Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին և նշել. «Այցը շատ կարևոր իրադարձությանն էր նվիրված, որովհետև ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին։ Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն և կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությունների համաձայն՝ այս որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների 99 տոկոսին, գյուղատնտեսական արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի 99 տոկոսին և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90 տոկոսին։ Վարչապետն արձանագրել է, որ մինչև որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը որոշակի ժամանակ կպահանջի, որովհետև անդամ երկրներն այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն, և Եվրոպական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի։ «Բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք այսօր էլ ունենք որոշում, որով արտահանման աջակցություն ենք ցուցաբերում մաքսավճարների հարցում․ նկատի ունեմ՝ իրական կյանքում այսօր էլ մենք մեր կողմից ենք այդ հնարավորությունը ստեղծել։ Իհարկե, այս որոշմամբ այն ավելի է ընդլայնվում։ Այս որոշումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի այն պոտենցիալ հնարավորություններից, որոնք բացվում են, մենք կարողանանք օգտվել, որովհետև մեր մասնավոր հատվածը և բիզնեսը պետք է սովորեն, թե ինչպես օգտվել այդ մեխանիզմներից։ Մենք պետք է արձանագրենք, որ սա մեր արտահանողների մի զգալի, եթե ոչ մեծ մասի համար բոլորովին նոր ուղղություն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանավորվել են նաև ԵՄ գործընկերների հետ մասնավոր հատվածի համար աջակցման համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում։
«Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա շատ էական և շրջադարձային պահ է, որովհետև ԵՄ 450 միլիոնանոց շուկան, որը բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք ուզում ենք, որ համաշխարհային շուկային հասանելիություն ունենանք։ Ի վերջո, լավ առիթ է, որ սննդի ստանդարտները, որոնք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք։ Նկատի ունեմ՝ ԵՄ-ն որոշումները կայացրել է, և այս ընթացքում աշխատելու են ԵՄ ինստիտուտները, բայց մենք էլ պետք է աշխատենք մասնավոր հատվածի հետ՝ նրանց իրազեկելով, թե ինչպես են մեխանիզմները աշխատում»,-ասել է երկրի ղեկավարը։
Կարդացեք նաև
Վարչապետն ընդգծել է՝ քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է, մնում է, որ պրակտիկ մակարդակում այն լուծել։
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետն անդրադարձել է նաև Հակակոռուպցիոն քաղաքականությանը և նշել, որ այն հիմա պետք է դառնա առավել սկզբունքային։ «Մենք նաև պետական կառավարման հատվածում շատ լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումների հայեցակարգն ընդունվել է, այդ թվում հանրության կողմից, որովհետև մենք կարողացանք հանրությանը ցույց տալ պատճառահետևանքային կապերը։ Ինչպես պետական կառավարման համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով՝ կարող ենք շատ կոնկրետ օգուտներ բերել քաղաքացիներին։ Այն կարող է արտահայտվել առողջության ապահովագրության համակարգով, թոշակների բարձրացման համակարգով, անապահովության գնահատման նոր համակարգով, դպրոցաշինությամբ և այլն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է հակակոռուպցիոն մեր քաղաքականությունները վերագործարկելու, թարմացնելու անհրաժեշտությունը։ «Մենք հիմա պետք է լուծենք ՏԻՄ ոլորտում խնդիրը, որովհետև մենք մեզ խաբում ենք։ Եթե ՏԻՄ-երը ինչ-ինչ պատճառով չեն համարձակվում այդ որոշումները կայացնել, ապա նորից պետք է դնել կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգեր։ Կառավարությունը պետք է դա անի։ Այնտեղ չեն կարողանում բարդույթները հաղթահարել։ Մենք պետք է օրենքով բանաձևը դնենք, ասենք՝ այսպես է աշխատում կատարողականի գնահատման համակարգը։ Ընդ որում՝ դա պետք է անել անհետաձգելիորեն։ Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027 թվականի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կբարելավվի վարորդական վկայական ստանալու գործընթացը. վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում։ Այն պայմանավորված է պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ինչպես նաև՝ վարորդական վկայական ստանալու գործընթացի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշել է, որ առաջինը վերաբերում է թվայնացման մեր հանձնառության շրջանակներում այս ոլորտում արդյունավետ կառավարում երաշխավորելուն. «Այս պահի դրությամբ շատ ենք ունենում դեպքեր, երբ, օրինակ, բժշկական հաստատությունների, կոնկրետ այս դեպքում՝ «Արմեդի» հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված, շատ հաճախ մենք շարունակում ենք վարելու իրավունք տալ այն անձանց, որոնք, օրինակ՝ կարող են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատությունում հաշվառում ունենալ։ Հընթացս, երբ բացահայտում ենք այդ հանգամանքը, նոր միայն դադարում է վարորդական իրավունքը։ Բայց այս պահի դրությամբ համագործակցություն ենք երաշխավորում «Արմեդի» հետ և կկարողանանք ավտոմատ եղանակով այս հանգամանքները բացահայտել, և անգամ, երբ քաղաքացին չի գալիս հաշվառման-քննական ստորաբաժանում, բայց մենք ազդակ ենք ստանում «Արմեդից», սա հիմք է հանդիսանալու իրավունքի դադարման համար»։
