Վանաձորի, Չարենցավանի, Կապանի և Գյումրու «Ամերիկյան կենտրոններում» ներկայացվելուց հետո` «Հիմնադիրների թանգարանը» տեղափոխվել է Երևանի «Ամերիկյան անկյուն»: Վերջերս ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը մասնակցել էր ցուցադրության բացման հատուկ միջոցառմանը: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել Aravot.am-ին։
-Ո՞րն է այն հիմնական ուղերձը կամ արժեքը, որ ԱՄՆ հիմնադիր հայրերը կտակել են աշխարհին, և որքանո՞վ է այն արդիական այսօրվա ժողովրդավարական մարտահրավերների համատեքստում:
-Ժամանակին դա արմատական գաղափար էր, այսօր էլ այդ գաղափարն արժանի է պաշտպանության․ իսկ գաղափարն այն էր, որ իշխանությունը գնում է ժողովրդից դեպի կառավարություն և ոչ հակառակ ուղղությամբ, և որ կառավարության միակ նպատակն է երաշխավորել նրանց իրավունքները, ում կոչված է ծառայելու։ Ինչպես նշված է հռչակագրում, կառավարությունները «ձևավորվում են մարդկանց շրջանում և օժտված են կառավարվողների համաձայնությամբ տրված արդարացի լիազորություններով»։ 1776 թ․ սա սոսկ քաղաքական հայտարարություն չէր, սա բարոյական ամրագրում էր առ այն, որ անհատն ունի ի ծնե տրված անօտարելի իրավունքներ, որոնք չեն տրվում որևէ կառավարության կողմից, իսկ կառավարությունն ուղղակի կոչված է պաշտպանելու այդ իրավունքները։
Կարդացեք նաև
Արդիականությունն այսօրվա դրությամբ․
Վերջին 250 տարվա ընթացքում այս գաղափարը եղել և մնում է աշխարհի տարբեր վայրերում տեղ գտած ժողովրդավարական շարժումների առանցքում՝ սկսած ստրկության վերացումից, քաղաքացիական իրավունքներից մինչև մեր օրերում ընթացող պայքարը հանուն ինքնորոշման ու մարդու իրավունքների։
Հիմնադիր հայրերի ստեղծած համակարգը՝ զսպումներն ու հակակշիռները, իշխանության ճյուղերի տարանջատումը, իրավունքների հռչակագիրը, շարունակում է փորձությունների ուղին ու նորովի դրսևորումները աշխարհի տարբեր ժողովրդավարական հասարակարգերում, այդ թվում՝ հենց մեզ մոտ։
Եվ թերևս ամենակարևորը․ Հիմնադիրները գիտակցում էին, որ ազատությունն ինքնապահպանվող երևույթ չէ։ Ինչպես ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին նվիրված ելույթի ամփոփիչ հատվածում նշվեց, ազատությունը «վերացական չէ», այն «կշռադատված ընտրություն է, որ պետք է ամեն մի նոր սերնդի կողմից վերահաստատվի»։ Ավտորիտարիզմի աճի ու ժողովրդավարության նահանջի մեր դարաշրջանում այս հիշեցումը նույնքան արդիական է, որքան 1776 թ․։
-Ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված 6 կին գործիչներին: Ինչո՞ւ էր կարևոր այս տարելիցին շեշտադրել հենց կանանց դերը Ամերիկայի կայացման գործում:
-«Հիմնադիրների թանգարան» ցուցադրության մեջ 6 հեղափոխական կին գործիչների ներգրավումը հռչակագիրը ստորագրած 56 այրերի հետ միասին բոլորովին պատահական չէր։ Առանց այնպիսի գործիչների, ինչպիսիք են Էբիգեյլ Ադամսը և Դոլի Մեդիսոնը, ամերիկյան անկախության պատմությունն ամբողջական չէր լինի, որովհետև այն սոսկ սենյակում ներկա ու հռչակագիրը ստորագրած մարդկանց մասին չէր։
Նշենք մի քանի պատճառ, թե ինչու է սա կարևոր, հատկապես՝ հիմա։
Պատմական ճշգրտություն ու ամբողջականություն․ կանայք գաղափարներ են տվել, նեցուկ են եղել պատերազմական ջանքերին, հոգ են տարել ընտանիքի, տնտեսության, ֆերմայի մասին, մինչ տղամարդիկ մարտնչել են, ազդեցություն են ունեցել քաղաքականության վրա՝ առանց աչքի ընկնելու, իսկ Էբիգեյլի պարագայում նա հենց ինքն էր իրավունքների համար պայքարի դուրս եկել։ Եթե պատմությունը ներկայացնենք առանց նրանց, նշանակում է կիսատ ներկայացնել տեղի ունեցածը։
Սա նաև համահունչ է գլոբալ ու տեղական լսարանի համար։ Այսօր, երբ երիտասարդներն Ամերիկայի պատմություն են ուսումնասիրում և տեսնում են, որ կանայք ընկալվել են որպես առաջնորդներ և դերակատարում են ունեցել պետության ձևավորման ու հիմնադրման ակունքներում, դա ազդակ է նրանց համար․ ազդակ, որը կարող է էական նշանակություն ունենալ, ազդակ, որը ցույց է տալիս, որ քաղաքացիական խիզախությունը և հանրային առաջնորդությունը երբևէ չի սահմանափակվում այս կամ այն սեռով՝ թե՛ տարիներ առաջ, թե՛ հիմա։
Այն փոխկապակցում է ներկան ու անցյալը։ Էբիգեյլ Ադամսին՝ կանանց իրավունքների ամենավաղ մարտիկներից մեկին, ներկայացնելը թույլ է տալիս զուգահեռներ տեսնել կանանց քաղաքացիական ու քաղաքական մասնակցության ընթացիկ միտումների հետ։
-Ցուցադրության մեջ կիրառվել են արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաներ: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է դիվանագիտությունը փոխվում նոր տեխնոլոգիաների դարաշրջանում:
-«Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունն այս փոփոխության լավ օրինակն է․ QR կոդերի կիրառումը, թվային լուսանկարները և տեսաբովանդակությունը թույլ են տալիս 21-րդ դարի հանդիսատեսի համար վերստեղծել 18-րդ դարի պատմությունն իրական ու ինտերակտիվ կերպով։ Իսկ ավելի լայն առումով սա դիվանագիտության համար կարող է նշանակել հետևյալը․
Հանրային դիվանագիտությունը դառնում է առավել մասնակցային։ Միակողմ հաղորդակցության փոխարեն մենք կարողանում ենք ինտերակտիվ ներգրավվածություն ապահովել․ այցելուները ոչ միայն ցուցադրությունն են դիտում, այլ, սկանավորելով կոդը, կարող են ավելի խորը գիտելիքներ ստանալ, հարցեր տալ։ Սա նաև դիվանագիտության զարգացման հայելային պատկերն է․ այն ավելի քիչ է իրականացվում վերևից ներքև մոտեցմամբ, և ավելի մեծ տեղ է գրավում խոսակցության ծավալումը։
Հասանելիությունն ու առկայությունն աննախադեպ ընդլայնվել են։ Ցուցադրությունը մեկական ամսով հյուրընկալվում է «Ամերիկյան անկյուններում», ունի թվային հարթակ․ բնականաբար, այն հասանելի է ավելի մեծ թվով մարդկանց, մասնավորապես՝ երիտասարդների, քան նախկինում կիրառվող մեկանգամյա ֆիզիկական ցուցադրությունները։
Տեխնոլոգիան չի փոխարինում մարդկային պատմությանը, այլ պարզապես ավելի ուշագրավ է դարձնում այն։ Նույնիսկ արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության և թվային գործիքների պարագայում անձնական պատմությունները շարունակում են ցուցադրության առանցքում մնալ, նշենք Ֆրենսիս Լյուիսի զոհողությունը, Ջոն Հարթի աքսորը, Էբիգեյլ Ադամսի նամակները։ Այս նոր դարաշրջանում դիվանագիտությունը չի ենթադրում մարդկային կապերի փոխարինում տեխնոլոգիաներով, այլ պարզապես միտված է կիրառելու տեխնոլոգիաներն առավել հասանելի ու համոզիչ դարձնելու մարդկային այդ պատմությունները։
Նոր գործիքների հետ ի հայտ են գալիս նոր պատասխանատվություններ։ Երբ մենք կիրառում ենք ԱԲ-ը Ամերիկայի պատմությունն աշխարհին ներկայացնելու համար, մենք պարտավոր ենք դա անել պատասխանատու կերպով՝ ապահովել պատմական ճշգրտությունը, մշակութային զգայունությունը և իսկությունն ու հավաստիությունը, անգամ եթե արդիականացվում է ձևաչափը։
-Ցուցադրությունն արդեն եղել է Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Չարենցավանում: Ինչպիսի՞ն էին արձագանքները մարզերում, հատկապես երիտասարդների կողմից, և ի՞նչ դեր ունեն «Ամերիկյան անկյունները» Հայաստանի մարզային համայնքների կրթական ու մշակութային կյանքում:
-«Հիմնադիրների թանգարան» ցուցադրության հետ կապված ինձ համար հատկապես գոհացուցիչ էր այն Երևանից դուրս՝ Գյումրու, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի մեր «Ամերիկյան անկյուններում» ներկայացնելու հանգամանքը։ Ես ինքս փորձել եմ անձամբ այցելել բոլոր «Ամերիկյան անկյունները», քանի որ ինձ հետաքրքիր էր տեսնել այս ցուցադրության հետ կապված արձագանքը մայրաքաղաքից դուրս։
Արձագանքն իմ ակնկալիքներից վեր էր։ Հազարավոր մարդիկ էին այցելում ցուցադրությունն այս չորս վայրերում, և հատկապես տպավորիչ էր երիտասարդների անկեղծ հետաքրքրասիրությունը։ Այցելուները պարզապես պասիվ դիտելու չէին գալիս։ Երիտասարդները, համայնքի բնակիչները եռանդուն զրուցում էին ինձ հետ Միացյալ Նահանգների անցած ազատության ուղու մասին, հետաքրքիր հարցեր էին տալիս և զուգահեռներ անցկացնում Հայաստանի պատմության ու հավակնությունների միջև։
Ինչ վերաբերում է «Ամերիկյան անկյուններին», ես դրանք համարում եմ մարզերում գործող մեր ամենավստահելի հաստատությունները։ Դրանք սոսկ գրադարան կամ ծրագրային տարածք չեն․ դրանք ուսումնառության ու սովորելու կենտրոններ են Գյումրու, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի դպրոցականների ու երիտասարդների համար, որտեղ նրանք ջերմ ու հյուրընկալ միջավայրում կարող են ուսումնասիրել պատմություն, մշակույթ և բացահայտել կրթական հնարավորություններ։ Կապանում, որն այնքան մոտ է սահմանին, այս վստահությունն ավելի մեծ կշիռ ունի, ու «Ամերիկյան անկյան» ներկայությունն ինքնին փաստում է այս և հարակից համայնքներում Միացյալ Նահանգների տևական ներգրավվածության մասին։
Այս ցուցադրությունը «Ամերիկյան անկյուններում» ինձ համար մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ այստեղ սոսկ ամերիկյան պատմություն չեն սովորեցնում, այլ օգնում են ընդլայնել մտահորիզոնը և զարկ տալ երկկողմ բովանդակալի շփումներին։ Դա է իրական արժեքն ու կարևորությունը․ ոչ թե պարզապես մարզաբնակ երիտասարդներին ներկայացնել Ամերիկայի պատմությունը, այլ նրանց համար ապահովել մի վայր, որտեղ կարող են հարցեր տալ, տեսակետներ ձևավորել և ազատության ու ինքնորոշման շուրջ առավել ընդգրկուն խոսակցության մաս դառնալ։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից





















































