Երեկ ԱԺ-ում եղած միջադեպին անդրադառնալու կարիք չկա, քանի որ իրավիճակը հարթվել է․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ իրենք որոշել են չանդրադառնալ դրան։
Ասաց՝ դեմ է ԱԺ-ն անձնական վիրավորանքների հարթակի վերածելուն, հանրության շրջանում մոտեցումների փոփոխություն պետք է բերի գաղափարների բախումը, այլ ոչ թե ցածրորակ բառապաշարով վիրավորանքները։
Պատասխանելով Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածության մասին հարցին և դիտարկմանը, թե ՔՊ-ն ի՞նչ դիրքորոշում կունենա, Նարեկ Կարապետյանն ասաց, որ ինքը բարձր է գնահատում Արամ Վարդևանյանի պրոֆեսիոնալիզմը, դիվանագիտական մոտեցումն ու ինստիտուցիոնալ տեսլականը Ազգային ժողովի զարգացման վերաբերյալ։ Ըստ նրա՝ Վարդևանյանը, որպես բարձր որակավորմամբ իրավաբան, հիմնականում աշխատելու է օրենքների լավարկման վրա։ ՔՊ-ի դիրքորոշման մասին էլ ասաց՝ կարծում է, յուրաքանչյուր պետության համար կարևոր է նման մասնագետ ունենալը։
Լրագրողի տարակուսանքին՝ Արամ Վարդևանյա՞նը պետք է «ցրի» ԱԺ-ն, քանի որ Արամ Վարդևանյանն իր ելույթում հայտարարում էր, թե այս խորհրդարանը երկար կյանք չունի, իսկ Նարեկ Կարապետյանը խոսում է արդյունավետ աշխատանքի մասին, Նարեկ Կարապետյանը պատասխանեց՝ բոլորի աշխատանքի արդյունքում են ձգտելու հասնել քաղաքական փոփոխությունների։
Կարդացեք նաև
Ասաց՝ ամեն ընտրությունից հետո իշխանական պատգամավորների քանակը նվազում է, և եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, մի օր այս իշխանությունը կավարտվի։
Ինչ վերաբերում է ռուսական պատժամիջոցների և սահմանափակումների ազդեցությանը, Նարեկ Կարապետյանը համոզված է՝ խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Կարծում է՝ «տնտեսական խաղաղության» հասնելու կարևորությունը գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ ԱԺ հանձնաժողովներում լայն քննարկումների առարկա պետք է լինի՝ լուծումներ առաջարկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