Ըստ նախարարի՝ երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննությունը հանձնելու դեպքում դրա դրական արդյունքը պահպանելու ժամանակահատվածին։ Այս պահի դրությամբ, տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում մեկ տարի ժամանակ ունեն քաղաքացիները՝ գործնական քննությունը հաղթահարելու՝ պահպանելով տեսական քննության արդյունքները։ «Մենք նախատեսում ենք, որ մեկ տարվա փոխարեն երկու տարի հնարավոր կլինի պահպանել տեսական քննության դրական արդյունքը, հետո արդեն հերթագրվել և գործնական քննության համար օր որոշարկել»,-ասել է Արփինե Սարգսյանը։
Երրորդ փոփոխությունը, ըստ նախարարի, վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին. «Այս պահի դրությամբ շատ են քննարկումները, որ մենք, օրինակ, թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառում ենք նաև ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Հիմա դարձնում ենք շատ ավելի նույնական․ կոնկրետ կարգին կամ ենթակարգին բնորոշ հարցեր պետք է նախատեսվեն հարցաշարում, ինչը կօգնի մեզ դարձնել ավելի արդյունավետ այս կառուցակարգերը։ Այս փոփոխությունն առաջարկում եմ ուժի մեջ դնել սեպտեմբերի 1-ից, որպեսզի հասցնենք մեր թվային համակարգերը հարմարեցնել այս փոփոխությանը»։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ վերջին փոփոխությունը ևս քաղաքացիների հետ երկխոսությունից է ի հայտ եկել. «Վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխեցինք վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը, և դրա հիման վրա Կառավարության որոշումը պետք է սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը։ Նախատեսել ենք որոշակի փոփոխություններ, որոնք կօգնեն իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնել։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Ես ուզում եմ փաստել, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտնում, և մնացած ընթացակարգերը, որոնք նախատեսված են, մտնում են գործընթացի մեջ, և քաղաքացիները կարող են դիմել՝ իհարկե պահպանելով բոլոր ընթացակարգերը»։ ՆԳ նախարարը նաև հավելել է, որ կարող են դիմել, վճարել 50 հազար դրամ և առանց քննության վերականգնել վարորդական իրավունքի վկայականը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշումը և հանձնարարել նախարարությանը՝ պատշաճ իրազեկում ապահովել։ Վարչապետը տեղեկացրել է, որ նոր կարգավորումները կվերաբերեն միայն վարչական կարգով զրկման դեպքերին և չեն տարածվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունքից զրկվածների վրա։ «Ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք և ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետև խոսքը մարդկանց կյանքերի մասին է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված արդյունքների ապահովմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ծրագրով սահմանված է, որ մինչև 2023 թվականը 3-5 տարեկանների առնվազն 95%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում, դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում: Կառավարության որդեգրած քաղաքականության և իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման և վերանորոգման/հիմնանորոգման ծրագրի իրականացման արդյունքում 2025 թ. դրությամբ նախադպրոցական կրթության համակարգում 3-5 տարեկանների ընդգրկվածությունը կազմել է 81%, որը 2021 թ. 64,3% ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 17%-ով: Ըստ հիմնավորման՝ քաղաքային բնակավայրերում դեռևս մտահոգիչ է այն երեխաների թիվը, որոնք մեծաթիվ հերթերով պայմանավորված՝ մինչև դպրոց գնալը այդպես էլ չեն հասցնում հաճախել մանկապարտեզ: Այս համատեքստում առաջարկվում է նախադպրոցական կրթության ծառայությունների ցանցի ընդլայնում՝ մասնավորի հետ համագործակցությամբ: Ըստ այդմ՝ հաստատվել է մասնավոր նախադպրոցական ծառայությունների խթանման ֆինանսավորման նոր մոդելը՝ ներդնելով մեկ երեխայի հաշվով ֆինանսավորման մեխանիզմ՝ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այս ուղղությամբ արդեն կատարվել է զգալի աշխատանք։ Մասնավորապես՝ ներդրվել են մասնավոր նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման մեխանիզմներ։ Այսպիսով՝ ներդրվող պիլոտային ծրագիրը վերաբերում է այն երեխաներին, որոնք պատկանում են ավագ տարիքային խմբին՝ 5-6 տարեկան են, առնվազն 9 ամիս հերթագրված են եղել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սակայն առկա հերթերի կամ համապատասխան տևողությամբ ծառայության բացակայության պատճառով չեն ընդգրկվել այդ հաստատությունում։ Այս երեխաները կկարողանան դառնալ պետական և համայնքային ֆինանսավորման մոդելով իրագործվող կրթական ծրագրի շահառու։
