «Այս խախտումները մեկուսացված դեպքեր չեն, դրանք նույն շղթայի տարբեր օղակներ են: Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական իշխանության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձի կողմից բռնության, հաշվեհարդարի, սեփականության բռնագրավման, քրեական հետապնդումների մասին սպառնալիքները, ատելության խոսքը, վարչական ռեսուրսի կիրառումը, պետական սոցիալական ծրագրերի քաղաքականացումը, հանրային հեռարձակողի անհավասարակշիռ վարքագիծը, ընտրական մարմինների անգործությունը, ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդումները, բազմաթիվ ձերբակալություններն ու կալանքները և, վերջապես, ԿԸՀ որոշումները, որոնց արդյունքում հազարավոր քաղաքացիներ զրկվեցին իրենց ձայնը կրկին արտահայտելու հնարավորությունից: Սրանք առանձին-առանձին դեպքեր չեն, սա մեկ համակցություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես պետությունը դարձավ քաղաքական պայքարի անմիջական մասնակից: Իսկ երբ պետությունը դառնում է ընտրական պայքարի մասնակից, ընտրություններն այլևս հավասար չեն լինում: Երբ ընդդիմությունը մրցում է ոչ թե իշխանության հետ, այլ ողջ պետական ապարատի հետ, դա արդեն ընտրական մրցակցություն չէ, դա անհավասար պայքար է, և այդ անհավասարությունը վտանգավոր է ոչ միայն ընդդիմության համար, այլ վտանգավոր է յուրաքանչյուր ընտրողի համար»:

Էլինար Վարդանյանի ձևակերպմամբ, այս գործում կա նաև մեկ սկզբունք, որի շուրջ իրավական պետությունում կասկած չպետք է լինի. եթե պետական մարմինն է սխալվել, ապա այդ սխալի հետևանքները չեն կարող կրել քաղաքացիները. «Տեղամասային հանձնաժողովի գործողությունների հետևանքները երկու ընտրատեղամասերում առաջացրել են խնդիր: Դրա համար պատասխանատու է ոչ «Բարգավաճ Հայաստանը», ոչ էլ այն ավելի քան 58,000 քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են մեզ: Այդ քաղաքացիները կատարել են օրենքի բոլոր պահանջները, բայց հենց նրանք են զրկվել իրենց ձայնի սահմանադրական արժեքից: Իրավական պետությունն այսպիսի իրավիճակ չի կարող ընդունել… Այս գործով դատարանի առջև դրված հարցը շատ ավելի լայն է, քան կոնկրետ քաղաքական ուժի մասնակցությունը խորհրդարանին: Այսօր դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք ընտրական գործընթացում պետական մարմնի սխալը կարող է դառնալ ժողովրդի կամքը փոխելու գործիք: Արդյո՞ք կարելի է ընտրությունների արդյունքները փոխել այնպիսի որոշմամբ, որի իրավական հիմքը առնվազն վիճելի է: Արդյո՞ք հնարավոր է անտեսել օրենքի իմպերատիվ պահանջը վերաքվեարկության կամ ընտրությունների անվավեր ճանաչման վերաբերյալ և ընտրել երրորդ ճանապարհը: Եթե այս հարցերին դրական պատասխան տրվի, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ, և այդ դեպքում վտանգի տակ կհայտնվի ոչ թե մեկ կուսակցության ճակատագիրը, այլ Հայաստանի ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը:

Ժողովրդավարությունը սկսվում է այն պահից, երբ քաղաքացին վստահ է, որ իր ձայնը պաշտպանված է, երբ նա վստահ է, որ իր ձայնը չի կարող կորել, չի կարող արժեզրկվել, չի կարող փոխարինվել որևէ պաշտոնյայի որոշմամբ, որովհետև Ազգային ժողովի կազմը պետք է որոշվի միայն մեկ տեղում՝ քվեատուփի մոտ: Ո՛չ վարչական մարմիններում, ո՛չ աշխատասենյակներում, ո՛չ պաշտոնական մեկնաբանություններով. այդ իրավունքը պատկանում է միայն ժողովրդին: Այս գործը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ: Եթե այսօր ընդունենք, որ հազարավոր մարդկանց ձայնը կարող է պարզապես անհետանալ՝ առանց նրանց նորից ընտրելու հնարավորություն տալու, ապա վաղը նույնը կարող է տեղի ունենալ ցանկացած ընտրության ժամանակ: Այսօր խոսքը երեք ընտրատեղամասերի մասին է, վաղը կարող է լինել 30-ը, հետո՝ 300-ը: Եվ այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի հարցնել, թե որտեղ կորավ ժողովրդի իշխանությունը: Ժողովրդավարությունը երբեք չի կործանվում մեկ օրում. այն կործանվում է այն պահին, երբ հասարակությունը սովորում է համակերպվել փոքր անարդարությունների հետ, երբ սովորում է, որ մի քանի հազար մարդու ձայնը կարելի է պարզապես անտեսել»:

Նա ընդգծեց, որ դատարանից չեն ակնկալում քաղաքական որոշում կամ աջակցություն որևէ կուսակցությանը. «Մենք դատարանից ակնկալում ենք միայն մեկ բան՝ վերականգնել Սահմանադրության գերակայությունը, վերահաստատել, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշվեն օրենքով և ոչ թե հայեցողությամբ, որ պետական մարմինները կարող են գործել միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, որ ընտրողի ձայնը չի կարող արժեզրկվել պետական մարմինների սխալի պատճառով, և որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կամքը շարունակում է մնալ իշխանության միակ սահմանադրական աղբյուրը»:

ՍԴ նիստն` ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել