Սահմանադրական դատարանի մոտ, որտեղ շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող նիստը, լրագրողները արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեցին, թե Սահմանադրական դատարանից ինչ սպասումներ ունի, հատկապես որ հասարակական տարբեր շրջանակներում թերահավատություն կա այն հիմքով, որ կասկածներ ունեն դատավորներից մի քանիսի անաչառության վերաբերյալ՝ կապված իշխանությունների հետ սերտ կապերի հետ, որոնցից մեկն էլ Սեդա Սաֆարյանն է։ «Սահմանադրական դատարանի դատավորների պատմության ընթացքում միայն այսօ՞ր են իշխանությունների հետ կապված եղել։ Նախկինում նման մտահոգություններ չե՞ն եղել»,- հարցրեց նախարարը։
Լրագրողը հիշեցրեց, որ սա միակ դեպքն է պատմության ընթացքում, երբ Սահմանադրական դատարանի գրեթե բոլոր անդամները նշանակվել են ՔՊ-ի կողմից։
«Նախ՝ ոչ թե ՔՊ-ի, այլ Ազգային ժողովի կողմից, և դրանք շատ տարբեր բաներ են։ Ազգային ժողովը ժողովրդին է ներկայացնում և հանդիսանում է ժողովրդի ընտրության արդյունքը, և առաջնային մանդատ կրող անձանց կողմից ընտրված են համարվում Սահմանադրական դատարանի դատավորները։ Եվ սա ժողովրդավարության լավագույն դրսևորումներից է։ Հետևաբար, մի՛ ստվերեք մեր իրավական կարգավորումները։ Ժողովրդի կողմից ընտրվածները՝ պառլամենտական իրավական համակարգ ունեցող երկրում, և սա միանշանակ է։ Երկրորդ՝ ինչ վերաբերում է ինքնաբացարկներին, կարծում եմ՝ մեր հանրությունը ականատես է եղել այդ միջնորդության քննարկմանը և Սահմանադրական դատարանի դատավորների դիրքորոշումներին»,- նշեց Գալյանը։
Լրագրողը հարցրեց՝ նախարարի համար ընկալելի՞ է Սեդա Սաֆարյանի հարցը, ով աշխատում էր վարչապետի աշխատակազմում, որդին՝ «Հայկական ժամանակում» հոդվածներ էր հրապարակում։ Սեդա Սաֆարյանի գործունեությանը հանրությունը ծանոթ է տարբեր դրվագներով. արդյոք սրանք անաչառությունը կասկածի տակ դնելու հիմքեր չե՞ն։ Ի պատասխան՝ նախարարը նշեց. «Նախ՝ ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ։ Երկրորդ՝ ինքնաբացարկի ինստիտուտն այն մասին է, որ անձն ինքը պետք է հասկանա՝ արդյոք շահերի բախում ունի՞ որոշակի կոնկրետ իրավիճակում, թե՞ չունի։ Եվ եթե այդ իրավիճակը բացակայում է, որոշում է կայացվում, որ անձի ինքնաբացարկը հայտնելու կամ վարույթին չմասնակցելու պատճառներ չկան։ Եվ ես չեմ կարող ասել, թե ինչ ներքին չափանիշներով է առաջնորդվում Սեդա Սաֆարյանը կամ ինչ չափանիշներով է առաջնորդվում, օրինակ, այլ դատավորը, որը ենթադրել է, որ իր մասնակցությունը կարող է շահերի բախման իրավիճակ ստեղծել»։
Կարդացեք նաև
Լրագրողը հարցրեց՝ եթե նախարարը, ինչպես ասում է, որպես ՔՊ ներկայացուցիչ է այստեղ, արդյոք ինքը նաև մնացած այն քաղաքացիների նախարարն է, որոնք վիճարկում են իրենց քվեները նաև Սահմանադրական դատարանում։ Գալյանն ասաց, որ արդարադատություն մեր երկրում իրականացնում են միայն դատավորները, ոչ թե ինքը. «Ես առաջնորդում եմ այդ ոլորտում քաղաքականության մշակման աշխատանքները, այսինքն՝ արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակողն եմ կամ մշակողներից մեկն եմ հանդիսանում, և արդարադատության իրականացման խնդիր իմ առջև դրված չէ և չի կարող դրված լինել… Ես վստահ եմ, որ քաղաքացիները պետք է ունենան այն գիտակցումը, որ Բարձր դատարանի կողմից քննարկվող հարցը պետք է ստանա ճիշտ հանգուցալուծում, և սահմանադրական արդարադատություն պետք է տեղի ունենա։ Ես հիմա այն դատարանի շենքի առջև եմ, որը սահմանադրական արդարադատություն է իրականացնում, և այս գործով ևս այդ արդարադատությունը պետք է իրացվի»։
Հարցին՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի անվավեր ճանաչել ընտրությունները, «Քաղաքացիական պայմանագիրը» պատրա՞ստ է գնալ ընտրությունների, Գալյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, եթե Սահմանադրական դատարանն այդպես որոշի, մենք պետք է պատրաստվենք ընտրությունների»։
ՍԴ նիստն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