«Առաջարկվող մոդելի համաձայն՝ եթե համայնքը ֆինանսավորում է ծառայության արժեքի մինչև 50 տոկոսը, ապա մնացածը՝ մինչև 50 տոկոսի չափով, կհոգա պետական բյուջեն։ Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել նաև ծնողների համավճար։ Այդուհանդերձ, սահմանում ենք դրա առավելագույն չափը՝ ծառայությունների ֆինանսական մատչելիությունն ապահովելու նպատակով։ Մասնավորապես՝ ծնողական համավճարը չի կարող գերազանցել պետական ֆինանսավորման մեկ երեխայի հաշվով չափաքանակի 80 տոկոսը, ինչը տարեկան կազմում է շուրջ 430 հազար դրամ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Ծրագրի իրականացումը նախատեսվում է փուլային եղանակով։ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից այն կմեկնարկի Երևան, Աբովյան և Վանաձոր քաղաքներում, իսկ 2028 թվականից կներդրվի բոլոր քաղաքային բնակավայրերում։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կրթության ոլորտում տեղի են ունենում մասնավոր ներդրումներ և մատուցվում են որակյալ ծառայություններ։ Մենք տեսնում ենք, որ այդտեղ զարգացման մեծ պոտենցիալ կա, որը ինչ-որ առումով նաև լրացուցիչ խթան է պետական կրթական համակարգի համար՝ մրցակցության որոշակի վիճակում լինել, մատուցվող ծառայություններն ավելի բարձրորակ դարձնել և չլճանալու ևս մի գործոն ունենալ»։
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախադպրոցական կրթության խնդիրը լուծելու անհրաժեշտությունը և արձանագրել՝ Կառավարությունը խթանում է մասնավոր ներդրումները կրթության ոլորտում, որը շատ կարևոր և էական ուղղություն է։ «Իհարկե, մենք այլ ծրագրեր նույնպես մտածում ենք, մասնավորապես՝ հանրակրթության, թե ինչպես կարող ենք նաև մասնավոր հատվածի համար ներդրումային հետաքրքրությունները մեծացնել, որը, ընդհանուր առմամբ, մեր ռազմավարությունների շրջանակում է», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս պիլոտային ծրագրի նպատակն է հասկանալ, թե ինչպես կաշխատի մեխանիզմը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտում ներդրումները խթանելը՝ Կառավարության և համայնքի հստակ բովանդակային վերահսկողության ներքո։
ՀՀ մարզերում կիրականցվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրերը և ֆինանսավորման կարգը։ Կարգը մշակվել է ՀՀ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի, ինչպես նաև «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. զարգացման ռազմավարության և դրա գործողությունների պլանի» դրույթների հիման վրա։
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության քաղաքականությունն է ընդլայնել երեխաների համար սպորտով զբաղվելու հնարավորությունները, այդ թվում՝ մասնավոր հատվածի կողմից շահագործվող ենթակառուցվածքների միջոցով։ Նախարարը տեղեկացրել է, որ 2024 թվականից մեկնարկած փորձնական ծրագրով մարզերում ֆինանսավորվում են դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքները, որոնք անցկացվում են մասնավոր լողավազաններում. Ապարանում, Վանաձորում, Մեծամորում, Իջևանում և Հրազդանում 100-ավոր երեխաներ այս ծրագրի շրջանակում սովորում են լող, իսկ նրանցից մի քանիսն արդեն մասնակցում են նաև մարզական մրցումների։
Ընդունվող կարգով սահմանվում են պահանջներ թե՛ մարզական ենթակառուցվածքների, թե՛ մարզիչների որակավորման և ուսումնամարզական ծրագրերի բովանդակության նկատմամբ։ Յուրաքանչյուր մարզաձևից ուսումնական ծրագրերը կիրականացվեն երկու տարիքային խմբերի համար՝ երեքական ենթախմբով: Սահմանվում են նաև ամեն տարիքային խմբում պարապողների առավելագույն քանակը, շաբաթական ուսումնամարզական գործընթացի տևողությունը և հաճախականությունը: Սահմանվում են նաև թվային հարթակով գրանցման, հետագայում նաև մոնիտորինգի հնարավորությունները, ինչպես նաև ուսումնամարզական գործընթացի ավարտին նախատեսվող արդյունքների չափորոշիչները: «Կիրականացվեն դրամաշնորհային մրցույթներ։ Այս չափորոշիչներին համապատասխանող կառույցները կկարողանան դիմել և մրցութային գործընթացը հաղթահարելու դեպքում տվյալ համայնքում մեկնարկել պետական դպրոցների համապատասխան տարիքային խմբերի երեխաների գրանցումը,- նշել է նախարարը և հավելել, որ ձևավորվելու են նաև սպասման խմբեր։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը և ընդգծել՝ մարզական ենթակառուցվածքներին բոլոր երեխաները պետք է հասանելիություն ունենան. «Հանրապետությունում չպետք է լինի երեխա, որ առնվազն մեկ-երկու այլընտրանքային տարբերակ չունենա սպորտով, ակտիվ կյանքով զբաղվելու։ Եվ սա մեր պարտավորությունն է, մենք պետք է սա անենք։ Եվ լավ է, որ դա մենք արդեն անում ենք և նաև ձևը գիտենք, թե ինչպես կարող ենք անել»: Այդ համատեքստում վարչապետը ընդգծել է մասնավորի հետ պետության համագործակցության կարևորությունը:
Գործադիրը հաստատել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Գործադիրը հաստատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Ըստ հիմնավորման՝ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարվել է մրցույթ, որը տեղի է ունեցել հունիսի 26-ին։ Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր մեկ հավակնորդ՝ Արմեն Մուրադյանը: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով։ Արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ (19 կողմ, 0 դեմ, 1 քվեաթերթիկ անվավեր) բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանն ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
Ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ներկայացրել համալսարանի վերջին ձեռքբերումները միջազգայնացման ուղղությամբ։
Կառավարությունը հաստատել է Ջերմատնային տնտեսությունների տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Ջերմատնային տնտեսությունների տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ Ռոսսելխոզնադզորի կողմից բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ կիրառված արտահանման սահմանափակումների արդյունքում ջերմատնային տնտեսությունների կրած ֆինանսական կորուստները մեղմելու համար։ Հիմնավորման համաձայն, ջերմատնային տնտեսությունների գործունեությունը և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունի բուսաբուծության ոլորտի համար և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է աջակցել դրանց արտադրական գործունեության անխափան իրականացմանը՝ վարկային ռեսուրսների ներգրավման միջոցով։ Ըստ այդմ՝ ծրագրից կարող են օգտվել 1 հա և ավելի մակերեսով ջերմատնային տնտեսություն տնօրինող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ովքեր 2026 թ. ընթացքում արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։ Շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը՝ ծրագրի պահանջներին համապատասխան վարկեր ներգրավելու համար։ Աջակցությունը տրամադրվում է ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով: Վարկային միջոցները պետք է ծախսվեն անկանխիկ՝ հետևյալ ուղղություններով՝ սպառված գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով վճարներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ, աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, պարարտանյութերի, սերմերի, սածիլների ձեռքբերման (ձեռքբերումը պետք է իրականացվի ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություններից) վճարումներ։ Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոս տոկոսային կետով։ Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 18 ամիս։ Վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 12 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 12 ամիս հետո)։ Յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար առավելագույն վարկի սահմանաչափը կազմում է ոչ ավելի քան 100 մլն դրամ գումարը։ Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից: Վարկի ներգրավման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որն այդ նպատակով դիմում է ֆինանսական կառույցին՝ դիմումին կցելով 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք, ջերմատնային տնտեսության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին: Յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը 2026 թ. հուլիս ամսին ևս տրամադրելու, ինչպես նաև այլ ապրանքների վրա տարածելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Միջոցառման շրջանակում փոխհատուցվող ապրանքների մասով հունիսին ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ արտահանվել է շուրջ 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, շուրջ 3․5 մլն հատ և 35 տոննա ծաղիկ։ Ըստ հիմնավորման՝ նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև հուլիս ամսվա համար։ Բացի այդ, արտահանման շուկաներում միջոցառման շրջանակում փոխհատուցվող ապրանքների մասով մրցունակություն ապահովելու համար տնտեսավարողների առաջարկությամբ հուլիս ամսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է չերի տեսակի լոլիկով, ինչպես նաև բարձրացվել է Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանվող ծաղիկի համար տրամադրվող փոխհատուցման չափը։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ հուլիսի ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 3900 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։ Որոշմամբ առաջարկվում է՝ ՀՀ տարածքից հուլիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ, չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ, պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ, ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ, Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։ Արդյունքում՝ որոշակիորեն կմեղմվեն ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառման մեջ՝ արտահանվող ապրանքների համար փոխհատուցումը հուլիս ամսին ևս տրամադրելու, ինչպես նաև այլ ապրանքների վրա տարածելու համար։ Միջոցառման շրջանակում փոխհատուցվող ապրանքների մասով հունիս ամսին ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս, 1 տոննա սալոր։ Որոշմամբ առաջարկվում է փոխհատուցում տրամադրել նաև հուլիս ամսվա համար։ Բացի այդ, հուլիսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է չորացրած մրգերով և բանջարեղենով, իշխան և թառափ տեսակի ձկներով։ Արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ հուլիսին միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 250 հազար լիտր պտղահատապտղային գինի, 500 հազար բացարձակ լիտր կոնյակ, 70 տոննա չորացված միրգ և բանջարեղեն, 140 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է՝ հուլիսի ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ, կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ, շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ, շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ, շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ, չորացրած մրգի և բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ, իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ, թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ։
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
Գործադիրը հաստատել է ՀՀ 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ), որը ներկայացնում է Կառավարության տնտեսական և հարկաբյուջետային, այդ թվում՝ պարտքային և ծախսային քաղաքականությունները եռամյա ժամանակահատվածում: 2027-2029թթ միջնաժամկետ հատվածում ՀՀ Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են՝ ՀՀ անվտանգության ամրապնդումը, տնտեսական ենթակառուցվածքների զարգացումն ու հասանելիության բարձրացումը, մարդկային կապիտալի զարգացումը: Միջնաժամկետ հատվածում կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնց արդյունքում ի թիվս այլ թիրախների, կապահովվի մի շարք առանցքային թիրախների իրագործումը։ Մասնավորապես՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրման շարունակական իրականացում՝ բնակչության նոր խմբերի ներառմամբ, որի արդյունքում կապահովվի առողջապահական ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը և որակի բարձրացումը, մասնագիտական կրթության ոլորտում կմշակվեն և կներդրվեն տնտեսության ժամանակակից պահանջներից բխող նոր մասնագիտությունների կրթական ծրագրեր՝ մեծացնելով շրջանավարտների մրցունակությունն աշխատաշուկայում, բարձրագույն կրթության ծրագրերում կխթանվի գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, շարունակվելու են մանկապարտեզների և դպրոցների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները, որոնք ապահովվելու են անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, բարելավելու է ընտանեկան/ անապահովության նպաստների համակարգը և այլն։
Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ։
Որոշումներից մեկով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի 8-4 հիվանդանոցային համալիրի մասնաշենքեր և 8/11 շենք հասցեներում գտնվող անշարժ գույքը օտարել էլեկտրոնային աճուրդով՝ որպես մեկ լոտ: Սահմանվել է, որ առաջին աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական աճուրդներ մինչև գույքի հերթական աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Լոռու մազի Վանաձոր քաղաքի Նիզամու փողոց 53/3 մասնաշենք հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել էլեկտրոնային աճուրդով։ Սահմանվել է, որ առաջին, էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը՝ համաձայն հավելվածի։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի Վ. Սարգսյան փողոց 8/4 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել էլեկտրոնային աճուրդով։ Սահմանվել է, որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը։
Կսահմանվեն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության գնահատման առանձնահատուկ կանոններ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով Գնահատման ստանդարտներում կսահմանվեն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության գնահատման առանձնահատուկ կանոններ։ Արդյունքում՝ կբարձրանա հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող գույքի գնահատման գործընթացի կանխատեսելիությունը, կնվազեն գնահատման արդյունքների վերաբերյալ տարակարծությունները, ինչպես նաև կապահովվի արդար փոխհատուցման սկզբունքի առավել արդյունավետ իրացումը։ Գործող կարգավորումների պայմաններում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող գույքի դիմաց փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվում է գույքի շուկայական արժեքը։ Սակայն գործող գնահատման ստանդարտներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության գնահատման համար առանձին, ամբողջական և հստակ մեթոդաբանություն սահմանված չէ։ Միաժամանակ, օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունը հանդիսանում է գնահատման համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթ, քանի որ դրա հիման վրա են ձևավորվում գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները։ Գործնականում խնդրահարույց է այն, որ գնահատման ստանդարտներում հստակորեն տարանջատված չեն հանրության գերակա շահի հիմքով օտարման դեպքերում տեղազննության արդյունքների ձևակերպման, գնահատման մոտեցումների կիրառման, գույքային իրավունքների ազդեցության, հողամասի, շենք-շինությունների, ծառերի և մշակաբույսերի գնահատման առանձնահատկությունները։ Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջացել գնահատման ստանդարտներում ամրագրել հատուկ կարգավորումներ, որոնք կապահովեն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող գույքի գնահատման միասնական, թափանցիկ և իրավական որոշակիության պահանջներին համապատասխան իրականացումը։
Կբարելավվի սպառողների դիմումների և բողոքների մշակման գործընթացը
Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել e-Compete էլեկտրոնային համակարգի ամբողջական և շարունակական տեխնիկական սպասարկումը, իրականացնել համակարգի արդիականացում և ենթահամակարգերի բարելավում, ապահովել տվյալների անվտանգությունն ու համակարգի անխափան աշխատանքը, ընդլայնել համակարգի փոխգործելիությունը այլ պետական մարմինների տեղեկատվական շտեմարանների հետ, բարձրացնել թվային ծառայությունների որակը և հասանելիությունը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար։ Ըստ հիմնավորման՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի թվային կարողությունների զարգացման շրջանակում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» ներքո 2020 թվականի մայիսի 7-ին կնքված պայմանագրի հիման վրա մշակվել և ներդրվել է e-Compete էլեկտրոնային համակարգը, որը ներկայումս հանդիսանում է հանձնաժողովի գործունեության կազմակերպման հիմնական գործիքը։ Որոշման ընդունման արդյունքում՝ ակնկալվում է ապահովել e-Compete համակարգի կայուն և անխափան գործունեությունը, բարձրացնել հանձնաժողովի գործառույթների արդյունավետությունը և օպերատիվությունը, բարելավել սպառողների դիմումների և բողոքների մշակման գործընթացը, ապահովել տվյալների վերլուծության և որոշումների կայացման առավել բարձր որակ։ Այն կնպաստի նաև պետական կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության, ինչպես նաև բիզնես միջավայրի կարգապահության և սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։
Ազգային գեոպորտալի միջոցով կձևավորվի հստակ, թափանցիկ տեղեկատվական միջավայր անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ
Գործադիրի որոշմամբ ազգային գեոպորտալը նախատեսվում է դարձնել ոչ միայն տարածական տվյալների հրապարակման հարթակ, այլ նաև գործնական գործիք՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ նախնական կողմնորոշման, տարածքի իրավական ռեժիմի տեսանելիության, միջգերատեսչական տվյալների համադրման և որոշումների կայացման նախնական փուլում անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովման համար։ Մասնավորապես՝ նախատեսվում է ներառել տեղեկություններ տվյալ տարածքում կամ օբյեկտի նկատմամբ թույլատրելի օգտագործման կամ գործունեության տեսակների, սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակների, կիրառվող իրավական կամ անտառաշինական հիմքերի, օգտագործման իրավունքի հնարավոր ձևերի, բնապահպանական պարտավորությունների, վերականգնման կամ անտառվերականգնման պահանջների, բնության հատուկ պահպանվող կամ այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքների հետ համընկնման, կառավարումն իրականացնող մարմնի, համապատասխան էլեկտրոնային հղումների, ինչպես նաև տվյալների մուտքագրման և հեռացման կամ փոփոխման ամսաթվերի վերաբերյալ։ Բնության հատուկ պահպանվող տարածքների մասով որոշմամբ սահմանվում է իրավական ռեժիմի ընթեռնելիության միասնական նվազագույն ստանդարտ։ Որոշմամբ չի փոխում անտառների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման գործող իրավական ռեժիմների բովանդակությունը։ Այն ուղղված է այդ ռեժիմների վերաբերյալ տվյալների առավել ամբողջական, հստակ և գործնականում կիրառելի տարածական արտացոլմանը։ Ըստ այդմ՝ կատարելագործվում է տվյալների կառուցվածքը, բարձրացվում է դրանց թափանցիկությունը և ընդլայնվում է ազգային գեոպորտալի գործնական կիրառելիությունը։ Արդյունքում՝ կձևավորվի ավելի հստակ, թափանցիկ և գործնականում կիրառելի տեղեկատվական միջավայր անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ։ Ազգային գեոպորտալից օգտվող անձը կկարողանա նախապես տեսնել տվյալ տարածքի, օբյեկտի կամ գոտու իրավական ռեժիմի հիմնական տարրերը, մասնավորապես՝ ինչ գործունեություն է թույլատրելի, ինչն է սահմանափակված կամ արգելված, որն է կիրառվող իրավական կամ անտառաշինական հիմքը, որ մարմինն է պատասխանատու տվյալ տարածքի կառավարման, պահպանության կամ վարման համար, ինչպես նաև տվյալների մուտքագրման և դրանց հեռացման կամ փոփոխման ամսաթվերը։
Կբարձրացվի ապահովագրված, նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց իրավունքների պաշտպանության մակարդակը
Կառավարությունը հաստատել է Հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վճարները վերադարձնելու կարգը։ Որոշմամբ առաջարկվում է սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև օրենքով նախատեսված նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման հստակ և իրավաչափ հիմքերը (օրենքով նախատեսված մարմնի կողմից ընդունված որոշում, հաշտության համաձայնություն), կարգավորել օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման պահանջի ներկայացման և բավարարման ընթացակարգը, ամրագրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների գործողությունները՝ օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարների հաշվարկման և վերադարձի մասով։ Արդյունքում՝ կբարձրացնի ապահովագրված, նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց իրավունքների պաշտպանության մակարդակը, կնվազեցնի վեճերի և դատական գործընթացների առաջացման հավանականությունը, կապահովի իրավական որոշակիություն և կանխատեսելիություն ապահովագրված նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների համար։ Որոշման ընդունումը կնպաստի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նկատմամբ հանրային վստահության աճին։
Կապահովվի կենտրոնացված, համակարգային կառավարմամբ՝ զբոսաշրջային կենտրոնների գործունեությունը
Գործադիրը սահմանել է Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման ընթացակարգը, չափորոշիչները (այդ թվում՝ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթներին, կառուցվածքին վերաբերող նվազագույն պահանջները), որակավորման վկայականի ձևը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում, հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավական հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար։ Առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել համակարգված և համաչափ տարածքային զարգացում, զբոսաշրջային ռեսուրսների պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների պատշաճ իրականացում, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման ապահովում։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոմիտեն սերտորեն համագործակցելու է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության հետ, ինչպես նաև մշակվելու է զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան։ Իրականացվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում։ Ստեղծվելու են նոր աշխատատեղեր և բարելավվելու է բնակավայրի բնակիչների կենսամակարդակը և բարօրությունը։ Ապահովվելու է զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կենսակայունությունը և դրա հետագա զարգացումը, կենտրոնացված, համակարգային կառավարմամբ՝ զբոսաշրջային կենտրոնների գործունեությունը։
Սահմանվել են բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատումն իրականացնող անձանց առաջադրվող հետևյալ չափանիշները
Կառավարությունը սահմանել է Բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման անհրաժեշտությունը կամ հնարավորությունը օրենքով նախատեսված լինելու դեպքերում բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատումն իրականացնող անձանց առաջադրվող չափանիշները։ Ըստ այդմ, մասնավորապես՝ սահմանվել է կազմակերպական-իրավական կարգավիճակը և մասնագիտացումը. գնահատողը պետք է լինի «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի իմաստով աուդիտորական կազմակերպություն։ Սահմանվել է նաև գործունեության ծավալ. գնահատմանը նախորդող տարվա գործունեության արդյունքներով աուդիտորական ծառայություններից հասույթը պետք է գերազանցած լինի 250 մլն դրամը։ Արդյունքում՝ կապահովվի աուդիտորական մասնագիտացված կազմակերպությունների ներգրավումը բաժնետոմսերի գնահատման գործընթացում։ Սահմանված շեմը (250 մլն դրամ հասույթ) և անկախության խիստ պահանջները երաշխավորում են գնահատման բարձր որակը, օբյեկտիվությունը և անաչառությունը։ Այն կնպաստի բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի, հատկապես՝ փոքր բաժնետերերի և ներդրողների իրավունքների ու օրինական շահերի պատշաճ պաշտպանությանը։
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Գործադիրն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ։ Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 9-ի դրությամբ առկա է դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիք։
2026/2027 ուստարվա համար նախատեսվել է արհեստագործական կրթական ծրագրով 313, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 238 պահուստային տեղ
Կառավարությունն ընդունել է որոշում՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2026/2027 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատման և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունը: Որոշմամբ նախատեսված արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հատկացվելու են 38 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 107 մասնագիտությամբ: Ըստ հիմնավորման՝ հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի մինիմալ քանակի ապահովումը: Փոփոխությունները պայմանավորված են աշխատաշուկայի ուսումնասիրման, ինչպես նաև հաստատություններից ներկայացված հայտերով: ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին: 2026/2027 ուսումնական տարվա համար նախատեսվել է արհեստագործական կրթական ծրագրով 313 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 238, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների, ինչպես նաև արտոնություն ունեցող դիմորդներին:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Մոդուս գրանում» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ձկան կերի արտադրության համար, իսկ սարքավորումները՝ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 730 աշխատատեղ՝ 320 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 743-ի՝ 352 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 138 մլն դրամ:
«Իջևանյան բեկոն» ՍՊԸ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում նախատեսվում է հիմնել խոզաբուծական համալիր։ Ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել կոմբինացված կերերի արտադրության համար ձեռք բերված հումքի (հացահատիկի) պահպանման համար։ Նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, հողի և հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), խոզաբուծական համալիրի կառուցման համար։ Ներկայումս առկա է 7 աշխատատեղ՝ 240 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 20-ի՝ 340 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 140 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 14 մլն դրամ:
«Մառնիկ» ՍՊԸ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել պաղպաղակի, շերտավոր խմորների և դրանից պատրաստված կիսապատրաստուքների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել 400 մլն դրամ նոր կառուցվող շինության համար և շուրջ 800 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող հումքի արժեքը)։ Ներկայումս առկա է 45 աշխատատեղ՝ 310 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 50-ի՝ 320 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 261 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 37․5 մլն դրամ։
«Բիլդեռ հոմ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել լամինատի, պլաստմասե արտադրատեսակների և լամինատից պատրաստվող այլ ապրանքների արտադրության համար՝ իրականացնելով 7.2 մլրդ դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 120 աշխատատեղ՝ 310 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 180-ի՝ 310 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 408 մլն դրամ:
«Սարանիստ» ՍՊԸ ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար՝ իրականացնելով 532 մլն դրամ սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 598 աշխատատեղ՝ 380 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 600-ի՝ 390 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 532 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 67 մլն դրամ։
«Ալյումինե կոնստրուկցիաներ» ՍՊԸ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել ալյումինե կոնստրուկցիաների (դռների, պատուհանների, վիտրաժի և ֆասադային համակարգերի) արտադրության համար՝ իրականացնելով 54․5 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 215 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 54․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5․4 մլն դրամ։
Այլ որոշումներ
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամներին բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար ՀՀ 2026 թ. պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների վերականգմամբ պայմանավորված:
Գործադիրը հաստատել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը, շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը։ Արդյունքում՝ ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը, նպաստել քաղաքաշինական արդի միջավայրի ձևավորմանը և զարգացմանը, շենքերի և շինությունների անվտանգ շահագործմանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































